Գնաց երկրապահների մոտ՝ թողնելով պատգամավորության փափուկ աթոռը

Սամվել Շահմուրադյան
Փետրվարի 25-ին լրացավ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի արծիվներից մեկի՝ Սամվել Շահմուրադյանի 60-ամյակը:
Սամվել Շահմուրադյանը 1980 թվականից մինչև իր կյանքի ավարտը՝ 1992 թվականը, եղել է Գրողների միության հետ, «Литературная Армения» ամսագրում:
«Սամվել Շահմուրադյանն այն աղբյուրն է, որն ամենից հավաստի տվյալներ էր բերում Սումգայիթից: Նա անընդհատ անհետանում, հանկարծ բացակայում էր Գրողների միությունից. մեկ էլ տեսնում ես հայտնվեց»,- հիշեց Պետրոս Դեմիրճյանը:
«Նա մղձավանջային աշխատանք էր անում, որը կարող էր անել միայն ֆանատիկ ինքնազոհ մարդը: Նա ամեն ինչ դրեց մի կողմ և հայտնվեց այդ գործի մեջտեղում: Սումգայիթյան ցավը տեսած մարդու հայացքով մտել էր շարժման մեջ` մի կարևոր գործ անելու Հայաստան երկրի համար»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Սամվել Շահմուրադյանը զենքը ձեռքին գնացել էր պաշտպանելու Արցախի Սրբության Սրբոց վանքը՝ նշանավոր Գանձասարը: Նա իր վերջին գիշերը մեկ առ մեկ գրել էր Վաղուհասի ճակատամարտի բոլոր մահապարտների անուն ազգանունները: Սամվելը չգիտեր ով ողջ կմնա, և ով պիտի զոհվի: Նա հաջորդ օրը զոհվեց ականից: Նրա հետ զոհվեց նաև իր ընկերը, ով նետվել էր փրկելու վերջինիս:
«Սամվելի՝ հատկապես Գանձասարը պաշտպանելը շատ խորհրդանշական իմաստ ունեցավ, որովհետև այնտեղ նա միայն մարտիկ չէր: Նա կազմակերպեց, որ բոլոր այն մահապարտները, ովքեր կնքված չէին, հենց վանքում կնքվեին նախքան Վաղուհասի ճակատամարտը»,- պատմեց Գրիգոր Ջանիկյանը: «Նրա հայրենասիրությունը զգացվում էր միանգամից, երբ նա խոսում էր, հայրենասիրական մի զարմանալի ուժ կար նրա մեջ: Բացառիկ մարդ էր»,- ասում է Գևորգ Ատրյանը: «Սամվել Շահմուրադյանը միշտ գրանցում էր ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ Խորհրդային բանակի կողմից արված բոլոր դաժանությունները, բռնությունները, սպանությունները, սակայն հասավ մի պահ, որ ինքը եկավ այն գիտակցության, որ պետք չէ միայն արձանագրել, թե մեզ հետ ինչպես են վարվում, այլ պետք է թույլ չտալ այդ անել: Եվ այդ ճանապարհն անխուսափելիորեն տարավ դեպի զենքի ճանապարհ»,- հիշում է Վարդան Դևրիկյանը:
«Նա մարդ էր, գրող, հրապարակախոս, պատգամավոր, ով եկավ առաջին գծում զոհվեց, որպես ազատամարտիկ»,- ասաց Արամ Առաքելյանը՝ Սամվել Շահմուրադյանի մարտական ընկերը, հիշելով, որ Վազգեն Սարգսյանը, Պարգև Սրբազանը, ընդհանուր հրամկազմը առանձին-առանձին համոզում էին նրան մարտի դաշտ չմտնել: Սակայն ոչ մեկը չկարողացավ համոզել:
Վազգեն Սարգսյանի տեղակալ, ֆիդայական ջոկատների հյուսիսային ճակատի ղեկավար, մարտական ընկեր Գևորգ Բաղդասարյանը պատմեց Սամվելի բացառիկության մասին:
Ի դեպ, հայ կանայք հենց նրան են պարտական պատգամավորության ժամանակ Ապրիլի 7-ը մայրության տոն հռչակելու համար:

Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։