Անցյալ դարի 70-ականներին «Գրական թերթը» 60-ականների երիտասարդ բանաստեղծների սերնդին հրավիրեց բանավեճի, հնարավորություն ընձեռելով պաշտպանելու իրենց ստեղծագործության տեսակը, երբ ոմանց կարծիքով նրանց բանաստեղծությունները ոչ թե նոր խոսք, այլ պարզապես արևմտյան գրականության անհաջող պատճենումներ են, կտրված իրականությունից և ազգային խնդիրներից: Ինքս էլ բանավեճին մասնակցեցի բավականին ծավալուն հոդվածով:
Հոդվածի հայտնվելը «ԳԹ»-ում հիշարժան էր նրանով, որ մինչ այդ թերթում ինձանից տող իսկ չէր տպագրվել, և միանգամից նման ծավալուն հոդված: «Գրական թերթում» տպագրվելը վավերացնում էր ոչ միայն գրական ընտանիքի լիիրավ անդամ լինելու փաստը, այլև, որն ամենակարևորն է, ճանաչելի էր դարձնում նրան ընթերցողների լայն շրջանակին: Այն տարիներին թերթի տպաքանակն անցնում էր 70 հազարից, և անգամ նման տպաքանակի դեպքում, եթե առավոտյան չհասցնեիր թերթը գնել, ապա ստիպված էիր «տակից» հավելավճարով ձեռք բերել:
Հետագայում, իհարկե, բանաստեղծական շարքեր, արձակ գործեր ու հրապարակախոսական հրապարակումներ ունեցա, սակայն բանավեճի իմ հոդվածը հիշարժան էր նաև նրանով, որ տեսական հոդված գրելու առաջին և վերջին փորձս էր:
Թերթը շատերի ստեղծագործական ուղու ուղեկիցն է եղել, և ոչ միայն գրողների, այլև մշակույթի այլ ներկայացուցիչների համար նույնպես: Խորհրդային տարիներին այն միակ մամուլն էր, որ կացնե գրաքննության պայմաններում իսկ, անդրադառնում էր հասարակական և պետական կյանքի բոլոր խնդիրներին՝ չխուսափելով անգամ խորքային քննադատություններից: Թերևս դա էր պատճառը, որ սիրելի էր աշխատավորից մինչև պաշտոնյա, գյուղացուց մինչև ֆինանսիստ, և շատերի համար ուրբաթը, այսինքն՝ թերթի լույսընծայման օրը վերածվում էր հաճելի ու լավատեսական ակնկալիքներով ակնթարթների:
Այսպես 90 տարի՝ ստալինյան ռեպրեսիաների, կոլեկտիվացման մղձավանջների, պատերազմի բոթերի, խորհրդային երկրի ավերակների, Հայաստան երկրի անկախության, Արցախյան հաղթանակների միջով, մինչև մեր օրերը: Եվ ոչ մի շրջանում չդավաճանեց իր սկզբունքներին, չհրաժարվեց իր լույսի գերակայության դավանանքից: Միակն էր, որ պահպանեց անունը. «Գրական թերթ» էր, նույն անվանումով էլ շարունակում է իր առաքելությունը:
Ժամանակները փոխվել են, աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհի մեջ մշակույթը, վստահ եմ, ժամանակավորապես կորցրել է հասարակության հոգևոր կյանքի կարևոր ուղենիշը լինելու երբեմնի ազդեցիկ ուժը: Այս իրավիճակում էլ՝ 90-ամյա, սակայն հավերժ երիտասարդ «Գրական թերթն» իր գոյությամբ ժխտում է «ոգու սովի» տարբերակը, հավատալով և հավատացնելով, որ լավագույն ժամանակներն առջևում են:
Ուրեմն բարի երթ մեր հոբելյարին և մաղթանք, որ նրա ընթացքը կիրակիներ չունենա: