ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԳՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ,
Սույն գրությանը կից Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարում ընտրված ՀԳՄ նոր վարչության Հայտարարությունը՝ հանրապետության գրական կյանքի հետագա բարելավմանն ուղղված համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
Ձեր ելույթներից հայտնի է, որ Դուք մեծ կարևորություն եք տալիս հանրության շրջանում ընթերցանության խթանմանը, ժամանակակից գրականության տպագրությանն ու տարածմանը, հասարակության մեջ գրողի, գրքի դերի և արժեքի բարձրացմանը՝ ի նպաստ ազգային նվիրական նպատակների կենսագործման, պետություն-ժողովուրդ կապի ամրապնդման, արդարության ու ճշմարտության սկզբունքների իրագործման: Ըստ այդմ՝ հայտնում ենք, որ ՀԳՄ հրատարակչությունը և ՀԳՄ անդամները պատրաստակամ են տրամադրելու վերջին տարիներին իրենց հրատարակած գրքերից՝ կառավարության անդամներին նվիրելու համար:
Մեծարգո պարոն վարչապետ,
Հաջողություն ենք մաղթում Ձեր բոլոր ազգաշահ նախաձեռնություններին և ուրախ կլինենք ստանալու Ձեր պաշտոնական արձագանքը ՀԳՄ վարչության Հայտարարության վերաբերյալ:
Հարգանքով` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տարիներին Հայաստանի գրողների միությունը (նախագահությունը, վարչությունը) բազմիցս անդրադարձել և պետական պատկան մարմինների (ՀՀ կառավարության, մշակույթի, կրթության և գիտության, Սփյուռքի և այլ նախարարությունների) ուշադրությունն է հրավիրել արդի գրական կյանքի բարելավմանն ուղղված մի շարք հարցերի: Մասնավորապես, կարևորվել է՝
ա) ժամանակակից գրողի հանրահռչակման, լավագույն ստեղծագործությունների տպագրության, թարգմանության ու տարածման (այս ոլորտում նախկինում գործող պետական աջակցության ծրագրի հնարավորինս վերականգնման),
բ) հանրապետության Զանգվածային լրատվամիջոցներով ժամանակակից գրական կյանքին՝ գրողի ստեղծագործական կենսագրությանը, ստեղծած արժեքներին, գրականության զարգացման միտումներին նվիրված հաղորդումների, քննարկումների, անդրադարձների խրախուսման,
գ) լեզվական անաղարտության պահպանման,
դ) կրթական ծրագրերում և դասագրքերում ժամանակակից գրականության ընդգրկվածության ավելացման,
ե) կրթական հաստատություններում գրական մամուլի (հատկապես դպրոցներում մանկապատանեկան թերթերի ու հանդեսների) բաժանորդագրության,
զ) Հայրենիք-Սփյուռք գրական կապերի առավել սերտացման,
է) ՀՀ պաշտպանության նախարարության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության, համատեղ ծրագրերի շարունակման և այլ հիմնահարցերի լուծմանը նպաստելու խնդիրը:
Նշված հիմնախնդիրները բարձրացվել և շեշտադրվել են նաև ՀԳՄ 19-րդ համագումարում՝ ՀԳՄ նախագահի հաշվետու զեկուցման մեջ, գրողների ելույթներում: Նկատի առնելով վերոհիշյալ հիմնախնդիրների հրատապությունը՝ ՀԳՄ նորընտիր վարչությունը մեկ անգամ ևս դիմում է ՀՀ կառավարությանը, մշակույթի, կրթության և գիտության, Սփյուռքի և այլ նախարարությունների, ԶԼՄ-ների ղեկավարությանը՝ արծարծված հարցերի շուրջ մասնագետների և ճանաչված, վաստակաշատ գրողների մասնակցությամբ, համատեղ քննարկումներ կազմակերպելու առաջարկով՝ համագործակցության ճանապարհով ժամանակակից մեր գրականության զարգացմանն ուղղված նշված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Հայաստանի գրողների միության վարչություն
Հարգելի պարոն Միլիտոնյան,
Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին հասցեագրված 2018 թվականի հունիսի 20-ի N 48 և ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, պաշտպանության, Սփյուռքի նախարարություններին վերահասցեագրված գրության՝ ողջունում ենք Հայաստանի գրողների միության պատրաստակամությունն ու առաջարկները՝ ուղղված գրական կյանքի աշխուժացմանն ու հայ ժամանակակից գրականության հանրահռչակմանը:
Տեղեկացնում ենք, որ ՀԳՄ վարչության հայտարարության մեջ արծարծված խնդիրներն ու հայեցակարգերը ՀՀ մշակույթի նախարարության գրական քաղաքականության օրակարգում են:
ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության, Սփյուռքի նախարարությունների պատասխան-նամակները կցվում են:

Վահե ԲՈՒԴՈՒՄՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Հարգելի տիկին Մակունց,
Ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 6-ի N 02/14.9/23372-18 գրությամբ ստացված հանձնարարականի՝ Հայաստանի գրողների միության վարչությանն առաջարկում ենք արդի գրական կյանքն ակտիվացնելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ՀԳՄ անդամ հանդիսացող գրողների և գրականագետների ցանկ, որում ներառված անձինք, նախապես համաձայնեցված ժամանակացույցով կհրավիրվեն հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ մասնակցելու պարբերաբար կազմակերպվող բաց դասերին, մեծարման երեկոներին, բազմաբնույթ ուսուցողական հանդիպումներին և քննարկումներին:
Հավելենք նաև, որ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքային պլաններում կներառվեն Հայաստանի գրողների միության վարչության հայտարարությունից բխող նոր ծրագրեր և միջոցառումներ:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ-ում գործող արտադպրոցական, կրթադաստիարակչական հաստատություւնների սաները մշտապես մասնակցել են դպրոցականների շրջանում ընթերցանության խթանմանը նպաստող «Մանկական գրքի միջազգային օր», «Պոեզիայի համաշխարհային օր», «Գիրք նվիրելու օր», «Ընթերցանության օլիմպիադա», «Գրքի երևանյան փառատոն» և այլ լրացուցիչ կրթադաստիարակչական ծրագրերին ու միջոցառումներին:
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար

Հարգելի տիկին Մակունց,
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 6-ի N 02/14.9/23372-18 գրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնասիրվել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի դիմումը:
Ի դեմս Հայաստանի գրողների միության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի վստահելի գործընկեր: Շատ կարևոր է բանակի շուրջ մտավորականության համախմբումը, ինչպես նաև բանակին ու զինծառայությանն առնչվող համատեղ ծրագրերի շարունակականությունը:
Ուստի արձագանքելով Հայաստանի գրողների միության վարչության հայտարարությանը՝ հայտնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է իր իրավասության և հնարավորության սահմաններում շարունակել համագործակցությունը:
Դավիթ ՏՈՆՈՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Հարգելի տիկին Մակունց,
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ Հայաստանի գրողների միության վարչության հայտարարությունը քննարկելու հանձնարարականի՝ տեղեկացնում ենք, որ Սփյուռքի նախարարությունը ս.թ. օգոստոսի 2-ի N14.2/1696-18 գրությամբ արդեն իսկ պատասխանել է դիմողին:
Նախարարությունը, բարձր գնահատելով Հայաստանի գրողների միության հետ համագործակցությունը, միաժամանակ կարևորել է Հայաստան-Սփյուռք գրական կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը և պատրաստակամություն հայտնել իր առաջնահերթությունների շրջանակներում քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ Սփյուռքի նախարար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։