«Եվ իր տողը թողեց գրականության մեջ» / ԳՄ Կլոր սրահում նշվեց Արշալույս Մարգարյանի 100-ամյակը

555

«Արշալույս Մարգարյանն այն բանաստեղծներից է, ովքեր դժվար տարիներ ապրեցին՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալական առումով, բայց կարևորն այն էր, որ այդ սերունդը պահպանեց իր բանաստեղծական հոգին գրական-մշակութային բոլոր ժանրերում: Այդ սերունդը կարծես լուսավորչական դեր ուներ՝ ներշնչող հատկություն բերելով մեր գրականությանը: Այդ շրջանում նա հեղինակություն ուներ, կարդում էին նրա գրքերը, հրապարակումները, և իսկապես նա գրականության մեջ երևացող բանաստեղծներից էր: Պիտի ասել նաև, որ ամուսնու՝ անվանի թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի հետ իրենց մասնակցությունն էին բերում և՛ թարգմանական գործին, և՛ բանաստեղծական արվեստի շարունակականությունն ապահովելու ընթացքին»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ Կլոր սրահում մայիսի 7-ին բացելով բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունը:
Գրականագետ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, ով ավելի քան երեք տասնամյակ եղել է Սիմոն Կրկյաշարյանի ընտանիքի հարևանը, ընդգծեց, որ հայրենադարձ Կրկյաշարյանը եղավ մեր մշակույթի խոշորագույն գործիչներից, թեև Սփյուռքում լինելով կոմունիստ, հայրենիքում բավականին հալածվեց կոմունիստներից: «Իսկ ինքը՝ բանաստեղծուհին, թեև Վանում չէր ծնվել, բայց Արտամետի գործոնը մշտապես ներկա է պահել իր պոեզիայում («Արտամետի այգի» բանաստեղծությունների ժողովածուն և այլն): Նաև շատ էր սիրում նկարել ջրաներկով: Եվ գուցե դրանից է, որ նրա պոեզիայում ջրաներկի շունչ կա՝ մաքուր, թեթև, զրնգուն… Նա կարողացավ բարդ ժամանակների մեջ պահպանել իր քնարական ձայնը, իր ձայնի մաքրությունը, անկեղծությունը և իր տողը թողեց մեր գրականության պատմության մեջ: Նա մոռացվող հեղինակ չէ»,- ասաց հռետորը:
Արշալույս Մարգարյանի մասին խոսք ասացին նաև արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը, բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանը, բանաստեղծ, արձակագիր Զարմանդուխտը, բանասեր Արմենակ Ղազինյանը: Հանդիսությունը ամփոփիչ խոսքով եզրափակեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, իսկ գրողի որդին՝ Արտաշես Կրկյաշարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մոր հիշատակը հարգելու համար:
Արշալույս Հակոբի Մարգարյանը (1914-2008 թթ.) ծնվել է Թիֆլիսում, Վանից գաղթած ընտանիքում: Ավարտել է տեղի թիվ 73 հայկական դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մեկ տասնյակից ավելի ժողովածուների հեղինակ է: Մոսկվայում և Երևանում լույս են տեսել նաև նրա գրքերը՝ ռուսերեն թարգմանությամբ:

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։