Նոյեմբերի 14-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական լիանիստը՝ «Ժամանակակից հայ պոեզիայի հիմնախնդիրները» թեմայով:
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ միջոցառման նախապատրաստական փուլում ՀԳՄ նախագահությունը ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի համապատասխան բաժիններին առաջարկել է զեկուցումներ ներկայացնել արդի հայ պոեզիայի վիճակի վերաբերյալ: ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանը նախընտրել է իր զեկուցումը հրապարակել նախօրոք` «Ի՞նչ է բանաստեղծությունը (մտորումներ չափանիշների մասին»), («ԳԹ», թիվ 35):
ՀԳՄ նախագահը, մաղթելով շահագրգիռ քննարկումներ լիանիստի ընթացքում, ներկայացրեց օրվա բանախոս ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, գրականագետ Սուրեն Աբրահամյանին` ընդգծելով, որ ներկայացված զեկուցումները նախագահությունում չեն քննարկվել` թույլ տալով բանախոսներին ազատորեն արտահայտելու իրենց հեղինակային դիտարկումները:
Սուրեն Աբրահամյանն իր վերլուծականում ընդգրկել էր հայ ժամանակակից բանաստեղծական հունձքը` 60-ականներից մինչև մեր օրերը, առանձին հեղինակների ստեղծագործությունների վերլուծականով փորձելով ներկայացնել հայ պոեզիայի խնդիրներն ու զարգացումները: Զեկուցմանը հաջորդեցին մասնակիցների ելույթներն ու քննարկումները:
Ս. Աբրահամյանի զեկուցումը և ելույթները կտպագրվեն «Գրական թերթի» հաջորդ համարում: