ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՄԱՐԴ, ՈՒՄ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՍ

IMG_0825
Հունիսի 7-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ Ռուբեն Հովսեփյանը շուրջ հիսուն տարի գրական միջավայրում իր ստեղծագործություններով, մարդկային կերպարով, ելույթներով, թարգմանություններով հաստատել է բարձր գոյության կնիքը, վստահեցրեց, որ նրա պատմվածքները հայ արձակի հրաշալի կտորներ են և հավերժ կմնան հայ գրապատմության մեջ: «Նրա կերպարի մեջ հավերժությունից մի հզոր կտոր կար, որը լավագույնս արտահայտվեց նրա պատմվածքներում, որոնք ունեն հսկայական խորքեր, բազմաշերտ են, անսպասելի՝ ներքին ծալքերում, արտաքին փայլից զուրկ, և ամբողջը ապրումներ, ենթագիտակցական շարժեր, պատկերվածին համարժեք հրաշալի հայերեն»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ շեշտելով, որ նրա արձակում և նրա մարդկային բնույթի մեջ նկատելի էր եռամեծարություն՝ ընտանիք, հայրենիք, մարդկություն: Ապա արժևորելով Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը» վեպերի թարգմանությունը, որոնք ասես բնագրից թարգմանված լինեն, ՀԳՄ նախագահն ընդգծեց. «Կարևորը այստեղ համոզիչ հայերենն է՝ հզոր, հրաշալի, ոսկեղենիկ հայերենը»:
Արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը, երանի տալով նրանց, ովքեր կարող են ասել՝ Ռուբենն իմ ընկերն էր՝ ոչ թե հաճախակի միմյանց հետ հաց կիսելու առումով, այլ ընկեր՝ իբրև գրական, իբրև մարդկային ներկայություն, անդրադարձավ Ռ. Հովսեփյանի կինեմատոգրաֆիական ներկայությանը: Նա նկատեց, որ Ռ. Հովսեփյանի գրականության մեջ նրա սիրելի կերպարները մետաֆիզիկական գոյությամբ կա՛մ երեխաներն են, կա՛մ ծերունիները, որովհետև նրանք առավել մոտ են երկնքին, երեխաները մաքրություն են, ծերունիները՝ իմաստություն, և նրա գրականությունը այդ երկու ակունքների վրա է: «Լինելով մասնագիտությամբ երկրաբան՝ երկրաբանի հայացքով էր նայում կյանքին, պատմությանը, գրականությանը: Նրա հայացքները ուղղված էին դեպի ընդերքները, այսինքն՝ արժեքային համակարգը»,- վստահեցրեց Դ. Մուրադյանը և խորհրդանշական համարեց Սոս Սարգսյանի և Ռուբեն Հովսեփյանի՝ որպես ժամանակի ծանրությունը և ժամանակի պատասխանատվությունը իրենց վրա վերցրած մտավորականների ընկերությունը, բարեկամությունը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, խոսելով Ռ. Հովսեփյանի ստեղծագործական էության, մարդկային հատկանիշների մասին, նշեց, որ գրողի ստեղծագործական հավատամքը, որը վկայում է նաև նրա՝ որպես գրողի ստեղծագործական մտածողության, անհատականության մասին, հետևյալն է՝ «Ես հեքիաթներ եմ հորինում և պատմում: Ես տեսնում եմ այդ հեքիաթները»: Այսինքն՝ հոգու աչքով տեսնելու հատկություն ուներ Ռ. Հովսեփյանը և առաջին հերթին հոգու ընդերքն էր ուզում պեղել: Ապա անդրադառնալով Ա. Բակունց – Ռ. Հովսեփյան առնչություններին՝ Պ. Դեմիրճյանը նկատեց, որ հողին, երկրին, հայրենիքին, ժողովրդի պատմությանը կապված խորքային գրողներն իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում գալիս-հանգում են Խաչատուր Աբովյանին: «Հետաքրքիր օրինաչափություն է: Դեպի Խ. Աբովյանը գնացին Չարենցը, Բակունցը, Ռ. Հովսեփյանը, և ցավոք, Խ. Աբովյանին հանգում են այն ժամանակ, երբ չեն կարողանում ամբողջացնել գործը, կյանքը չի հերիքում»,- ասաց նա: Եվ երրորդ կետը, որին անդրադարձավ Պ. Դեմիրճյանը՝ «Հեքիաթ եմ հորինում, գրում, տեսնում, բայց, ցավոք սրտի, աշխարհում հեքիաթները մեծ մասամբ չեն իրականանում»: «Նրա ստեղծագործության ողջ պոտենցիալը, իմ կարծիքով, ուղղված էր հեքիաթը իրականություն դարձնելուն»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ Ռ. Հովսեփյանի ստեղծագործությունները պետք է թարգմանվեն օտար լեզուներով և գնահատվեն գիտական ուսումնասիրություններով:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, 20-21-րդ դարի հայ արձակի պատմության մեջ երևույթ համարելով Ռ. Հովսեփյանի արձակը, ուշադրություն դարձրեց նրա վերնագրերին, որոնք հայկական խորհրդանիշեր են՝ ծիրանը և որդան կարմիրը: «Նրա առաջին, ամենակարևոր վիպակը կոչվեց «Որդան կարմիր», իսկ «Ծիրանի ծառերի տակ»-ը, որը խիստ ճշմարտացի պատկերել է մեր խնդիրները, արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին»,- նշեց Ա. Դոլուխանյանը՝ շեշտելով, որ Ռ. Հովսեփյանն աչքի էր ընկնում բացառիկ կրթվածությամբ, զարգացածությամբ ու բարձր բարոյականությամբ:
«Հոգու հուրքերով ջերմացնող բացառիկ բարություն ուներ, ում արմատները գալիս են ապրած կյանքի ազնիվ ակունքներից»,- ասաց արձակագիր Ռաֆայել Սահակյանը և հավելեց. «Նա կյանքը խորքերից էր քննում, խոսքը չափավոր էր, նժարի բերված, կարողանում էր հմայել դիմացինին, տանել իր աշխարհը, երբեք խստահայաց չէր, եղածն էլ ծածկում էր լուսեղ ժպիտի տակ»: Ռ. Սահակյանի հավաստմամբ՝ Ռ. Հովսեփյանը ճանաչվեց իր գողտրիկ պատմվածքներով, վիպակներով, սրտամոտ ասք ու պատումներով, Հայ Դատին և ազգային խնդիրներին նվիրված հրապարակախոսությամբ, ինքնատիպ ու բացառիկ թարգմանություններով:
Արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, վստահեցնելով, որ Ռ. Հովսեփյանը գրականություն մտավ որպես կայացած գրող, ընդգծեց. «Ռուբենի բառը կատարյալ էր լեզվի իմացությամբ, խորությամբ: Բացարձակ գրական արժեք էր այն ամենը, ինչ ստեղծում էր Ռուբենը՝ արձակ, չափածո, հրապարակագրություն»: Ըստ Գ. Ջանիկյանի՝ Ռ. Հովսեփյանը մի տողից, մի էջից կարող էր զգալ՝ հեղինակը գրող է, թե ոչ, և ուշադիր էր նոր հեղինակի նկատմամբ, եթե գրական որևէ հույս էր ներշնչում: «Այն մարդկանցից է, ում կարոտում ես»,- նկատեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ շեշտելով, որ Ռ. Հովսեփյանի գիրը մարդուն մարդ պահող գիր է:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծ, դրամատուրգ Հրանտ Մարգարյանը (ԱՄՆ), «Համազգային» հայկական կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը, արձակագիր, բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը:
Ռուբեն Հովսեփյանի «Մեր պապերը» պատմվածքը կարդաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը:
Ցերեկույթը վարում էր Գայանե Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։