Ապրել մանուկների կյանքով

Դեկտեմբերի 12-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ Անահիտ Թարյանի գրական գործունեությանը նվիրված գրական ցերեկույթ և «Գիտնական իշուկը» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բազմաթիվ գրքերի հեղինակ Անահիտ Թարյանին, ով դեռևս ուսանողական տարիներից տպագրվում էր «Պիոներ կանչ»-ում և այլ հանդեսներում, նշեց, որ, ի տարբերություն հաճախ միայն դաստիարակչական բնույթ ունեցող մանկական բանաստեղծությունների, Թարյանի գործերը երեխաների նման զվարթ են, գեղեցիկ, սրամիտ և երևակայությամբ հարուստ: «Այսօր երեխաները սիրով կարդում են նրա բանաստեղծությունները»,- ասաց ՀԳՄ նախագահը և Ա. Թարյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով:
Ըստ Անուշ Վարդանյանի՝ «Անահիտ Թարյանը կարողանում է մանուկների հոգին ընթերցել, նորովի բացել, նոր կերպարներ ստեղծել: Երեխաների համար պետք է գրել ինչպես մեծերի համար, բայց ավելի լավը, և բանաստեղծուհին հենց այդպես էլ վարվում է»: Շեշտելով, որ մանկական գրքերը ձևավորելը բարդ է ու կարևոր, քանի որ այն պետք է հրապուրի երեխաներին, Ա. Վարդանյանը գնահատեց Մարգարիտ Փարեմուզյանի աշխատանքը, ով ձևավորել է գիրքը՝ կարողանալով ընթերցել բանաստեղծի միտքը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Թարյանի բանաստեղծությունները համարելով արդիական, անդրադարձավ նրա «Ես քո զինվորն եմ, Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուին՝ նշելով, որ գրքույկի ընտրված չափը նպատակ ունի տեղավորվել զինվորի գրպանում, որպեսզի նաև սիրտը պահի:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Անահիտ Թարյանը:
Ա. Թարյանի բանաստեղծությունների հիման վրա գրական կոմպոզիցիա ներկայացրին գրադարանի ընթերցողները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։