1. Հավանաբար մտածող կգտնվի, թե հիմա որևէ խոշոր իրադարձության անուն կտամ` Հայաստան-ԵՄ համաձայնագրի կամ այլ ինչի մասշտաբով… Ո՛չ, հարգելիներս: Ինձ համար «կարևոր» բառը տրված հարցում ունի այլ ընդգրկում: Կարևորը, ոչ հազվադեպ, թաքնված է լինում նաև «փոքր խեցու» մեջ` ինչպես մարգարիտը: 2017-ի ամենակարևոր իրադարձությունն իմ աչքին «Շարղ» օրաթերթի հարցազրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի պատասխանն էր Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինիի` այսպես կոչված, ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման դեպքում որոշ տարածքների հնարավոր վերադարձմանն առնչվող հարցին. «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք` դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ` Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն` Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն` մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»:
Գաղտնիք չէ, որ բանակցություններում «փոխզիջման» կոնցեպցիայի տակ Ադրբեջանն իրականում մեր կողմից հարկադիր զիջմա՛ն թաքուն հույս է փայփայում: Դրա անհնարինության մասին, այո՛, ժամանակին արտահայտվել է ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը` ասելով Արցախը զիջման ենթակա տարածք չունի, բայց ԱԳ ղեկավարի մակարդակով գերատեսչության ներկայի՛ս նախարարի խոսքը, համաձայնեք, լուրջ քայլ է դեպի առաջ, քանզի, փաստորեն, ոչ մի տարընթերցման տեղ չթողնելով, աննախադեպ պարզ ու «մանրամասն» ներկայացնում է բանակցային գործընթացի վերջնարդյունքում Արցախին դե-յուրե տրվելիք կարգավիճակը ո՛չ թե նախկին ԼՂԻՄ-ի, այլ Արցախի այժմյան Հանրապետության սահմաններով…
2. Ձեր երկրորդ հարցին կարճ կպատասխանեմ. 2017 թվականը կոնկրետ ես անցկացրել եմ «կարևոր» չափանիշին համապատասխանող մշակութային իրադարձության… սպասման մեջ:
3. Եթե թույլ կտաք, նախ կհայտնեմ ինձ համար նույնպես կարևոր մասնավո՛ր իրադարձության մասին. թոռս` Արամը, ընդունվել է Ամերիկյան համալսարան` կազմելով ընտանիքիս «ուսանողական եռանկյունին». ԵՊՀ-ում էլ սովորում է Անին, Ստեփանակերտի բուհում` Ռադմիլան:
Իսկ հիմա` Ձեր հարցի ուղիղ պատասխանը: Տասնյակն անցած գրքերիս 2017-ում, տառացիորեն օրերս, գումարվել է «Երկնքի ու երկրի միջև» բանաստեղծական ժողովածուն: Այնպես որ, շատ էլ դժգոհ չեմ իմ բաժին 2017-ից: Բայց… գիտե՞ք, թե ամենա՛-ամենակարևոր իրադարձությունը կամ փաստը որը կհամարեի. եթե անցնող տարում սահմանին զինվոր զոհված չլիներ, բարձրացված լինեին աշխատավարձերն ու կենսաթոշակները, բացված լինեին պատկառելի թվով աշխատատեղեր…