Քնարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ / ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կերպարվեստի հավաքածուն վերջերս համալրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի՝ հայ գրողներ Հովհ. Թումանյանի, Վ. Տերյանի, Դ. Վարուժանի, Հ. Սահյանի, Խ. Դաշտենցի, Հր. Մաթևոսյանի, Մ. Գալշոյանի, Ա. Շեկոյանի և Հր. Սարուխանի դիմանկարներով։ Փետրվարի 9-ին, ոչ պատահական զուգադիպությամբ, Վահան Տերյանի ծննդյան օրը թանգարանում տեղի ունեցավ այդ աշխատանքների ցուցահանդեսի բացումը և նկարչի հետ հանդիպումը։

Միջոցառումն առիթ էր անդրադառնալու ծնունդով թալինցի, Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ (1976), նույն ուսումնական հաստատության դասախոս (1978), պրոֆեսոր (1992), կերպարվեստի ֆակուլտետի դեկան (1995) Էդիկ Վարդանյանի ստեղծագործական ու մանկավարժական գործունեությանը։ Արվեստասեր հանրությունը նրա ստեղծագործություններին ծանոթ է Հայաստանի ազգային պատկերասրահում և Նկարիչների միությունում կազմակերպված անհատական (1999, 2003, 2006, 2011, 2016) և հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսներից։

Էդիկ Վարդանյանը մեկն է 1970-ական թվականների առաջին կեսին հայ կերպարվեստի անդաստան մտած արվեստագետներից, որոնք ընթացան գեղանկարչության մեջ նոր թեմաների և կերպավորման արդի ձևերի որոնման ճանապարհով։ Նկարչի վաղ շրջանի աշխատանքներում արդեն նկատվում է ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը, ուր հայրենի երկրի ու մարդու անքակտելի կապի, ներդաշնության ընկալման և մեկնաբանման նոր ու ինքնատիպ կերպավորումն արտահայտվում է ուրույն գեղանկարչական լեզվով։ Էդիկ Վարդանյանի կտավներում անցյալն ու ներկան՝ շաղախված հայրենի բնաշխարհի նվիրական մոտիվների («Կարոտ», 1993, «Կարմիր օր», 1995, «Աշնան վերջին օրը», 2005), տարիների ընթացքում հղկված ու բյուրեղացած մանկության հուշերի («Փողոց Թալինում», 1993, «Գյուղում», 2000, «Ցորեն են չորացնում», 2010), նկարչի անուրջների, հեքիաթային ու առասպելական («Տեսիլք», 1992, «Կարոտի ճամփորդը», 2003, «Հեթանոսի երազը», 2003) պատկերներով, ներդաշնակ ապրում են կողք կողքի՝ շրջանցելով ժամանակի ու տարածության չափումների սահմանները։ Տարբեր ժանրի հորինվածքներում երկնքի լազուրում ճերմակին տվող գագաթներով բիբլիական Արարատի, գյուղական տան, մուգ կապույտ գունաբծերով հարստացված սաղարթախիտ ու հաստաբուն ծառի, սպիտակազգեստ սրնգահար հրեշտակի, սիրամարգի, աքաղաղի, հրեղեն հավքի, սպիտակ գառան, ինչպես նաև ընդհանրացված ձևերով ու ընդգծված ոճավորումով կանանց և տղամարդկանց ձյունաճերմակ պատկերները, որպես նկարչի խոհերի ու ապրումների մարմնավորումներ, ձեռք են բերում այլաբանական, խորհրդանշական բովանդակություն։ Այն արտահայտվում է հորինվածքի զուսպ ու լակոնիկ կառուցվածքի, լուսավոր ու վառ գույների հարթ քսվածքներով պայմանական միջավայրի պատկերման միջոցով և ամբողջացնում է նկարչի արվեստը բնորոշող քնարական պատումի, բարության ու կենսասիրության զգացումները։ Էդիկ Վարդանյանի նախասիրած ժանրերից է դիմանկարը։ Տարբեր տարիների ստեղծած աշխատանքներում տեսնում ենք անցյալի և նկարչի ժամանակակից գրողների, մշակույթի այլ բնագավառների նշանավոր գործիչների դիմանկարների շարք։ Հայ գրողների վերոհիշյալ նկարներին ավելացնենք նաև Ա. Ախմատովայի, Ս. Փարաջանովի, Մ. Մկրտչյանի, Ա. Բեքարյանի, Ա. Պապյանի դիմանկարները։ Նկարչի խոստովանությամբ՝ դիմանկարների շարքը ծնվել է նրանցից յուրաքանչյուրի հետ ամենօրյա ներքին զրույցի, նրանց խոհերի ու մտորումների շուրջ խորհրդածությունների, սերնդակից գրողների հետ ընկերության, շփումների արդյունքում։ Դիմանկարի դասական ավանդույթի պահանջներից հեռանալով՝ Էդիկ Վարդանյանն իր հերոսներին պատկերում է դեկորատիվ, վառ գույների խաղով կառուցված ֆոնի վրա, երբեմն հորինվածք է ներմուծում այլ աշխատանքներից ծանոթ և անհատի ներաշխարհը, խառնվածքը բնորոշող խորհրդանշական որևէ մանրամաս, որով ասես շարունակվում է երկխոսությունը նրանց հետ։

Նկարչի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասն է մանկավարժական գործունեությունը. շուրջ հիսուն տարի դասավանդում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայում, ղեկավարում գեղանկարչության արվեստանոցներից մեկը։ Եվ մասնագիտական հմտությունները, փորձն ու գիտելիքները, մշակութային այն ժառանգությունը, որ նա կրում է իր ներսում, սիրով ու նվիրումով փոխանցում է իր սաներին, որոնցից շատերն այսօր կայացած արվեստագետներ են։

 

Քնարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արվեստագիտ. թեկնածու, դոցենտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։