Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար

Հունիսի 2-ին Մշակույթի հայկական ֆոնդը և Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը կազմակերպել էին հանդիպում Հայաստանի գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հետ:
Ներածական խոսքում Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արև-շատ Ավագյանը նշեց, որ Պ. Դեմիրճյանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն գրական, գիտական, մշակութային ոլորտներով, այլև ընդգրկում են ազգային ու միջազգային հասարակական, քաղաքական, հումանիտար բնագավառների հարցեր:
Իր ելույթում, նկատի ունենալով, որ այս օրերին լայնորեն նշվում է Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155-ամյակը, Պ. Դեմիրճյանը հանգամանորեն անդրադարձավ նաև նորվեգացի մեծ հումանիստի ու հայասերի, խոշոր գիտնականի ու ազգային-քաղաքական գործչի կյանքին, հարազատ Նորվեգիայի ազատության ու անկախության համար մղած պայքարին, որը, ըստ նրա, խորքային զուգահեռներ է հայտնաբերում Արցախյան ազատամարտի հետ:
Այնուհետև, մտքերի փոխանակությունից հետո, Պ. Դեմիրճյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հրապարակեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Պետրոս Դեմիրճյանին Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով պարգևատրելու մասին:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։