Այն պահից, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ, թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհասփյուռ հայությունը մի բռունցք դարձավ ու լծվեց թիկունքն ամուր պահելու գործին: Այս պատերազմական օրերին որոշակի քայլեր արել և անում է նաև Հայաստանի գրողների միությունը. Գրողների Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները պատրաստ են եղել ընդունելու արցախցի կանանց ու երեխաներին։ Ծաղկաձորի ստեղծագործական տանն այսօր ապաստան են գտել ավելի քան 60 արցախցի մեր հայրենակիցները:
Ռազմական գործողությունների հետևանքով ռազմաճակատում վիրավորված զինվորներին, Արցախի բնակիչներին, մարտնչող զինվորներին և զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցելու նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանի գրողների միությունը: Մասնավորապես, Միության շենքին մերձակա «Նոր գիրք» գրախանութում թե՛ ՀԳՄ-ի, թե՛ գրողների հրատարակած գրքերը դրվել են վաճառքի, որից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Թարգմանչաց տոնի կապակցությամբ կազմակերպված ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրները մրցանակային գումարները փոխանցել են հիմնադրամին: Հիմնադրամին իրենց ներդրումն են ունեցել նաև անհատ գրողներ և ՀԳՄ աշխատակիցներ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ Գրողների միության գումարներից ամեն ամիս որոշակի գումար է փոխանցվելու հիմնադրամին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ