«Ի՞նչ է քո անունը» ռոմանտիկ կատակերգությունը՝ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի բեմում

Արդի հայ դրամատուրգների պիեսները շարունակվում են բեմադրվել

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական 170-ամյա թատրոնը, առաջնորդվելով այն սկզբունքով, որ առանց ազգային դրամատուրգիայի չկա ազգային թատրոն, պարբերաբար անդրադառնում է հայ ժամանակակից լավագույն թատերագիրների պիեսներին: Լեգենդար թատրոնում բեմադրվել են Գուրգեն Խանջյանի, Սամվել Խալաթյանի, Կարինե Խոդիկյանի և այլ հեղինակների պիեսներ: Այս անգամ թատրոնն անդրադարձավ միջազգային մրցանակների դափնեկիր, դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անունը» («Սե՞ր, թե՞ քուանշ») ռոմանտիկ կատակերգությանը, որը բեմադրվել է մի քանի այլ թատրոններում ևս: Ներկայացման բեմադրիչը և գլխավոր դերակատարը՝ Ալեքս Սաչյանը, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի արվեստանոցն է ավարտել: Բեմադրության նկարիչը Արտյոմ Անթանոսյանն է: Դերերում՝ Սվետլանա Թարխանովա, Սնեժանա Յագուբովա, Արթուր Գրիգորյան, Արեն Մկրտչյան և Արամ Հարությունյան:

Պ. Ադամյանի անվան թատրոնը տարիներ առաջ բեմադրել էր Է. Զոհրաբյանի «Ախ, այդ վհուկը» հեքիաթ-պիեսը  (ռեժ.՝ Արմեն Բայանդուրյան), իսկ այս պահին թատրոնի խաղացանկում ներառված է նույն հեղինակի «Տիկին Սիրանույշ» դրաման (ռեժ.՝ Լյուբա Սահակյան): «Ի՞նչ է քո անունը» բեմադրությունը ներկայացվեց Ա. Գրիբոյեդովի անվան պետթատրոնում: Պրեմիերայի ավարտին Պ. Ադամյանի անվան թատրոնի ղեկավար, Վրաստանի պատվո շքանշանակիր Արմեն Բայանդուրյանը բեմ բարձրացավ. «Ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդ ռեժիսորին, որի առաջին գործն է, և համոզված եմ, որ նա պիտի ունենա շատ մեծ հաջողություն: Ուզում եմ Զոհրաբյանիս՝ մեր կրտսեր ընկերոջը, շնորհավորել, նա, փաստորեն, դարձել է մեր խաղացանկային դրամատուրգը, արդեն 3-րդ գործն ենք խաղում: Եվ տա Աստված, որ անքուն գիշերներ ունենա և անընդհատ գրի ու գրի: Նաև պիտի ասեմ, որ 4 ուսանող ավարտել է թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որի ռեկտորը հենց պարոն Էլֆիք Զոհրաբյանն է… Շուտով, արդեն այս տարի կբացենք մեր թատրոնի դռները…»:

Ներկայացումը բավականին ջերմությամբ ընդունեց վիրահայ հանդիսատեսը: Ադամյանցիները հաջորդ օրը ևս ունեցան պրեմիերա: Այս անգամ՝ վրաց անվանի դրամատուրգ Օտիա Իոսելիանիի «6 չամուսնացած կին և մեկ տղամարդ»  ներկայացումը: