«Անդին» ամսագրի 4-րդ համարը բացառիկ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուստի, առանց բացառության, բոլոր հրապարակումները անդրադառնում են հայ ժողովրդի կյանքի այդ ողբերգական, բայց նաև հերոսականությամբ լի էջերին:
Հայերեն առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է Ֆրանցիսկոս պապի խոսքը՝ ասված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Գրիգոր Նարեկացուն համաքրիստոնեական սուրբ հռչակելուն նվիրված արարողության ժամանակ:
«Հրապարակախոսություն», «Էսսե», «Հոդված» բաժիններում տեղ են գտել Հարություն Հարությունյանի, Դավիթ Արմենյանի, Արմեն Դավթյանի, Սարգիս Սելյանի, Սպարտակ Ղարաբաղցյանի, Նորայր Գրիգորյանի, Արամ Պաչյանի, Սերոբ Սուջյանի, Մարիա Լազարևայի, Հայկազուն Ալվրցյանի, ինչպես նաև «Երիտթուրքերի դատավարությունը» և «Ինքնապաշտպանական մարտերը Եղեռնի օրերին» հրապարակումները: Արձակը ներկայանում է Ռուբեն Հովսեփյանի, Վասակ Դարբինյանի, Հովհաննես Զատիկյանի, Թափառականի (Գևորգ Հալաջյան), Արայիկ Մանուկյանի, Հակոբ Սողոմոնյանի ստեղծագործություններով: Ինքնատիպ է պոեզիայի բաժինը, ուր Ցեղասպանությանը նվիրված «Մեկ բանաստեղծություն» խորագրի ներքո ներկայացել են Հրաչյա Սարուխանը, Կարինե Աշուղյանը, Անի Տեր-Գուլանյանը, Հուսիկ Արան, Նարեկ Կիրակոսյանը, Էդուարդ Հարենցը, Սերժ Վենտուրինին, Արտակ Վարդանյանը, Աշոտ Գաբրիելյանը: Մշտական խորագրերով ներկայացված են Հովան Մամիկոնյանը («Ավանդազրույց»), Անանունը (14-15-րդ դարեր, «Դասական բանաստեղծություն»), Շահան Շահնուրը («Դասական պատմվածք», հատված), ՀՀ արտակարգ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը («Անդինի» հյուրն է»), ֆրանսահայ անեսթեզիոլոգ Հովհաննես Էքերյանը («Անմոռուկի թերթիկները»), Անատոլ Ֆրանսը («Նոբելյան»): Ինչպես բոլոր համարներում, այստեղ էլ իրենց տեղն են գտել «Խմբագրական», «Այլաբանություն», «Ներկայացնում է հրատարակիչը» («Էդիթ պրինտ»), «Գրադարակ», «Անդինին» գրում են» շարքերը: