Մայիսի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155-ամյակին նվիրված ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ իսկապես կան մեծ անհատներ, ովքեր ամբողջ մարդկության պա- տասխանատվությունն են կրում իրենց հոգում, ապա անդրադարձավ Ֆրիտյոֆ Նանսենին, ով, լինելով մեծ ճանապարհորդ, բևեռախույզ, զբաղվել է մարդասիրական գործունեությամբ, ցեղասպանությունից հետո եկել է Հայաստան, մասնակցել որոշ իրադարձությունների: «Մեր մեծագույն տուրքը պիտի լինի նրա ստեղծածը, մտքերը, գաղափարները, նրա այս կերպարը մեր ժողովրդին, հետագա սերունդներին հասանելի դարձնելը: Մենք միշտ էլ գնահատել ենք այն մարդկանց, ովքեր հայանպաստ գործունեություն են ծավալել»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը և վկայակոչեց Ֆ. Նանսենի անվան դպրոցի, թանգարանի, հիմնադրամի, արձանի առկայությունը Երևանում:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը հանգամանալից խոսեց այն մասին, թե ինչպես Նանսենի նման անհատականությունը` գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, բնագետ, որի միտքն ու սիրտը սևեռված էր Հյուսիսային բևեռը նվաճելու վրա, տարիներ հետո գալիս է դեպի մարդասիրական գործունեություն և դառնում հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկը: Պ. Դեմիրճյանի հավաստմամբ` դա պատահական չի եղել: «Ծանոթանալով Նանսենի կենսագրությանը, տեսնում ենք, որ այդ ամենը նախապատրաստվել է նրա ողջ կյանքի ընթացքում` գալ դեպի մարդասիրություն, գալ դեպի աշխարհի զրկվածների իրավունքների պաշտպանությանը: Հասկանալով, թե պատերազմների ժամանակ ինչ է կատարվում ժողովուրդների, հատկապես հայ ժողովրդի հետ, նա, ի վերջո, եկավ այն համոզման, որ հայ ժողովրդին ամեն գնով պիտի պաշտպան կանգնի»,- ասաց Պ. Դեմիրճյանը:
Ըստ Գրիգոր Ջանիկյանի` Նանսենի մարդասիրությունն այն էր, որ նա հայերին վերցրեց իր հովանավորության, պատասխանատվության տակ, շնորհեց նանսենյան անձնագիր, որով նրանք կարողացան աշխատանք ստանալ, և ստեղծվեց հայկական գաղութը: «Այդ անձնագիրը տալով հայերին` Նանսենն ուզում էր ասել, որ նրանք անհայրենիք են, հայրենիքի պահանջատեր են»,- ասաց Գ. Ջանիկյանն ու հավելեց. «Երբ նանսենյան էինք, Արևմտահայաստանի պահանջատեր էինք, պահանջում էինք մեր հայրենիքը, մեր հողերը: Սակայն երբ դարձանք ֆրանսահայ, բուլղարահայ և այլն, մեր պահանջը, կարծես, մղվեց երըրորդ պլան»:
– Նանսենն այն բացառիկ հռչակավոր գիտնականն է, ով Մեծ եղեռնից հետո ամբողջովին նվիրվեց Հայաստանին: Նանսենի մահից հետո հնչեց այս թևավոր ճշմարտությունը` Նորվեգիան ծնեց Նանսենին, աշխարհը կորցրեց Ֆրիտյոֆ Նանսենին,- ասաց մանկագիր Սուրեն Մուրադյանը, ապա արժևորեց Ֆելիքս Բախչինյանի նվիրվածությունը, որ նա ցուցաբերել է երկու մեծ հայասեր անհատականությունների` Ֆ. Նանսենի և Էդուարդաս Մեժելայտիսի հանդեպ:
Գառնիկ Շախկյանի ելույթը նվիրված էր հայ ճարտարապետության` նանսենյան գնահատանքին: «Հայ ճարտարապետության վերաբերյալ Նանսենի տեղեկություններն ու գնահատականները, լինելով հիմնականում սեփական դիտարկումների ու փաստական հենքի արդյունք, սկզբնաղբյուրի արժեք ունեն և շատ կարևոր են հայ ճարտարապետության պատմատեսական գիտության հարստացման համար»,- վստահեցրեց նա:
Ելույթ ունեցան նաև Էվելինա Մակարյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը:
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հրապարակեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Էդվարդ Միլիտոնյանին մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով պարգևատրելու մասին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ