Ամրապնդել գիրք-գրող-ընթերցող կապը

Մարտի 29-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը՝ նվիրված ՀՀ-ում ավանդական Մանկապատանեկան գրքի շաբաթին:
Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Մանկապատանեկան գրքի շաբաթի բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին Արմավիրում, իսկ փակումը՝ ապրիլի 6-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Շաբաթվա ընթացքում տարբեր դպրոցներում կլինեն հանդիպումներ, քննարկումներ, գրքին նվիրված միջոցառումներ: «Մանկապատանեկան գրականությունն իր մեջ տարիքային մի քանի շերտեր է պարունակում, և ամեն երկու-երեք տարվա տարիքային փոփոխությունը տարբեր հոգեբանական ստեղծագործական բովանդակություն, լեզվամտածողություն է պահանջում: Դա ինքնին բարդ գրականություն է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ցավով նկատեց, որ այսօր մանկական, մանկապատանեկան գրականության մեթոդական ձեռնարկներն այնքան էլ հարուստ չեն: Մանկապատանեկան գրականության ուղղությամբ ՀԳՄ-ի աշխատանքները միայն հանդիպումներով, քննարկումներով չեն սահմանափակվում: Հայտարարվել են նաև մրցանակաբաշխություններ, մասնավորապես՝ Վախթանգ Անանյանի անվան մրցանակը տրվում է ամեն տարի լույս տեսած լավ գրքի համար, Արա Աբրահամյանի հայտարարած մրցանակաբաշխության մեջ անցյալ տարի ավելացել է Մանկապատանեկան գրականության անվանակարգը: Ինչպես նաև այդ գրականությունը մասնակցում է ՀՀ պետական և ՀՀ Նախագահի մրցանակաբաշխություններին: Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ աստիճանաբար նվազում են մանկագիրները: «Թեև արտաքո պարզ է թվում, բայց ամենադժվար ու պատասխանատու ժանրը հենց մանկապատանեկան գրականությունն է»,- ընդգծեց նա՝ նշելով, որ մանկագրության հիմնական ատաղձը մշտապես եղել են հայրենասիրության, հայրենիքի, ընտանիքի, երազանքի, սիրո, հավատարմության թեմաները:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը տեղեկացրեց, որ Խնկո-Ապոր անվան գրադարանը շաբաթվա համար կազմակերպել է տարբեր միջոցառումներ՝ գրքերի քննարկումներ, գրական մրցույթներ, գրողների հետ հանդիպումներ, կնշվի մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը, որին կմասնակցի նաև գրադարանը: «Գրադարանների նպատակն է իրազեկել երեխաներին, ծնողներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ գրքեր են լույս տեսնում: Պետք է իմանան, որ էլեկտրոնային գրականությունն ուղղակի տեղեկատվության շտեմարան է, իսկ գրքի, կենդանի գրողի հետ հանդիպումը լրիվ այլ բան է: Սա պետք է լինի ամենօրյա, ամեն բնագավառի հետ համատեղ ջանքերի կենտրոնացված աշխատանք»,- նշեց իր խոսքում Մ. Հովսեփյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։