Դեկտեմբերի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ թուրքերենից հայերեն թարգմանված մի շարք գրքերի, մասնավորապես Բուրգյուլ Օղուզի «Հահ» վեպի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ վերջին տարիներին Հայաստանում ներկայացվել են ժամանակակից հայտնի թուրք գրողների՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, Շաֆաքի և մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունները, նշեց, որ դա դուռ է, որպեսզի մեր գրականությունը ևս թարգմանվի թուրքերեն: Արժևորելով «Անտարես» հրատարակչության գործունեությունը, որը շատ լավ դաշտ է ստեղծում երկու ժողովուրդները, պետություններն ընկալելի դարձնելու, արվեստի միջոցով մարդկանց մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու համար, Էդ. Միլիտոնյանը վստահեցրեց, որ դարերի ընթացքում ամենակարևոր կամուրջներից մեկը եղել է մշակույթը:
«Որպեսզի Թուրքիան չմիֆականացվի, պետք է տեսածը բերել Հայաստան, Հայաստանի կյանքի մասին պատմել Թուրքիայում, որպեսզի միֆը չխանգարի մեր հարևանությանը, որպեսզի ճանաչենք այն Թուրքիան, որը կա, Թուրքիան ճանաչի այսօրվա Հայաստանը: Այդ ճանապարհը տեսնում ենք գրականության միջոցով»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Ապա անդրադառնալով հրատարակված գրքերին՝ նա նշեց, որ գրեթե 50 տարվա մեջ թուրքերը հրատարակել են մոտավորապես 2000 հայ գիրք՝ հիմնականում արևմտահայերենից և ռուսերենից թարգմանված: Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ ոչ միայն գրականության, այլև արվեստի մյուս ճյուղերով պետք է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը տեղեկացրեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մասին, որի ենթադրամաշնորհային ծրագրերից մեկի շնորհիվ էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կազմակերպած ամառային հատուկ դպրոցի արդյունքում եղավ այդ աննախադեպ թարգմանությունը: «Այս թարգմանությունը կօգնի, որպեսզի ապամիֆականացվեն Թուրքիայի մասին հայ մարդու պատկերացումները»,- ընդգծեց նա:
Ըստ գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանի՝ Բուրգյուլ Օղուզի գիրքը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով, իսկ 2014-ին ստացել է նաև Եվրամիության մրցանակը: Գիրքն աննախադեպ է այն առումով, որ թարգմանությունը կատարվել է համագործակցային թարգմանության մոդելով՝ Ջունդայի մոդելով: «Աշխատել ենք այսպես, գիրքը բաժանվել է յոթ թարգմանչի միջև, յուրաքանչյուրին ինչ-ինչ հատված է ընկել, աշխատել ենք թարգմանված կտորների վրա, վերջում ի մի ենք բերել: Ապա Արմեն Օհանյանի (Հայաստանցու) օգնությամբ իրականացրել ենք խմբագրական աշխատանքը»,- ասաց նա և հավելեց, որ հեղինակը ներկա է եղել աշխատանքների ընթացքին, ինչի շնորհիվ էլ գիրքը թարգմանվել է՝ հնարավորինս հարազատ մնալով թուրքերենին: