Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆ
Երբ անհաջողություններ եմ ունենում կամ անլուծելի թվացող տհաճություններ, փոքրիկ տոներ եմ ստեղծում ինքս ինձ համար և ինձ թույլ եմ տալիս շռայլումներից լավագույնը՝ վերընթերցումի շռայլությունը: Գրքերը կարդում եմ մատիտանշումներ անելով, ընդգծելով, սրբագրելով, ուրախ կամ տխուր ժպիտներ դնելով, մեկնաբանություններ թողնելով, որոշ ժամանակ անց իմ իսկ մեկնաբանության հետ չհամաձայնող կամ թանձրաշերտ ընդգծում-հաստատումով, մի խոսքով՝ տոնն ապահովված է: Ինչպես հասկացաք՝ շաբաթս լավը չէր:
Նորից թերթեցի Լորկայի «Արվեստի մասին» գիրքը, ռուսալեզու հրատարակություն է, 1971թվի: Գրքում ներառված են հոդվածներ, վերլուծություններ, նամակներ, և կա Ռուբեն Դարիոյին նվիրված մի միջոցառման բացման խոսք, որ փոխլրացնելով մեկմեկու` Ֆեդերիկո Գարսիա Լորկան ու Պաբլո Ներուդան քեզ ակամայից սիրել են տալիս Ռուբեն Դարիո մեծություն պոետին:
Բացեցի Գիյոմ Ապոլիների «Բլուրները»՝ Աբրահամ Ալիքյանի թարգմանած, հիշեցի զավեշտալի պատմությունը, թե ինչպես է Գիյոմը մեղադրվում Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու համար, ինչպես է բանտում մի երկու օր մնում և արդյունքում, բանտից դուրս գալուն պես, գրում է իմ ամենասիրած գործերից մեկը՝ «Զոնա» պոեմը`
…Ըմպած կյանքդ ինչքան նման է բարկ օղու:
Դու քայլում ես դեպի Օտյոյ: Դու ուզում ես
ոտքով գնալ այս գիշեր տուն:
Գվինեի և օվկիանյան քո կուռքերի
մեջ մտնել քուն:
Հիսուսներ են այդ կուռքերը, թեև,
իրոք, այլ տեսք ունեն և դավանանք:
Մութ հույսերին զիջող մեկ-մեկ
հիսուսներ են բոլոր նրանք:
Մնաս բարով: Մնաս բարով:
Արև՝ կտրած պարանոցով:
Նորից կարդացի Հենրիկ Էդոյանի «Հետգրությունը» (2001 թ.) փառահեղ գիրքը, որի մասին ինչ էլ ասեմ, նշանակում է չասել ոչինչ, և առհասարակ սիրած գրքերի ու սիրած մարդկանց մասին պետք է քիչ խոսել: «Ճանապարհի երգեր» շարքում մի բանաստեղծություն կա կնոջ մասին, ում սրտի մեջ մի դեմք կար, որին կինը փայփայել էր տարիներ շարունակ, խնամել մարմարե քանդակի պես այդ մեռած դեմքը: Եվ ահա այս կինը վերածվել էր թանգարանի՝ ինքն էլ չիմանալով այդ մասին: Հիշեցի Վիսլավա Շիմբորսկայի մի բանաստեղծություն թանգարանի մասին, ուր ասում էր, որ այստեղ՝ թանգարանում, արքայական շքեղ ձեռնոցը հաղթել է թագավորին, կոշիկը հաղթել է մարդուն, սաղավարտը՝ զինվորին, և այլն:
Ես կուզենայի, որ ինձ գիրքը հաղթեր, մանավանդ որ հիմնականում մեզ են ապրում, ոչ թե մենք ենք ապրում, ուրեմն ես կուզենայի լինել կին, ով կվերածվի թանգարան-գրապահոցի, և ում ներսում, սակայն, կշարունակեն ապրել գրքերը՝ ընդգծված մատիտով, կիսատ կարդացած, աշխույժ մակագրություններով, մատներիս հետքը էջերին, մի երկու կարճ մազ՝ թերթերի արանքում:
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Բոլոր ընթերցած գրքերից երեքն առանձնացնելը բավական դժվար է: Շատ գրքեր կան, որոնք խորը տպավորություն են գործել, ու այդ գրքերից շատերը վերընթերցելիս գուցե նախկին տպավորությունը չունենամ: Գրքեր կան` հիացրել են իրենց կառուցվածքով, գրքեր կան, որոնց գաղափարական կողմն է առինքնել: Սակայն, փորձելով առանձնացնել ընդամենը երեքը, ես կառանձնացնեմ նրանք, որոնք էապես փոխել են ինձ ու ստիպել վերակերտել ինձ:
Առաջինը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ն է: Սա այն միակ վեպն է, որն ամբողջապես տակնուվրա է արել ինձ ու ստիպել աշխարհին այլ հայացքով նայել: Այստեղ ինձ ավելի շատ դուր է գալիս Տոլստոյի՝ անհատի ու հասարակության փոխհարաբերության մասին դատողությունները, որոնք երևան են գալիս հատկապես միջանկյալ պատմությունների տեսքով:
Երկրորդը Ջորջ Օրուելի «1984»-ն է: Աշխարհաքաղաքական զարգացումների ու դրանցում մարդու ոգու անկման մասին գեղարվեստական ավելի լավ պատում դեռևս չեմ հանդիպել: Ո՞ւր է գնում մարդը: Սա գերագույն հարցն է, որ հուզում է ինձ: Առիթից օգտվելով ասեմ՝ ես միշտ զարմացել եմ, որ մարդիկ պատասխանելով «Ո՞ր դարաշրջանում կուզեիք ապրել» հարցին, միշտ նշել են անցյալը:
Երրորդը Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունն է: Այն անհամեմատելի է իր ստեղծագործական պոռթկումով ու շնչով: Մարդուն իր բոլոր մտավախություններով, տագնապներով, միևնույն ժամանակ այսպիսի տրիտուր ստեղծագործական անսահման հնարավորություններով միատեղ դժվար է էլ երբեք գտնել:
ԳՐԻԳ
Հեշտ չէ ընդամենը երեք գիրք ընտրելը, որոնք մեծ տպավորություն են գործել ինձ վրա: Երեքը իմ սիրելի թիվն է, բայց այս պարագայում այն խիստ սահմանափակող է: Ինչևէ, ներողություն հայցելով բոլոր այն գրքերից, որոնք սիրում եմ, և որոնք իրենց պատվավոր տեղն ունեն իմ գրադարանում` ես կփորձեմ առանձնացնել դրանցից երեքը…
Առաջին գիրքը, որ շատ վաղ հասակում եմ կարդացել, և որը անջնջելի հետք է թողել ինձ վրա, Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունն է: Գիրքը հայրս էր նվիրել, և ես դեռ այն ժամանակ վստահ էի, որ հենց այս ստեղծագործության համար է նվիրել. ուզում է, որ կարդամ: «Հայրիկ, դու խենթ ես»-ը բոլոր հայրերի ու բոլոր որդիների նեղ անձնական մի գաղտնիքի մասին է:
Երկրորդ գիրքը, որ ցանկանում եմ առանձնացնել, Քնյութ Համսունի «Սով» վեպն է: Վեպը կարդալու ընթացքում ես հերոսի հետ սոված թափառում էի Քրիստիանիայի` «այդ զարմանալի քաղաքի» փողոցներում, որն այսօր ինձ հիշեցնում է քաղաքը, ուր ապրում եմ:
Եվ, վերջապես, երրորդ գիրքը Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունն» է: Գիրք հավերժ կասկածող ու անհանգիստ մարդու մասին…
Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Իմ խորին համոզմամբ` պոետներն իրենց կյանքի ընթացքում միայն մեկ գիրք են գրում` նրանց մահվանից հետո հրատարակվող բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն: Ամերիկայում դեռևս 50-ականներից սկիզբ առած խոստովանական պոեզիայի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Սիլվիա Պլաթի բանաստեղծությունների ամբողջական հավաքածուն, որը ներառում է պոետի բանաստեղծական ժառանգությունը, հրատարակվել է Սիլվիայի ինքնասպանությունից տարիներ անց: «Տիկին Ղազարոսում» նա գրում է. «Մեռնելը / արվեստ է, ինչպես ամեն բան,/ ու ես դա կատարյալ եմ անում,/ Ես դա լավ եմ անում, գրողը տանի,/ Ես դա անում եմ իսկական, առանց կատակի,/ Ու կարելի է ասել՝ ես կոչված եմ դրան»: Երբեմն խոստովանական պոեզիայի ներկայացուցիչներին մեղադրում են, թե չափազանց զբաղված լինելով իրենց պատռված մարմինը կարկատելով, չեն նկատում շրջապատող աշխարհը: Համաձայն չեմ, որովհետև միայն անընդհատ խորը ներսուզումները կարող են վերջնական հանգրվան լինել, որովհետև միայն անձնական ցավն է իրավունք տալիս խոսել անանձնական ճշմարտությունների մասին: Անհատականությունը մահացու վիրուս է, որին բազմաթիվ գրողներ են զոհ գնացել, այս գիրքն առաջարկում է բուժվել դրանից:
Էնն Սեքսթընը խոստովանական պոեզիայի ևս մեկ հիշարժան բանաստեղծներից է: Սկսել է գրել իր հոգեբույժի խրախուսմամբ (Էնն, գրամեքենան է քո Աստվածը), որին դիմում է խրոնիկ դեպրեսիայի մի քանի սրացումներից հետո: Ընդունում եմ «խոստովանական պոեզիա» տերմինի պայմանականությունը, որովհետև Սեքսթընը ու Պլաթը ինձ համար բեկումնայնորեն տարբեր բանաստեղծներ են: «Ինքնասպանությունը մի յուրահատուկ լեզու ունի, /Նման վարպետներին, որ ուզում են իմանալ՝ որ գործիքներով,/Բայց երբեք չեն հարցնում՝ ինչու կառուցել»… առանց երկմտանքի, առանց հետդարձի՝ կրկին կենտրոնում դնում է կյանքի անձնական փորձառությունը, հոգեբանական խոցելիությունը: Սեքսթընը չափազանց կտրուկ է ու շեշտակի. «Ապրիր կամ մեռիր,/ բայց մի թունավորիր ամեն ինչ»:
1925 թ. հրատարակվեց Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելոեյ» վեպը: Մեկ օր Լոնդոնում: Բայց, այնուամենայնիվ, նրան հաջողվում է ցույց տալ, որ իրականում օրը գոյություն չունի: Վեպում ժամանակը գոյություն չունի այնպես, ինչպես սովոր ենք ընկալել: Ինքը՝ Վիրջինիան, խոստովանել է իր օրագրի գրառումներում՝ ցանկացել է նվազագույնի հասցնել սյուժետային գիծը: Մի յուրօրինակ ճանապարհորդություն դեպի ներս: Վիրջինիան ակնհայտորեն ավելի կարևորում է գործողության պատճառները, այլ ոչ թե հենց բուն գործողությունը, մտքերը շարադրել այնպես, ինչպես նրանք եկել են կամ կգային իր մտքին` նույն քաոսային հերթականությամբ: Կինը սանձով պահում է Բիգ-բենի ջարդված թվատախտակը` բանականության մեծագույն միֆը` ժամանակը:
Ardi hay grakanutyun@ kariq uni mi aynpisi groxi ov knerkayacni jamanaki kexequmner@
cankutyun unem tpagrelu im stexcagorcutyunner@ qansi eselem stexcagorcum