ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Փետրվարի 17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս`
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել փետրվարի 19-ը` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, նշել որպես Գիրք նվիրելու օր, որով լավագույնս է հարգվում մեծ գրողի հիշատակը: «Հովհաննես Թումանյանը արևելահայ գրականության մեջ մեր ինքնությունը ձևավորող ամենաբարձր գագաթներից է, նա գործել է ցավի, հոգսի կիզակետում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և կարևորեց Հ. Թումանյանի դերը հայ ժողովրդի հեքիաթները մշակելու, աշխարհի հեքիաթները փոխադրելու գործում:
Արժևորելով Հ. Թումանյանի հիմնադրած Վերնատան գործունեությունը` ՀԳՄ նախագահը փաստեց, որ այն եղել է մշակույթի, գրականության մի այնպիսի դարբնոց, որտեղ արծարծվում էին մշակութային և գրական բազմաթիվ հարցեր, ազգային խնդիրներ, ստեղծվում էր մի մթնոլորտ, որը տարածվում էր ողջ հայության մեջ: «Թումանյանի շնորհիվ ունեցանք կառուցիկ գրական մտածողություն: Պատահական չէ, որ Վերնատունը համարվում է մեր գրողների միությունների նախահայրը: Վերնատունն այսօր էլ ընդունում ենք որպես մարդկային, գրական նպատակների, գրողների մի հավաքականություն, որը ունի իր բարձր կնիքը բոլորիս վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվան՝ Էդ. Միլիտոնյանը հավաստեց, որ ընթերցանությունը աշխարհի գաղտնիքներին հաղորդվելու հսկա հնարավորություն է տալիս, և ընթերցանության այդ գաղտնիքը պետք է փոխանցել միմյանց՝ ոչ միայն գիտելիքներ, ինֆորմացիա ստանալու, այլև նոր, անծանոթ, ներքին աշխարհներ բացահայտելու համար: Այս առումով նա առաջին հերթին կարևորեց կրթության խնդիրը, դպրոցում գրականության դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ գրականությունն իր մեջ տարբեր առարկաներ ամփոփող մի ամբողջություն է, մի հզոր միջոց՝ մարդու հոգին և մարդկության պատմությունը ճանաչելու համար: Նա կարևորեց նաև դասագրքերում ժամանակակից գրականության ներկայացվածության ընդլայնումը՝ շեշտելով, որ դասագիրքն ու ժամանակը որոշակի գծերով պիտի համընկնեն իրար:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը նշեց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, դասական գրողների անունները կրող դպրոցներում միջոցառումներ են նվիրում անվանատուին, ինչպես նաև կազմակերպվում են բազմաբնույթ, բովանդակալից և հետաքրքիր միջոցառումներ` երեխաներին գրքին մոտեցնելու համար, ինչպիսիք են՝ բաց դասերը, որոնց ներկա են լինում նաև գրողներ, գրական-երաժշտական ցերեկույթներ և այլն, որոնք ուղղված են աշակերտների դաստիարակությանը: «Դպրոցը կանգնած է աշակերտի կողքին և նրան ուղղորդում է դեպի գիրքը»,- ամփոփեց Ա. Մելքոնյանը:
Էդ. Միլիտոնյանը, արժևորելով ՀԳՄ-ի և լրատվամիջոցների հետ համագործակցությունը, Գրողների միության աշխատանքները, գրական խնդիրները պարբերաբար լուսաբանելու, լավ գրականության տարածմանը օգնելու համար պատվոգրերով պարգևատրեց մի շարք լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչներին:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀԳՄ-ի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք դպրոցներում հանդիպումներ կլինեն գրողների հետ, մասնավորապես` Անուշ Վարդանյանը և Էդ. Միլիտոնյանը կայցելեն Դ. Վարուժանի անվ. թիվ 89, Արևշատ Ավագյանը` Ալ. Պուշկինի անվ. թիվ 8, Ալիս Հովհաննիսյանը` Վ. Տերյանի անվ. թիվ 60, Լևոն Բլբուլյանը` Մ. Սարյանի անվ. թիվ 86, Արտաշես Արամը` Ջ. Կիրակոսյանի անվ. թիվ 20, Գոհար Գալստյանը` Մուրացանի անվ. թիվ 18, Գագիկ Դավթյանը` Ստ. Զորյանի անվ. թիվ 56, Գրիգոր Ջանիկյանը` Ն. Զարյանի անվ. թիվ 130, Հռիփսիմէն` Ռ. Սևակի անվ. թիվ 151, Սաթենիկ Ղազարյանը` Հ. Հայրապետյանի անվ. թիվ 78, Ռուբեն Մարուխյանը՝ թիվ 160, Շանթ Մկրտչյանը` Սիամանթոյի անվ. թիվ 162, Նանեն` Հ. Կարապենցի անվ. թիվ 6, Սաթենիկ Մկրտչյանը` Լ. Շանթի անվ. թիվ 4, Նոնա Պողոսյանը` Ն. Գոգոլի անվ. թիվ 35, Թադևոս Տոնոյանը` Խ. Աբովյանի անվ. թիվ 2, Կարո Վարդանյանը` Վարդգես Պետրոսյանի անվ. թիվ 51, Վաչագան Սարգսյանը` թիվ 194 դպրոց, Ռուզան Ասատրյանը` «Վարդանանք» ուսումնական կենտրոն, Պետրոս Դեմիրճյանն ու Ղուկաս Սիրունյանը` Իսահակյանի անվան գրադարան:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։