Պատմությունը չի մոռանում ոչինչ

Մայիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող Վիլհելմ Բարչի (Գերմանիա) հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ արդեն վեց տարի ՀԳՄ-ն ակտիվ գրական կապերի մեջ է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեկեր խմբակցության հետ, նշեց, որ դրանք արտահայտվում են գրքերի տպագրությամբ, հանդիպումներով, երկուստեք այդ կապերը հաստատելու արդյունավետ ծրագրերով: Մասնավորապես՝ 2012 թ. հրատարակվել է ժամանակակից գերմանացի բանաստեղծների անթոլոգիա հայերեն և ժամանակակից հայ բանաստեղծների անթոլոգիա գերմաներեն: Հայ ժամանակակից գրականության մտածողությունը՝ խարսխված մեր բազմադարյա, ինչպես նաև համաշխարհային պոետական փորձի վրա, լավ ընդունելություն է գտել Գերմանիայում: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ իր գույնն ունեցող գրականություն է, որ հետաքրքրում է ժամանակակից աշխարհի ընթերցողին: Այնուհետև ներկայացնելով թարգմանիչ, արձակագիր, հայ ժողովրդի բարեկամ Վիլհելմ Բարչին՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ 2015 թ. նա մասնակցել է Արցախի պոեզիայի փառատոնին: Նույն թվին ՀԳՄ-ի և Ֆրիդրիխ Բոդեկերի համատեղ գործունեությամբ, որի ղեկավարն է Յուրգեն Յանկովսկին, հրատարակվել է եղեռնազոհ բանաստեղծների գերմաներեն անթոլոգիան Գերմանիայում և Հայաստանում: Ժողովածուն ներկայացվել է Մագդեբուրգում, Հալլեում և Մայնի Ֆրանկֆուրտում, որոնց մասնակցել է նաև Բարչը: Նա թարգմանել է մի շարք հայ բանաստեղծների, այդ թվում նաև Սիամանթոյի ստեղծագործությունները, որոնք նա հրատարակեց նաև առանձին գրքով, և դա ևս մեծ գործ էր եղեռնազոհ գրողին Գերմանիայում ներկայացնելու առումով: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը հայտնեց, որ 2015 թ. Հռոմի Պապի կողմից Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը աշխարհում մեծ հետաքրքրասիրություն առաջացրեց նրա անձի, նրա փիլիսոփայության, պոեզիայի հանդեպ, և դա էլ առիթ է հանդիսացել Վ. Բարչի համար՝ թարգմանելու Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը: Այդ ծրագիրը լիովին իրագործելու նպատակով մայիսի 8-ից Բարչը կնոջ հետ շրջում է Հայաստանում. գիրքը, ըստ նախնական գաղափարի, հայկական խաչքարերի պատկերներով պիտի ձևավորի Բարչի կինը՝ Ֆրաուկե Օտտոն: Ամփոփելով խոսքը՝ Էդ. Միլիտոնյանը Վիլհելմ Բարչին հանձնեց նրա և Յուրգեն Յանկովսկու՝ ՀԳՄ պատվավոր անդամի գրքույկները:
Ամալյա Ալեքսանյանը, ով թարգմանել է հիմնականում ամերիկահայերի կյանքն արտացոլող «Ամերիկաց» վեպի առաջին մասը, փորձեց ներկայացնել Վ. Բարչի ստեղծագործության յուրահատկությունը՝ ելնելով իր կատարած թարգմանությունից: Նրա հավաստմամբ՝ անդրադառնալով Սիամանթոյի ստեղծագործությանը՝ Բարչը նպատակ է հետապնդել Եղեռնի ճանաչումը հանրահռչակ դարձնել արտասահմանում՝ այդ առումով ընտրելով հատկապես «Կարմիր լուրեր բարեկամիս» շարքը: Ապա անդրադառնալով «Ամերիկաց» վեպին՝ Ա. Ալեքսանյանը նշեց, որ այստեղ առկա է ավանդական վեպի ժանրի որոշակի տրանսֆորմացիա, ինչպես նաև ժամանակների համադրում՝ անցյալ, ներկա, ապագա: «Մեր արյան հիշողությունն է կարծես այդ բոլոր ժամանակների մեջ տրոփում»,- ասաց նա և հավելեց. «Պատմությունը չի մոռանում ոչինչ, ոճրագործությունը, եթե չի խոստովանվում և չի դատապարտվում, խճճվում է ոտքերիդ ու խեղդում է քեզ. այս գաղափարը անցնում է նրա վեպի միջով»:
Վահե Արսենն ընդգծեց, որ իրեն գրավել է ոչ թե այն, որ Բարչն անդրադարձել է ցեղասպանությանը, այլ, որ նա հոգեբանորեն փորձել է ներկայացնել ցեղասպանության ամբողջ սինդրոմը, որը հատուկ է ցեղասպանված ազգերին: «Ցեղասպանված գրողների ստեղծագործությունների, Նարեկացու թարգմանությունները վկայում են, որ մենք մշակութային արժեք ենք ներկայացնում, և հենց սա էլ հոգեբանորեն Բարչի մոտ հետաքրքրություն է առաջացրել մուտք գործել մեր էության խորխորատները և փորձել ներկայացնել հայի բարդ կերպարը»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև Հերմինե Նավասարդյանը, Վրեժ Սարուխանյանը, Ալբերտ Մուշեղյանը, Վիլհելմ Բարչի կինը՝ Ֆրաուկե Օտտոն և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Վիլհելմ Բարչը՝ նկատելով, որ Նարեկացին իրեն հետաքրքրում է այն առումով, որ իր վրա է վերցնում մարդկանց մեղքերը և արտահայտում դրանցից մաքրվելու հոգևոր խնդիրը: Նա հույս հայտնեց, որ թարգմանությունը հարազատ կլինի Գրիգոր Նարեկացու ոգուն:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։