Թեկուզ ողջ կյանքի ընթացքում քեզ ուղեկցեն հայ գրականության և պատմության դասագրքերը, թեկուզ ողջ կյանքի ընթացքում ուսուցիչները պարտադրեն, որ կարդաս դրանք և սերտես, քեզ համար, հա՛յ մարդ, քո ազգի ինքնագիտակցությունը պահպանելու համար քիչ է դա, որովհետև դու մոռացկոտ ես և օտարամոլ: Ուրեմն` հայ գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը քեզ միշտ պետք է ուղեկցեն և՛ պարտադիր ուսուցման ու վերաուսուցման տեսքով, և՛ նաև ընթերցանության: Այն, որ ազգային գիրը հայ ժողովրդի պահպանության համար էական, կենսական դեր ունի, հասկացել են նույնիսկ օտարները` արաբները: Նրանք ասում էին. «Հայի աստվածը գրքերի մեջ է: Եթե գրքերը ոչնչացնենք, եթե գիրքը և ուսուցումը վերացնենք, կվերացնենք նրա աստծուն»: Մենք ուրիշ ազգերի նման չենք, մենք ուրիշ ազգերի հետ գործ չունենք: Մեր գրականությունը և պատմությունը պարզապես դպրոցական կամ բուհական առարկաներ չեն, նրանք հոգու հաց են, ուղեղի կողմնորոշման ճիշտ ընթացք, կյանքի իմաստավորման և վերաիմաստավորման կողմնացույցներ, բարոյական և հոգևոր բառարաններ, իմաստուն, անփորձանք ապրելակերպի տեղեկագրեր, կամքի մարզիչներ, հայրենիքի և քո կապի հայելիներ, փրկության կայարան տանող կամուրջներ… Կարող եմ անընդհատ դարձվածքներ ավելացնել, և էլի քիչ կլինեն դրանք` բնորոշելու համար, թե ինչ են հայ գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը քեզ համար, ով իմ օտարամո՛լ և մոռացկո՛տ հայրենակից:
Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
One thought on “ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ”