***
Հոկտեմբերի 11-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնի բացման արարողությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ Հայաստանում Թարգմանչաց տոնը դարերի պատմություն ունի, ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է որպես Թարգմանչաց շարժման և մշակույթի մեծ գործիչների հիշատակի, ինչպես նաև թարգմանական արվեստի, ժողովուրդների միջև գրական-մշակութային կամուրջների հաստատման տոն: «Պահպանելով այդ հոգևոր հսկա արժեքը՝ պիտի կարողանանք նորովի, նոր գործերով հարստացնել թարգմանական գրականությունը»,- նկատեց Էդ. Միլիտոնյանը՝ արժևորելով թե՛ անցյալ, թե՛ ժամանակակից թարգմանիչների աշխատանքը, որոնք ձեռք են մեկնում աշխարհի ժողովուրդներին, նրանց գրականությանը, և որոնց շնորհիվ մենք հայերեն ենք խոսում աշխարհի հետ: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ Թարգմանչաց տոնի միջազգայնացման առիթով հրավիրվել է 7 երկրի 10 թարգմանիչ, ովքեր իրենց երկրներում հայերեն են թարգմանել ու հրատարակել հայ հեղինակներին: «Թարգմանությունն աշխարհն ընդարձակում է ժողովուրդների համար, ճանաչելի դարձնում տարբեր երկրների հոգևոր, գեղարվեստական հարստությունը»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը՝ հույս հայտնելով, որ այս տոնը կմտնի միջազգային փառատոների շարքը և ապագայում կընդլայնվի՝ լայն հնարավորություններ ստեղծելով հայ գրականությամբ հետաքրքրվող թարգմանիչների համար: Այնուհետև ՀԳՄ «Պատվավոր անդամի» տոմս և ՀԳՄ «Նարեկացու» հուշամեդալ հանձնեց բանաստեղծ, գիտնական Ալան Ուայթհորնին: Ալան Ուայթհորնը, առանցքային համարելով գրողների ու թարգմանիչների դերը աստիճանաբար ավելի փոխկապակցվող ու վտանգավոր դարձող աշխարհում, հորդորեց շարունակել գրել ու թարգմանել, քանի որ աշխարհն ունի դրա անհրաժեշտությունը: «Մենք փոխանակում և թարգմանում ենք միմյանց ստեղծագործություններն ու մշակույթները, իսկ դա կարևոր է այս բարդ աշխարհում, որտեղ, ցավոք, չափազանց ծանր է բռնի ուժը, գերիշխանությունը և հակամարտությունը»,- ամփոփեց Ա. Ուայթհորնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի հավաստմամբ՝ թարգմանչաց արվեստը ճանապարհ է գիտելիք ստանալու, գիտությանը հաղորդակից լինելու, ճանաչելու ուրիշներին ու ճանաչեցնելու մեզ և հաղորդակից լինելու այլոց մտածմունքներին ու հույզերին: «Թարգմանչի գործը գրեթե հավասարազոր է ստեղծագործողի և գիտնականի ստեղծած արժեքին»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է Թարգմանչաց տոնը և ձեռնարկել ու իրականացնում է դրամաշնորհային ծրագիր, որ կոչվում է «Հայ գրականությունը թարգմանական արվեստում կամ թարգմանություններում»:
Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի կարծիքով՝ Թարգմանչաց տոնը առաջին հերթին հոգևորի, մարդկային նկարագրի կա րգավորման, հարստացման տոն է, որի կարիքը կա թե՛ մայր Հայաստանում, թե՛ Արցախում: «Յուրաքանչյուր ազգային գրականության զարգացման գործում մեծ դեր է կատարում թարգմանչական գործունեությունը»,- նկատեց Վ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ Էջմիածնից, Թիֆլիսից հետո Շուշին երրորդ քաղաքն էր, որ դարձել էր հայ դպրության, հայ մշակույթի զարգացման կենտրոն: Կալինա Իզաբելա Զիոլան անդրադարձավ Լեհաստանում կազմակերպվող հանդիպումներին, որոնց ընթացքում խոսվում է նաև Հայաստանի մշակույթի, գրականության մասին: Ապա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանին հանձնեց Լեհաստանի գրողների միության Բիդգոշչ-Տորունյան բաժանմունքի մրցանակը` բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի և լեհ գրողների հետ համագործակցության համար: Թարգմանիչ Ղավամեդդին Ռազավիզադեն, ով հայ մշակույթին ու գրականությանը ծանոթ է եղել դեռևս տարիներ առաջ, ասաց. «Ես հայ գրականությունը նկատել եմ իբրև աշխարհացույց մի հայելի՝ կյանքի ու գեղեցկությունների նկատմամբ սիրո, արդարատենչության, առլեցուն հպարտանքով և վսեմությամբ, առանց դույզն ինչ ինքնահավանության նշույլի»: Ապա հավելեց, որ հայ ժամանակակից գրականությունը ծանոթացնելու համար սկսել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» և Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» երկերի թարգմանությունը, որոնցում, նրա կարծիքով, հայ հոգին արտացոլվել է իր բովանդակ ուժգնությամբ ու թուլություններով: «Թարգմանությունը տվյալ ժողովրդի, տվյալ երկրի բանալին է, որպեսզի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչները վերցնեն այդ բանալին ու մտնեն այդ չքնաղ աշխարհը»,- նկատեց Օլեքսանդր Բոժկոն և կարևորեց հայ-ուկրաինական գրական կապերը: Վահիդ Նադերն անդրադարձավ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսի» և ՀԳՄ-ի համագործակցությանը, որի շրջանակներում հայ հեղինակները հրավիրվում են Սաքսոնիա-Անհալթ՝ մասնակցելու ընթերցումների: Ապա ուրախություն հայտնելով հայերեն թարգմանվելու համար՝ ասաց. «Ես հիմա իմ տեքստերի միջոցով ապրում եմ այլ մշակույթի և այլ լեզվի մեջ: Միաժամանակ մի քանի անգամ եմ ապրում: Թարգմանությունը կարող է փոխել աշխարհն ու կյանքը: Այն մարդկանց և ժողովուրդներին ավելի է մոտեցնում, նպաստում խաղաղությանը»: Ելույթ ունեցավ նաև Նինա Գաբրիելյանը: Ալան Ուայթհորնի (թարգմ.՝ Արամ Արսենյան) և Մաղվալա Գոնաշվիլու (թարգմ.՝ Գագիկ Դավթյան) ստեղծագործություններից ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Կալինա Զիոլայի բանաստեղծություններից կարդաց Գագիկ Դավթյանը: Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Չինար ես» կատարումներով ելույթ ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի, ջութակահար Սյուզան Գասպարյանը:
***
Թարգմանչաց տոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին Օշականում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, նշվեց Թարգմանչաց տոնը: ՀԳՄ պատվիրակությունը, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրերը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելեցին Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ խոնարհեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու Մ. Մաշտոցի անունը կրող դպրատանը տեղի ունեցավ ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Նինա Գաբրիելյանին (հայերենից ռուսերեն), Կալինա Իզաբելա Զիոլային (թարգմանական վաստակի համար), Մաղվալա Գոնաշվիլուն (թարգմանական վաստակի համար), Օլեքսանդր Բոժկոյին (հայերենից ուկրաիներեն), Թադևոս Խաչատրյանին (ռուսերենից հայերեն), Գրիգոր Ջանիկյանին (ֆրանսերենից հայերեն), Ջուլիետ Ղազարյանին (ռուսերենից հայերեն):
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ ավանդական դարձած թարգմանչաց տոնն այս տարի միջազգայնացվել է, և այդ առիթով հրավիրվել են 10 թարգմանիչ արտերկրից, նշեց, որ տոնի միջազգայնացման նպատակն է այլ ժողովուրդների գրականությունը հայերեն թարգմանելով կապեր ստեղծել հայ գրականությունը այլ լեզուներով ներկայացնելու համար: «Սա մի հրաշալի ճանապարհ է, որ պիտի տանի հոգևոր տաճարը` հոգու զորությամբ, մշակույթի խորությամբ»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ ծաղիկ դնելով Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ գնահատվում և արժանին է մատուցվում մեր բոլոր երանելիներին, սրբերին, ովքեր մեծ գործ են արել թարգմանչության, գրի, մշակույթի զարգացման ասպարեզում և այլ ժողովուրդների հոգևոր հարստությունը մեր ժողովրդին հայեցի ներկայացնելու գործում: Այնուհետև Բաղաթեր Արաբուլուն (Վրաստան) և Ղավամեդդին Ռազավիզադեին (Իրան) տրվեց ՀԳՄ «Պատվավոր անդամի» տոմս և «Նարեկացի» հուշամեդալ: Նարեկացու անվան հուշամեդալով պարգևատրվեցին նաև Վարանդը (Իրան), Մանանա Գոգիաշվիլին (Վրաստան), Վահիդ Նադերը (Գերմանիա), Ալբերտ Նալբանդյանը (Հայաստան): Բաղաթեր Արաբուլին վստահեցրեց, որ այդ հուշամեդալն ինքը տանելու և պահպանելու է որպես երկու ժողովուրդների՝ Հայաստանի ու Վրաստանի սիրո և բարեկամության խորհրդանիշ: Նինա Գաբրիելյանի համար, ում արմատները Սիսիանից են, Հայաստանի հետ կապը ոչ թե ինչ-որ գաղափարական դրվածք է, այլ՝ կենդանի ու անմիջական զգացում: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց աշխատանքն արժևորելու համար: Մրցանակների հանձնման արարողության ավարտին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ գրողների և Թարգմանչաց տոնի մասնակիցների անունից ցասում ու վրդովմունք հայտնեց Սիրիայում Թուրքիայի գործողությունների նկատմամբ:
***
Այս տարի ՀԳՄ նախագահության որոշմամբ՝ Թարգմանչաց տոնն ընդարձակել է իր բովանդակությունն ու աշխարհագրությունը՝ վերածվելով գրական թարգմանության միջազգային փառատոնի, որի շրջանակում էլ հոկտեմբերի 13-ին արտերկրից ժամանած թարգմանիչները՝ Նինա Գաբրիելյանը (Ռուսաստան), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Մաղվալա Գոնաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին (Վրաստան), Ղավամեդդին Ռազավիզադեն, Վարանդը (Իրան), Վահիդ Նադիրը (Գերմանիա), Սոնա Համբարձումյանը (Արցախ), ՀԳՄ պատվիրակության հետ մեկնեցին Գյումրի՝ հանդիպելու Շիրակի մարզի գրողների և ընթերցողների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Թարգմանչաց տոնի նպատակը ոչ միայն գրականությունների տուրևառությունն է, այլև մեր երկիրը՝ իր պատմամշակութային վայրերով, հրաշալի գրականությամբ ու մշակույթով, ճանաչելի դարձնելը, արժևորեց այն թարգմանիչներին, որոնց միջոցով ներկայացվում է հայ թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ փաստեց, որ մեր ողջ թարգմանության պատմությունը, սկսած 5-րդ դարից, վկայում է այլ ժողովուրդների բարձր գրականությունը, մշակույթը հայեցի դարձնելու ցանկության մասին: Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի կարծիքով, այս տոնը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թարգմանիչների աշխատանքը, քանի որ ունենք հրաշալի գործեր, որոնք պետք է ներկայացնել աշխարհին: «Օրեցօր վիրտուալացվող այս աշխարհը որքան փորձում է խեղդել հոգևորը, այդ թվում` գրականությունը, որքան հեռացնում է մարդուն իր նմանից, այնքան մեծանում են գրողի հանձնառությունները ժողովրդի հանդեպ»,- նկատեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Ապա հավելեց, որ յուրաքանչյուր գրող պետք է շարունակի մնալ իր ժողովրդի խիղճը, ու երանի տվեց նրանց, ովքեր այդ մեծ առաքելության թարգմաններն են:
Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ով թարգմանել է Լ. Անանյանի, Էդ. Միլիտոնյանի, Գ. Դավթյանի բանաստեղծություններից, հրատարակել է հայ պոեզիայի և հայ արձակի անթոլոգիաներ, տեղեկացրեց, որ վերջերս թարգմանել է Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, և հոկտեմբերի 23-ին Վրաստանում տեղի կունենա այդ գրքի շնորհանդեսը: «Այս հողն ինձ համար օրհնված է»,- ընդգծեց նա և կարդաց իր բանաստեղծություններից: Ղավամեդդին Ռազավիզադեի (Իրան) տպավորությամբ՝ հայ մշակույթը միախառնումն է բարության, լավատեսության և Արևելքի ու Արևմուտքի իմաստությունների խտացումն ու լինելիության լավատեսությունն է պարունակում իր մեջ: Սոնա Համբարձումյանը (Արցախ) կարևորեց Թարգմանչաց տոնը՝ հատկապես մշակույթների հաղորդակցման լավագույնս դրսևորման առումով: «Հաղորդակցման կարևոր ձևը մշակույթի լեզուն է, իսկ մշակույթի լեզուն հարստացնելով և իրար փոխանցելով՝ այդ մշակույթը, տվյալ դեպքում մեր գրականությունը, դարձնում ենք ոչ միայն ազգային, այլև համամարդկային»,- ամփոփեց նա և կարդաց իր բանաստեղծությունը: Այնուհետև Նինա Գաբրիելյանը, Կամիլա Իզաբելա Զիոլան, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին, Վարանդը, Վահիդ Նադիրը շնորհակալություն հայտնեցին Գյումրիում ջերմ ընդունելության համար, կարևորեցին միջազգային գրական կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ փոխադարձ թարգմանությունները հարստացնում են տվյալ ժողովրդի մշակույթը, գրականությունը, և կարդացին իրենց բանաստեղծություններից: Բաղաթեր Արաբուլու, Մաղվալա Գոնաշվիլու բանաստեղծություններից ներկայացրեց բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, Վահիդ Նադիրի բանաստեղծություններից՝ Հերմինե Նավասարդյանը: Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանն ընթերցեց Ուիթմենի «Խոտի տերևները» գրքից մեկ բանաստեղծություն` իր թարգմանությամբ: Գրական ցերեկույթը վարում էին դերասաններ Սոնա Խդրյանը և Դավիթ Մադոյանը: Գրական ցերեկույթը՝ նվիրված Թարգմանչաց տոնին, վկայում է, որ մեծ գրականության առաքելությունը շարունակական է, և ոգին սահմաններ ու փշալարեր չի ճանաչում: Ոգին անպարտելի է, գիրը՝ մնայուն:
***
Հոկտեմբերի 14-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում վրաց բանաստեղծուհի, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլու հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ տասնյակից ավելի տարիներ ՀԳՄ-ն սերտորեն համագործակցում է Վրաստանի գրողների միության, վրացի գրողների, մշակույթի գործիչների հետ, նշեց, որ հայ-վրացական բարեկամությունը դարերի խորքից է գալիս և Ավետիք Իսահակյանի, Վարդգես Պետրոսյանի, Էդուարդ Թոփչյանի, Լևոն Անանյանի՝ Գրողների միությունը ղեկավարելու տարիներից առավել սերտացավ: Նա հատկապես կարևորեց Հովհ. Թումանյանի դերը, որը երկար տարիներ ապրելով Թբիլիսիում, դարձել էր ոչ միայն գրական-մշակութային հզոր գործիչ, այլև հայերի ու վրացիների բարեկամության խորհրդանիշ: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ այդ բարեկամությունը պահպանելու առաքելությունը հրաշալիորեն կրում է Մաղվալա Գոնաշվիլին՝ որպես գրող, թարգմանիչ, խմբագիր, գործիչ, կազմակերպիչ: «Յուրաքանչյուր բանաստեղծ իր ժողովրդի գրականության շեփորահարն է. Մաղվալան վրաց գրականության հենց այդ կերպարն է»,- վստահեցրեց ՀԳՄ նախագահը: Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի հավաստմամբ՝ Մաղվալա Գոնաշվիլին իր ողջ գործունեությամբ, գրեթե 20 տարի, գրականության ասպարեզում հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերություններ է սերմանում, ընդ որում՝ այդ գործում մեծ էր նաև ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի դերը: «Վրաստանի գրողների միության մեջ միայն սիրով են խոսում Հայաստանի մասին»,- ընդգծեց Ավ. Իսահակյանը՝ միաժամանակ նշելով, որ Գ. Դավթյանի հրաշալի թարգմանությամբ զգում ենք Մ. Գոնաշվիլու սրտի տրոփյունը, նրա անկեղծ սերը Հայաստանի ու հայերի հանդեպ: Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանն անդրադարձավ Մաղվալա Գոնաշվիլու ստեղծագործություններից իր կատարած թարգմանություններին՝ վստահեցնելով, որ այդ գործերն ընդունվել և սիրվել են հայ ընթերցողների կողմից: Այնուհետև կարդաց այդ գործերից: Ըստ Բաղաթեր Արաբուլու՝ Մ. Գոնաշվիլին համաժողովրդական բանաստեղծուհի է, որ ծառայում է սիրուն, ընկերությանը: «Մաղվալայի շնորհքն է, որ Վրաստանում հարգված են հայ, Հայաստանում էլ՝ վրացի գրողները: Առանց սիրո և համագործակցության հնարավոր չէ առաջ շարժվել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ վրացի գրողներն ու թարգմանիչներն անում են ամեն ինչ, որ հայ գրականությունը հավերժ ապրի Վրաստանում և սիրվի, ինչպես եղել է անցած տարիներին: Միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հետաքրքրված են վրաց գրականությամբ, հատկապես Էդ. Միլիտոնյանին ու Գ. Դավթյանին, որոնք թարգմանում և հայ ընթերցողներին են ներկայացնում վրացի հեղինակների գործերը:
«Սերը պետք է արտահայտել գործով, այս պարագայում այդ գործը միմյանց ստեղծագործությունները թարգմանելն է: Քանի դեռ ողջ եմ, ամենամեծ սերը, որ ունենալու եմ, սերն է Հայաստանի հանդեպ: Շատ երկրներ եմ սիրում, բայց Հայաստանը միակ երկիրն է, որին բանաստեղծությամբ եմ սիրում և նվիրել եմ բանաստեղծություն»,- նշեց Մ. Գոնաշվիլին՝ ելույթն ավարտելով Հովհ. Թումանյանի խոսքով՝ Վրաստանը չունի ապագա առանց Հայաստանի, Հայաստանը չունի ապագա առանց Վրաստանի: Ելույթ ունեցան նաև բանաստեղծ, հրապարակախոս, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, «Իվերիա» վրացական համայնքի փոխնախագահ Նինո Սպենդիարաշվիլին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Մաղվալա Գոնաշվիլու բանաստեղծություններից կարդացին Սիլվա Յուզբաշյանը և Գայանե Սամվելյանը: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:
***
Թարգմանչաց միջազգային տոնի շրջանակներում արտերկրի թարգմանիչներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան Գյումրիում, Գառնի-Գեղարդ, Ս. Փարաջանովի տուն-թանգարան, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Էջը պատրաստեց
Շաքե ԵՐԻՑՅԱՆԸ