Նորվեգացի բևեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը քաղաքա- կրթության համայնապատկերում շողշողացող այնպիսի աստղ էր, որ լույս էր սփռում չորս կողմը, ջերմացնում ու ոգեշնչում մարդկանց: Նա բացառիկ ներդաշնակությամբ զուգակ- ցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Ֆրիտյոֆ Նանսենն առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցան- քի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական անձնական բարե- գործությունը՝ պետական ակտի մակարդակի:
Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետն իրենց սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
Մեծ եղեռնից մազապուրծ 320.000 հայեր նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50.000 հայեր Հունաստանից գաղթեցին Մայր Հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆրիտյոֆ Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական-հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկությունները, իբրև փաստաթղթային ապա- ցույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհա- վատչյան:
«Գիրք հորս մասին» երկհատոր աշխատության մեջ Ֆրիտյոֆ Նանսենի դուստր Լիվ Նանսեն-Հեոյերը խոստովանում է. «Հայրս մեռավ՝ «Հայ» բառը շուրթերին. նա այնքան սիրում ու սքանչանում էր հայ ժողովրդով»: Ֆրիտյոֆ Նանսենի երազանքը՝ նորից վերադառնալ Հայաստան, իրողություն դարձավ մեր հանրապետու- թյան անկախությունից հետո: Երախտագետ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում շարունակական միջոցառումներով հավերժացնել «Նանսեն-Հայաստան» սիրո կամուրջը:
Բարի ավանդույթ է դարձել մեծ մարդասերի և հայասերի հիշատակի օրը ծաղիկներ խոնարհել Երևանում գտնվող նրա հուշարձանին:
Մայիսի 13-ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախաձեռնությամբ, անցկացվեց հիշատակի հերթական արարողությունը, որին մասնակցում էին մտավորականներ և դպրոցականներ: Միջոցառմանը Նանսենի կյանքի և մար- դասիրական գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ, բան. գիտ. դոկտոր Սերգո Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով հետաքրքիր հուշեր պատմեց իր նորվեգական ուղևորության և նանսենյան վայրերի այցելության մասին: Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մանե Դավթյանն ընթերցեց Էդվարդ Միլիտոնյանի «Ֆրիտյոֆ Նանսենի լայնեզր գլխարկը» բանաստեղծությունը:
Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի գործադիր տնօրեն