Մայիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը» և «Քսվում է ցավը հացին» չափածո և արձակ ստեղծագործությունների շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրքերը, նշեց, որ Ժ. Աբրահամյանը «Փոստատար արագիլը» գրքում բանակի, հայրենիքի թեմաները դարձնում է բանաստեղծություն՝ միաժամանակ հավատարիմ մնալով մանկական աշխարհին: Անդրադառնալով «Քսվում է ցավը հացին» գրքին, որտեղ ընդգրկված են զինվորների, Ապրիլյան պատերազմի հերոսների մասին գրված բանաստեղծություններ ու արձակ գործեր, Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ այդ գրքերի հովանավորը ամերիկաբնակ Հովսեփ Նալբանդյանն է, ով տպագրելով հայ հեղինակների գրքերը՝ իր նպաստն է բերում հայրենիքին: Էդվարդ Խաչիկյանը գնահատեց Հ. Նալբանդյանի դերը Սփյուռքում հայկական դպրոցները պահպանելու գործում: Հովհաննես Պապիկյանի հավաստմամբ՝ Ժ. Աբրահամյանը հավատ է ներշնչում իր գրածի հանդեպ և այն բանի հանդեպ, ինչի մասին գրում է: «Պոեզիայի համար երեք բան է պետք՝ զգացմունք, միտք և անկեղծություն»,- նկատեց Վրեժ Սարուխանյանը՝ շեշտելով, որ այդ երեքն էլ առկա է Աբրահամյանի գործերում: Լևոն Բլբուլյանի կարծիքով՝ Ժ. Աբրահամյանի բանաստեղծությունները հաղթական են, ոգեշունչ, իսկ արձակը՝ կանացի նուրբ հոգեբանական ծալքերը հայտնաբերող, հետաքրքիր: Գրականագետ Արմեն Ավանեսյանը նշեց. «Փոստատար արագիլը» մեզ դրդում է արթուն աչք ունենալ, տեսնել մանրուքները և պահպանել մանկության հրաշքը»,- և հավելեց, որ «Քսվում է ցավը հացին» գրքում ներառված բանաստեղծությունները, պատմվածքները ասքապատումներ են հայրենյաց, հերոսի, հայ զինվորի մասին: Բանաստեղծ Բագրատ Ալեքյանի հավաստմամբ՝ Ժ. Աբրահամյանը այդ գործերն ստեղծել է ոչ թե ցավի հարևանությամբ, այլ այդ ցավը իր մեջ կրելով:
Ելույթ ունեցան նաև գրքերի հովանավոր Հովսեփ Նալբանդյանը, բանաստեղծ Անուշ Վարդանյանը, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը և ուրիշներ: Շնորհանդեսը վարում էր Ջուլիա Դալլաքյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ