Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է։ Նրա պատերի ներսում ապրում են Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Տերյանի, Սևակի, Շիրազի, Սարոյանի ու Խանզադյանի խոսքերը, որոնց ուժով սերունդներ են դաստիարակվել ու հայ մնացել։ Հայ գրողը դժվարագույն ժամանակներում էլ վառ է պահել ժողովրդի հոգու լույսը։
Մեր փաստաբանական խմբի համար պատիվ էր տարիներ շարունակ դատարանում ներկայացնել ու պաշտպանել գրողների շահերը։ Այդ պայքարում մենք կրում էինք նաև մի պատասխանատվություն. պաշտպանել սերունդների ստեղծածն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ժառանգությունը։
Օրեր առաջ դատարանը, հանուն Հայաստանի Հանրապետության, իրականացրեց արդարադատություն՝ գրողների սեփականությունը (Ծաղկաձորի ստեղծագործական տունը) մնաց գրողներին։
Շնորհակալություն դատարանին՝ իրավունքը պաշտպանելու և արդարության հանդեպ հավատն ամրապնդելու համար։
Գրողի ստեղծածը ժողովրդի հոգևոր հարստությունն է։ Գրողի սեփականությունը պաշտպանելը՝ այդ հարստության վաղվա օրվա երաշխիքը։
Շնորհավորում եմ գրողների համայնքին՝ նախագահ Միլիտոնյանի առաջնորդությամբ։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Գրողների միության փաստաբան
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ
Շուրջ 2 տարի 7 ամիս շարունակվում է ՀՀ վարչական դատարանում ՀՀ Գրողների միության անշարժ գույքերի (շենքերի) վերաբերյալ դատը։ Այդ ընթացքում կայացել են մի շարք դատեր, որտեղ ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեին՝ վերոնշյալ գույքերին սեփականության իրավունք տալու վերաբերյալ, ինչը, փաստորեն, կայացվել էր 27 տարի առաջ։ Վարչական դատարանում ՀԳՄ-ն հրավիրված է որպես երրորդ անձ։ Սակայն տուժող կողմը հենց ՀԳՄ-ն է լինելու։
ՀԳՄ-ն ներկայացրել է փաստական ողջ պատմությունը, հատկապես, որ 1934 թ., երբ կազմավորվել է ՍՍՀՄ Գրողների միությունը, նրան զուգահեռ ստեղծվել է ՍՍՀՄ ոչ-պետական գրական հիմնադրամը, որը ՍՍՀՄ գոյության տարիների ընթացքում կառուցել, վերանորոգել է շենքեր, ինչպես նաև հատկացրել աշխատավարձեր, այդպիսով կազմակերպել է ՍՍՀՄ և առանձին հանրապետությունների գրական բաժանմունքների հիմնադրամների միջոցով գրական-ստեղծագործական կենսագործունեությունը։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյացել են դասական և ժամանակակից գրողների հոնորարների մասհանումներից, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր գրող մեր սեփականության նկատմամբ ունի գույքատիրոջ իրավունք։ Անկախության տարիներին ՀԳՄ-ն է հոգացել գույքերի հետ կապված բոլոր ծախսերը։ Այս բոլոր տվյալները դատարանում մանրամասն ներկայացրել է «Լև գրուպ» փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ։ Բացակայել են այդ շենքերը պետական լինելու որևէ հիմնավորում։
Վարչական դատարանում քննարկվել է գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան վերաբերյալ հայցը (դատավոր՝ Ռուզաննա Ազրոյան)։ Դատավորը հսկայական վերլուծություն է կատարել բազմաթիվ օրենսդրական և մեր կողմից ներկայացված տեղեկությունների շուրջ և կայացրել է վճիռը՝ մերժել դատախազության հայցը՝ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Վճիռը օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո, եթե…
ՀԳՄ-ն իր շնորհակալությունն է հայտնում այս ընթացքում գործած «Լև գրուպ» փաստաբանական խմբին, նրա ղեկավար Լևոն Բաղդասարյանին և դատավոր Ռուզաննա Ազրոյանին՝ Հայաստանում արդարադատության առաքելությունն ու պատիվը ճշմարիտ պահելու համար։
Մենք հավատում ենք, որ մյուս դատարաններն ու դատերը մեր անշարժ գույքի վերաբերյալ կլինեն նույնքան հիմնավորված և արդարացի։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
