ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Օրերս Գյումրու զինվորական կայազորում տեղի ունեցավ Շիրակի մարզի գրողների հերթական հանդիպումը զինծառայողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Սամվել Մարգարյանը, Հարություն Սարգսյանը, արձակագիրներ Շնորհիկ Շահինյանն ու Մնացական Մուրադյանը: Հանդիպումը վարում էր ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Հայոց բանակին, հայի անպարտելի ոգուն նվիրված բանաստեղծությունները ջերմորեն ընդունվեցին զինվորական և սպայական անձնակազմի կողմից: Արցախյան ազատամարտի մասնակիցներ Մնացական Մուրադյանն ու Հարություն Սարգսյանը իրենց փորձը հաղորդեցին նորակոչիկներին: Գրողների և զինվորների միջև ընթացավ աշխույժ մի երկխոսություն հարց ու պատասխանի միջոցով՝ ընդգծելով այն ճշմարտությունը, որ շիրազյան ձևակերպումով հնչում է այսպես` բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի: Հանդիպման վերջում գրողներն իրենց ընծայագրված գրքերից և Շիրակի «Եղեգան փող» գրական-մշակութային թերթի օրինակներից նվիրեցին զորամասի գրադարանին: Միջոցառումն ամփոփեց և իր շնորհակալական խոսքով հանդես եկավ Գյումրու զինվորական կայազորի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գիրգորյանը:
Հ.Գ. Հավելենք, որ հանդիպումը կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ-ի համագործակցության արդյունքում: Այս համագործակցությամբ սահմանված մրցանակաբաշխության դափնեկիրներից շատերը հենց գյումրեցիներ են (Գագիկ Սարոյան` 1-ին մրցանակ-2017 թ., Սամվել Մարգարյան` 3-րդ մրցանակ-2015 թ., 2016 թ., 2017 թ., Հրանուշ` խրախուսական մրցանակ-2015 թ., 2016 թ., 2017 թ., 2018 թ.):
Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։