Փետրվարի 8-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Վալերի Պարանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վ. Պարանյանը հետաքրքիր ու բարդ աշխատանքային կենսագրություն ունի՝ և՛ մշակութային գործունեություն, և՛ ուժային կառույցներում ծառայություն, ասաց. «Վերջին 30-40 տարվա կենսական զիգզագները, խորդուբորդությունները, անհարթությունները դարձել են կյանք ու ամենին ագուցված, այդ ամենից ծնվող բանաստեղծություն, արձակ, բանավոր խոսք կամ լռություն»: Ապա Վ. Պարանյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով:
Գրականագետ Ֆելիքս Բախչինյանի հավաստմամբ՝ Վ. Պարանյանը որքան էլ պեղեր բնական գիտությունների, հասարակության ու մարդու իրավունքների մասին իրեն կանչող ոլորտները, այնուամենայնիվ, կյանքի ճանապարհին նրան ուղեկցողը իր զգացմունքառատ ապրումներն էին, որ մղում են գրիչ վերցնել ու խոսել սեփական սրտի թրթիռների, հույսի ու լույսի, հաշտեցումների, հոգու կանչերի մասին:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Վ. Պարանյանին բնորոշելով որպես իր հող ու ջրի նվիրյալի, նրա ստեղծագործության ամենամեծ արժեքներից մեկը համարեց այն, որ նա կարողանում է իր բնաշխարհը, այնտեղ ապրող մարդկանց, նրանց պատմությունները, երկխոսությունները ներկայացնել այնպես, որ կարդալով հասկանում ես Լոռվա աշխարհը, մարդկանց, նրանց տրամադրությունը, հոգեբանությունը, բնավորությունը:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը արժևորեց «Թատերական Լոռի» փառատոնի դերը Ալավերդի քաղաքի կյանքում, որի ստեղծման ակունքներում կանգնած է Վալերի Պարանյանը, և վերջինիս պարգևատրեց Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով:
Թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Բախչինյանը կարևորեց Վ. Պարանյանի մարդկային հատկանիշները՝ համեստությունը, մարդկայնությունը, բարությունը, դրանք համարելով ավելի մեծ արժեքներ, քան գրական ձեռքբերումները:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Սիլվա Ասրյանը, Նորա Հակոբյանը, Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, արձակագիր Լևոն Ջավախյանը և ուրիշներ՝ խոսելով գրական և արվեստի այն միջավայրի մասին, որ Վ. Պարանյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում ստեղծել էր և Լոռին դարձրել արվեստագետների ամենասիրած վայրերից մեկը:
Ցերեկույթը վարում էր մշակութաբան Գարեգին Էվոյանը: