ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Փետրվարի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և Գիրք նվիրելու օրվան:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ՀԳՄ նախաձեռնությամբ նշել որպես Գիրք նվիրելու օր, ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին այն դարձել է իսկապես համահայկական տոն: Տեղեկացնելով, որ ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին, նա վստահեցրեց, որ մեր ազգային ինքնությունը ձևավորվել է Թումանյանի ոգով, ստեղծագործությամբ և նաև ապագայի նրա տեսլականով: «Երբ նայում ես նրա ստեղծագործական ճանապարհին, հասկանում ես, որ դա ծրա­գրային ճանապարհ է եղել: Նրա մեջ կոդավորված էր մի հսկա սկիզբ ու ընթացք»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ Թումանյանը հզոր այրմամբ ստեղծում էր գրականություն՝ արտացոլելով մարդկային փոխհարաբերությունները, ազգամիջյան հարաբերությունները, նպաստում էր հայ գրականության, մշակույթի, ազգային ոգու տարածմանը: «Թումանյանը պետություն էր մեր անպետություն ժամանակներում»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը:

Անդրադառնալով Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակի շրջանակում կազմակերպված միջոցառումներին՝ նա տեղեկացրեց, որ տարբեր երկրների գրական կազմակերպություններ պատրաստվել են ողջ տարվա ընթացքում պատշաճ կերպով նշելու մեծ գրողի հոբելյանը: Մասնավորապես՝ գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ, միջոցառումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Իրանում, Լիբանանում, Վրաստանում՝ գրական, մշակութային և եկեղեցական կառույցների հետ համատեղ: Արցախում՝ Ստեփանակերտում, Թումանյանի կերպարով կառքով շրջայց կիրականացվի: Այդ տարածքում ժամանակին կառքով զբոսնել է Թումանյանն ինքը: Արցախի Գր. Նարեկացի համալսարանում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված մեծ բանաստեղծին: Թբիլիսիում, մեր հանրապետության տարբեր մշակութային միությունների աջակցությամբ, փետրվարի 19-ին Թու- մանյանի տուն-թանգարանում կկայանա հանդիպում մտավորականների հետ, ինչպես նաև այց Խոջիվանք, որտեղ կանցկացվի հոգեհանգստի կարգ: Կանցկացվի նաև Գիրք նվիրելու օրվա ավանդական միջոցառում: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդես, «Թումանյանը մեզ հետ է» բանախոսությամբ ելույթ կունենա Սուսաննա Հովհաննիսյանը: Երեկոյան տեղի կունենա մեծ հանդիսություն՝ Վրաստանի գրողների միության անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Ջավախքում ևս լայն ծրագիր է նախատեսված ողջ տարվա համար: Էդ. Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 19-ին ՀՀ բոլոր մարզերում, գրական բաժանմունքներում հանդիպումներ են լինելու, Երևանի տարբեր դպրոցներում գրողները Թումանյանին նվիրված դասեր են անցկացնելու: Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանում, տեղի կունենա Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված մեծ միջոցառում, որտեղ նաև գրքեր են նվիրելու ընթերցողներին: «Փետրվարի 19-ին Գրողների միության շենքի մոտ գրողները գրքեր կնվիրեն անցորդներին»,- եզրափակեց Էդ. Միլիտոնյանը:

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը հավելեց, որ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում արդեն քանի տարի, Վլադիկ Կիրակոսյանի գլխավորությամբ, գործում է հատուկ խումբ, որի մեջ ներգրավված են Գրականության ինստիտուտից, ԵՊՀ-ից և տարբեր տեղերում Թումանյանով զբաղվող գրականագետներ, որոնք պարբերաբար հրատարակում են Թումանյանի վերաբերյալ կենսամատենագիտություն՝ ոչ թե սիրողական մակարդակով, այլ գիտականորեն ուսումնասիրված:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Լուսանկարները`

Բախշի  ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։