Արդեն չորրորդ տարին է, ինչ գործում է Արարատ Մկրտումյանին (1988 թ. երկրաշարժի ժամանակ զոհված բանաստեղծ) նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը: Այն հովանավորում է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամը, որի նախագահն է վաղամեռիկ բանաստեղծի եղբայրը՝ Արթուր Մկրտումյանը: Մրցանակաբաշխությունը հաջորդաբար անցկացվում է Շիրակի և Լոռու գրողների համար:
Այս տարի արդեն երկրորդ անգամ մասնակիցները Լոռու մարզի երիտասարդ բանաստեղծներն էին: Մասնակցության հայտ էին ներկայացրել լոռեցի վեց գրող: Մրցանակաբաշխության հանձնախումբը նախապատվությունը միաձայն տվեց վանաձորցի բանաստեղծուհի Մանուշակ Քոչարյանին, ով արդեն երկու ժողովածուի հեղինակ է:
Երևանի «Արմավ» հրատարակչությունն արդեն լույս է ընծայել մրցանակաբաշխության հաղթող Մ. Քոչարյանի բանաստեղծությունների «Գույներ» ժողովածուն: Իսկ «Բարձրացող շնչառություն» վերտառությամբ անթոլոգիայում տպագրվել են նախորդ մրցանակաբաշխության հաղթող Մարինե Թաթոյանի, Վիոլետա Լապտևայի, Իրմա Հակոբյանի, Հրաչուհի Լոռեցյանի և ամենակրտսեր մասնակցի՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի, 20-ամյա Նարե Վարդումյանի բանաստեղծությունների շարքերը՝ լուսանկարներով և կենսագրություններով:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ավանդաբար Լոռու մարզում տեղի էր ունենում Արարատ Մկրտումյանի ծննդավայր Ալավերդի քաղաքում նրա ծննդյան օրը՝ մայիսի 1-ին: Հայաստանում արտակարգ դրության հետ կապված սահմանափակումների պատճառով մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվել է: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո:
Հաղթողից բացի, մրցանակներ են նախատեսված նաև մյուս հինգ մասնակիցների համար: