ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 14-16-ը Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը Երիտասարդ ստեղծագործողների միջազգային հավաքին Երևանից և հանրապետության տարբեր մարզերից հրավիրված երիտասարդ ստեղծագործողները նախապես մասնակցել էին ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխությանը»: Հավաքի հյուրերն էին բանաստեղծուհի Լուսինե Վանոյանը և թարգմանչուհի Կարինա Մանուկյանը Վրաստանից, լեհ բանաստեղծուհի, թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլան Լեհաստանից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Երիտասարդական հավաքները հնարավորություն են ընձեռում հանդիպելու, մասնակցելու քննարկումների ու զրույցների, որոնք շատ կարևոր են թե՛ երիտասարդ, թե՛ ավագ գրողների համար: Գրողը մշտապես պիտի տեսնի իրեն գրականության մեջ, աշխատի գրականության համար, որը իսկապես մեծ ճակատագիր է»: Էդ. Միլիտոնյանը Նաթելլա Լալաբեկյանին հանձնեց ՀԳՄ և ԱՄՆ Հայ գրողների և լրագրողների միության համատեղ «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը:

ՀԲԸՄ   ներկայացուցիչ Լենա Բաղդասարյանը ստացավ ՀԳՄ պատվոգիր: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը մրցանակներ հանձնեց ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» մրցանակակիրներին:

Կարինա Մանուկյանը գոհունակություն հայտնեց Երիտասարդական հավաքին մասնակցելու հնարավորության համար, խոսեց հայ-վրացական գրական կապերի ակտիվության անհրաժեշտության մասին: Կալինա Իզաբելա Զիոլան խոսեց Հայաստան իր այցելությունների, հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների իր թարգմանությունների և Երիտասարդական հավաքին մասնակցելու հրաշալի առիթի համար:

Երիտասարդները բաժանվեցին տարբեր խմբերի և ավագ գրողների հետ միասին սկսեցին ընթերցումներն ու քննարկումները ստեղծագործությունների շուրջ: Պոեզիայի մի խմբում երիտասարդների հետ աշխատում էին Էդվարդ Միլիտոնյանը, Մանվել Միկոյանը, Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Հարությունը, իսկ մյուս խմբում՝ Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Շանթ Մկրտչյանը, Գագիկ Սարոյանը և Անուշ Վարդանյանը: Արձակի խմբում երիտասարդների հետ աշխատում էին Նորեկ Գասպարյանը, Գուրգեն Խանջյանը, Ալիս Հովհաննիսյանը և Նառա Վարդանյանը: Քննարկումներին մասնակցում էր գրականագետ Արմեն Ավանեսյանը: Երիտասարդներն ընթերցեցին իրենց ստեղծագործությունները: Ավագ գրողները կարծիքներ էին արտահայտում ընթերցված ստեղծագործությունների վերաբերյալ, ինչպես նաև խոսում իրենց փորձառության մասին: Նրանց խորհուրդն էր երիտասարդներին՝ շատ ընթերցել համաշխարհային ու հայ դասական գրականություն, ինչպես նաև ծանոթանալ ժամանակակից գրողներին: Ընկերների ստեղծագործությունների մասին հետաքրքիր դիտարկումներ ունեին նաև երիտասարդները: Գուրգեն Խանջյանն ափսոսանքով խոսեց «Գրեթերթ»-ի չտպագրվելու մասին, որի պատճառով քիչ են երիտասարդների ստեղծագործությունները տպագրելու հնարավորությունները:

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Մարինկա Ռաֆայելյանի «Անավարտ մեկնում», Կալինա Իզաբելա Զիոլայի «Խոստովանություն» հայերեն, ռուսերեն, լեհերեն, Անուշ Վարդանյանի «Կինը» հայերեն-լեհերեն և Մարիամ Սարգսյանի «Նոր հեքիաթ» գրքերի շնորհանդեսը: Մարինկա Ռաֆայելյանի գիրքը հրատարակվել է «Արմավ» հրատարակչությունում, իսկ մյուս գրքերը՝ «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց հեղինակներին, խոսեց գրքերի մասին: Ներկաները շնորհավորեցին հեղինակներին և ապագա հաջողություններ մաղթեցին: Կալինա Իզաբելա Զիոլան շնորհակալություն հայտնեց Հայաստանում իր գրքի հրատարակման առթիվ: Անուշ Վարդանյանը շնորհավորեց Կալինա Իզաբելա Զիոլային նրա եռալեզու գրքի հրատարակման առթիվ և խոսեց նրա լեհերեն թարգմանած իր «Կինը» գրքի մասին: Այդ և հաջորդ օրը շարունակվեցին քննարկումները: Արձակի խմբում երիտասարդները պայմանավորվեցին պահպանել կապը ավագ գրողների հետ և հեռավար քննարկումներ կազմակերպել:

Հոկտեմբերի 16-ին ամփոփվեցին Երիտասարդական հավաքի աշխատանքները: Պոեզիայի մի խմբի մասին խոսեց Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով յուրաքանչյուր երիտասարդի ստեղծագործության առանձնահատկություններին: Մանվել Միկոյանը նույնպես իր կարծիքն արտահայտեց հավաքի և մասնակից երիտասարդների ստեղծագործությունների վերաբերյալ: Մյուս խմբի աշխատանքները ներկայացրեց Արտեմ Հարությունյանը: Նրա խորհուրդները երիտասարդներին ուղեկցվում էին համաշխարհային գրականության հանրահայտ հեղինակների ստեղծագործությունների մեջբերումներով: Նաթելլա Լալաբեկյանն իր գոհունակությունը հայտնեց Գրողների միությանը հավաքի կազմակերպման և ուրախությունը՝ երիտասարդների ակտիվ մասնակցության համար, որի շնորհիվ իմաստավորվում են իր ամենամյա այցելությունները Հայաստան: Արձակի խմբի մասին իրենց գոհունակությունն արտահայտեցին Նորեկ Գասպարյանն ու Ալիս Հովհաննիսյանը: Նրանք անդրադարձան երիտասարդների գրագիտությանը, բանիմացությանը և ներկայացրած  ստեղծագործությունների արժանիքներին: Արմեն Ավանեսյանը նշեց, որ Երիտասարդական հավաքների կարևորությունն այն է, որ ձևավորվում է լսելու և վերլուծելու մշակույթ: Կարինա Մանուկյանն առաջարկեց հայ և վրաց երիտասարդ գրողների ստեղծագործությունների համատեղ անթոլոգիա հրատարակել: Թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին ասաց, որ սիրով կմասնակցի այդ ծրագրին: Կալինա Իզաբելա Զիոլան նշեց, որ ինքը մշտապես թարգմանում է հայ հեղինակների ստեղծագործությունները և ուրախ կլինի թարգմանել նաև երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Հավաքի մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին՝ հյուրընկալության և հավաքի անցկացման հնարավորությունների համար:

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 

 

 

                          2026 թ. Հայաստանի գրողների միության և

 ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ

«Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն»

 

 

Պոեզիա անվանակարգ

 

Մուշեղ Տոնոյան 1-ին մրցանակ

Լուսինե Առաքելյան 2-րդ  մրցանակ

Միլենա Սաֆարյան 2-րդ  մրցանակ

Ալբերտ Թաթարյան 2-րդ  մրցանակ

 

Արձակ անվանակարգ

 

Գոռ Աղամիրյան 1-ին մրցանակ

Մարատ Սիրունյան 2-րդ  մրցանակ

Վոլոդյա Մկրտչյան 2-րդ  մրցանակ

 

Ամալյա Ենգոյան – խրախուսական

 

Մանկագրություն անվանակարգ

Հատուկ մրցանակ

Լեո Տեր-Գուլանյան