ԱԼԵՔՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որին զոհ գնացին ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, տեղակալները, պատգամավորներ, մեր անկախ պետականության ժամանակաշրջանի ողբերգական էջերից մեկն է: Իմ համոգմամբ՝ դա սոսկ ահաբեկչություն չէր, այլ մտածված, ծրագրված գործողություն, պետական հեղաշրջման փորձ:
Քիչ է ասել, թե այդ ոճրագործությունը ոտնակոխ արեց՝ խոցեց մեր ազգային արժանապատվությունը: Ում համար թանկ է հայրենիքը, այդ օրն արձակված գնդակները նրա սրտով էլ են անցել: Կատարված ողբերգությունից հետո հաճախակի հնչող զգացմունքային դատողությունները, ինչպես նաև հազվադեպ սթափ վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ողբերգության ու նրան հետևած իրադարձությունների գնահատման հարցում հասարակական կարծիքը միանշանակ չէ: Այնինչ անհրաժեշտ է հավասարակշռված վերլուծություն, որը ոչ մի կախում չունենա քաղաքական իրավիճակից, բացահայտ կամ ստվերային թելադրանքներից…
Ըստ իս՝ նախորդ տարիներին տեղի ունեցած բռնությունները, աղմկահարույց «առեղծվածային» սպանությունները, ռազմաճակատում առանձին հրամանատարների՝ տնտեսական և քաղաքական գործիչների խորհրդավոր պայմաններում զոհվելը ոչ միայն իրավական, բարոյական, քաղաքական առումներով հանգամանալից քննության ու վերլուծության չենթարկվեցին, մեղավորները չպատժվեցին, այլև, կարծում եմ, նոր իշխանությունների կողմից չստացան իրենց քաղաքական և իրավական գնահատականները: Հանրապետությունում իշխում էր բացահայտ անպատժելիության, կամայականության մթնոլորտ: Կարծում եմ՝ այդ մթնոլորտում Հայաստանում ներքաղաքական վիճակն ապակայունացնելը մեր թշնամիների ու նրանց դրածոների համար մեծ դժվարություն չէր ներկայացնում:
Դեռևս 1998 թ. «Ազգ» թերթում գրել էի, որ Հայաստանում 5-րդ շարասյունը պիտի գործի դներ բոլոր հնարավոր միջոցները երկիրն ապակայունացնելու, մեր պետականությունը հարվածի տակ դնելու համար: Իսկ դրա համար պարարտ հող կար… Հայաստանը չուներ ազգային անվտանգության համապարփակ ծրագիր, որը ներառեր Երկրի անվտանգության, քաղաքական, ռազմական, արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ոլորտները: 27-ի արյունալի դեպքերն այդ ամենի տրամաբանական շարունակությունն են…
Գործի քննությունը պետք է ղեկավարեր և իրականացներ հանրապետական դատախազությունը, որն, իհարկե, կարող էր մասնակից դարձնել նաև զինվորական դատախազությանը: Բայց զարմանալիորեն եղավ հակառակը… Կարևոր հանգամանք է նաև այն, որ 27-ի ահաբեկչական գործողություններն արագ վերածվեցին քաղաքական գործոնի, որի տխուր հետևանքը եղավ այն, որ տարբեր քաղաքական ուժեր փորձեցին այն ծառայեցնել իրենց քաղաքական շահերին: Ըստ էության՝ նման արյունալի ողբերգության շահարկումն առնվազն ցածր բնազդների տեր մարդկանց գործն է: Այս հանգամանքը իր հերթին դժվարացրեց և՛ քննչական, և՛ դատական օրգանների գործը…
Հատված «Մայրամուտի շեմին» գրքից,
2002 թ.
