Սեպտեմբերի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի (Գերմանիա) և թարգմանիչ Հելմուտ Մալոնեկի (Պորտուգալիա) հետ։
Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ վերջերս Գերմանիայում լույս է տեսել «Երեխան, որ կուլ է տվել լուսինը» ժամանակակից հայ արձակի (կարճ պատմվածք) անթոլոգիան։ Թարգմանիչը ներկայացրեց ստեղծագործելու իր մեթոդը՝ «գերմանացի ընթերցողին հետաքրքրող թեմատիկա, գեղարվեստական որակ, կին և տղամարդ հավասարաչափ ներկայություն, ջահելներ և ահելներ, միջին տարիք…»։
Գերմանիայի տարբեր քաղաքներում սպասվում են հանդիպումներ թարգմանչուհու հետ և շնորհանդեսներ։ Հայաստանում կազմակերպվել է արդեն երկու հանդիպում։
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Ագապի Մկրտչյան թարգմանչուհուն, բանաստեղծին, մանկավարժին և նրա թարգմանությունները՝ «Ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիա», «Հայ ժողովրդական հեքիաթներ», «Պարույր Սևակի պոեզիայից», այժմ տպագրվում է «Արցախի ժամանակակից պոեզիայի անթոլոգիան»։
Ագապի Մկրտչյանը ՀԳՄ այն անդամներից է, որ Սփյուռքում գրական-թարգմանական լայն գործունեություն է ծավալում։
Հոկտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի տոնավաճառում կներկայացվի վերոնշյալ հայ արձակի անթոլոգիան։
Ելույթ ունեցան թարգմանիչ Հելմուտ Մալոնեկը, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը, բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեն, դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը։