ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում

Մարտի 30-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Հանդիպման առանցքում Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» գիրքն էր, որն արժանացել է ՀՀ պետական մրցանակի: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, տեղեկացնելով, որ դեռևս իր ուսանողության տարիներին բանասիրական ֆակուլտետում հյուրընկալվել են մեծ գրողներ Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը և այլք, շեշտեց, որ ուսանողությունը պետք է ճանաչի նաև ժամանակակից գրողներին: Ապա ներկայացնելով Գ. Խանջյանին, ով մեծ վաստակ ունի հայ գրականության մեջ, նա անդրադարձավ «Ձեռքդ տուր, պստլո» գրքին. «Այս գիրքը հետաքրքիր պատում է Գրիգոր անունով մարդու մասին, ում միջոցով ծանոթանում ենք նախկին Խորհրդային Միության տարբեր ժողովուրդների կյանքին այսօրվա իրականության պայմաններում»: Ա. Դոլուխանյանի հավաստմամբ՝ Խանջյանի գլխավոր հերոսները կանոններից շեղումներ ունեն, դրանով էլ նրա արձակը, դրամատուրգիան դառնում են շատ հետաքրքիր: Արժևորելով վեպի ոչ ցուցադրական հայրենասիրական դրվագները՝ Ա. Դոլուխանյանն ընդգծեց, որ գրքում հայը ներկայացված է որպես հոգեկան հարուստ հուզաշխարհ ունեցող անձնավորություն: Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Զվարթ Ամբրոյանը «Գուրգեն Խանջյանի՝ իրականությունների խաչմերուկում հայտնված մարդու կյանքի փիլիսոփայությունը» խորագրով զեկուցման մեջ նշեց, որ «Տուր ձեռքդ, պստլո» վեպը Գ. Խանջյանի գրական վաստակի, կենսական մեծ փորձի ամփոփումն է: «Պատահական չէ, որ գիրքը կարդալիս ընթերցողը բացահայտում է ոչ միայն Գուրգեն Խանջյան գրողին, այլև սովորական մարդ-անհատին: Ինքնակենսագրական տարրը, առանց հեղինակի խոստովանության էլ, ակներև է գրքի յուրաքանչյուր էջում: Այստեղ նա է՝ իր խորհրդածություններով, կյանքի վերաբերյալ իր փիլիսոփայությամբ, իր հայացքներով, հարուստ կենսափորձով… Եվ գրեթե անհնար է տարբերակել Գրիգ անունով հերոսին նրան կերտած հեղինակից: Հերոսի անցնելիք ճանապարհը հենց հեղինակի անցած ճանապարհն է… »,- ասաց նա: Հանդիպման ընթացքում Գ. Խանջյանը, Կ. Խոդիկյանը, Ա. Դոլուխանյանը, Ս. Կոսյանը, Պ. Դեմիրճյանը պատասխանեցին ուսանողների բազմաբնույթ հարցերին: Ամփոփելով հանդիպումը՝ Գ. Խանջանը խոստովանեց, որ վեպի շարժառիթը իր նախկին բոլոր գրածներն էին և իր ապրած կյանքը: «Հասունացել, եկել էր մի պահ, որ այդ ամբողջը ամփոփեի, ամբողջացնեի, այստեղ երևի 80-85 տոկոսը կենսագրական է, չնայած տեղաշարժել եմ, կտրել-տարել եմ մի տեղից մյուսը, կոլաժել եմ, բայց սոսինձը իմ ապրած կյանքն է, որ պիտի լցվեր այս գրքի մեջ»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։