Մայիսի 10-ին Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ արձակագիր Ռուսլան Մալինյանի «Ծիրանի ծառը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը, որը վարում էր Նոյեմբերյանի կրթության ոլորտի արհմիության նախագահ Արևիկ Աղաբաբյանը, և բացվեց քահանա Տեր Սմբատի օրհնությամբ: Գրողի ու գրքի անփոխարինելի, աշխարհաշեն ու աշխարհապահ դերի մասին խոսեց ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Նա առանձնապես բարձր գնահատեց Ռ. Մալինյանի գրքերի անկեղծությունը, պարզությունն ու լեզվաոճական յուրահատկությունները:
Մալինյանի պատմվածքների մոտիվներով բեմականացում ներկայացրին իր իսկ գյուղի՝ Լճկաձորի դպրոցի աշակերտները: Համերգային և ասմունքի համարներ ներկայացրին Այրումի երաժշտական դպրոցի սաները (ղեկ.՝ Նաթելլա Մալինյան), Ռուզան Մալինյանը, երգչուհի Կարինե Ալեքսանյանը: «Ծիրանի ծառը» պատմվածքը հակիրճ վերլուծեց Արփինե Ամիրաղյանը: Վավերագրական կադրերով ներկայացվեց սիրված մանկավարժի կենսագրական հարուստ ճանապարհը, գրական արգասիքը՝ աշխարհագրական բառարաններ ու գեղարվեստական ժողովածուներ:
Ռ. Մալինյանի՝ գրող-ուսուցչի մեծ դերի մասին խոսեցին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, Լճկաձորի դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը, ժող. արվեստի վարպետ, քանդակագործ Արմեն Գոգինյանը, վաստակաշատ ուսուցիչ Սերյոժա Ալեքսանյանը: Սիրելի ուսուցչին դպրոցական սերունդների կողմից շնորհակալության ջերմ խոսքեր ասացին Նոյեմբերյանի «Հույսի կամուրջ» կազմակերպության տնօրեն Լուսինե Անտոնյանը և Տեր Հրայր քահանա Բեջանյանը:
Ռուսլան Մալինյանը շնորհակալական խոսքում ներկաներին մաղթեց նման բազում միջոցառումներ:
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ