ԲԱԶՄԱԲԵՂՈՒՆ ՄՏՔԻ ՈՒ ԳՐՉԻ ՏԵՐ ՀԱՅՈՒՀԻՆ (Աելիտա Դոլուխանյանի կենսամատենագիտությունը) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

 

 

 

Հայոց պատմության մեջ խոնարհումով հիշատակվող հայուհիների անուններ շատ կան: Այդ հայուհիների գոյությամբ ընտանիքներ են սրբացվել, կյանքի ու մահվան կռվում պահեր են հերոսացվել, որբությունից փրկված մանուկներ են մեծացել, արքաներ են թագադրվել, բեմեր են զարդարվել, գիտություն է ծաղկել, Աստվածաշունչ գրքեր են փրկվել, ավանդույթներ են պահպանվել, աղոթք երկինք հասել…, ու այսպես շարունակ:

Պատմություն կերտող, հայոց պատմությունը շարունակող հայուհիներ… Նրանց հատուկ է ինքնանվիրումը:

Ո՞վ է սերմանել, ինչպե՞ս է սերմանվել բացառիկ մաքուր ու անապական ինքնանվիրումը նրանց էության խորքերում: Արարման այդ ի՞նչ ծիսակարգով է հայուհուն անցել ինքնանվիրման անխորտակ սերմը, որի վեհասքանչ ծաղիկներով նա լցրել է հայոց պատմության նույնիսկ ոտնակոխ, հաճախ՝ կիզված դաշտը…

Հայուհի, նվիրյալ ծաղիկ, որ շարունակում ես բացվել՝ քեզնով լրացնելով ազգային հարատևության լուսավոր հույսը:

«…Հայ գրականությունը և հայ մշակույթը Եվրոպայի հայագետներին այն համոզումն է ներշնչել, որ հայերը, մնալով հայ մատենագրության ժառանգորդները, կպահպանեն իրենց ազգային ինքնությունը»:

Կարող ենք ասել, որ նույն այս գիտակցումն է եղել և մնում է Աելիտա Դոլուխանյանի գիտական ուսումնասիրությունների հիմքում: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ 2010-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ դառնալով հայագիտության և հասարակագիտության բաժանմունքի առաջին կին անդամը»: Բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի այս խոսքերին հանդիպեցի՝ ձեռքս առնելով 2017 թ. հրատարակված «Աելիտա Դոլուխանյան բանասերը, գիտնականը, մանկավարժը: Կենսամատենագիտություն» գիրքը՝ կազմված անվանի հայուհու ծննդյան 75-ամյակի առթիվ (Կազմող՝ բան. գիտ. թեկնածու Մայա Գրիգորյան):

Աելիտա Դոլուխանյան: Հայուհի, ով կյանքով ու գործունեությամբ լրացնում է ազգային հարատևության լույսը:

Հայուհու վեհագույն կեցվածք, դու մի անուն ունես՝ ինքնանվիրում…

Հզորագույն այդ ի՞նչ մղում է առաջնորդել անվանի հայուհուն, անցնելու հայ գրականությանն ու մշակույթին կենսամատենագիտությամբ այսքան տեսանելի, բայց անձանձիր խորություններով նվիրման իր ճանապարհը, որի համառոտ բնութագրումն այսպիսին է նույն գրքում. «Աելիտա Դոլուխանյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են գտնվում հայ գրականության պատմության բոլոր փուլերին ու արդի ընթացքին, գրականության տեսության և հայ գրականության ժանրային համակարգին վերաբերող հարցերը, ինչպես նաև եվրոպական հայագիտության և ի մասնավորի ֆրանսիական հայագիտության պատմությունը:

Հայ հին և միջնադարյան գրականության պատմությունը և առանձին հեղինակներին ու թեմաներին նվիրված գործերը գրված են սկզբնաղբյուրային նյութի, այդ թվում և ձեռագրային, քաջիմացությամբ և առկա հայկական, ռուսական ու եվրոպական տեսական գրականության քաջիմացությամբ…»:

Եվ սա ողջ ոլորտը չէ: Աելիտա Դոլուխանյանի մանկավարժական գործունեությունը գալիս է լրացնելու նրա վեհագույն կերպարը որպես երիտասարդության կրթության ու դաստիարակության համար ինքնայրման օրինակ: Փաստե՞ր՝ խնդրեմ. «Շնորհավորանքներ սաներից» խորագրով գրքում ներկայացված «Լուսամիտ մարդ-ուսուցիչը», «Երբ ուսուցչի հետ հանդիպումը ճակատագրական է», «Իմ սիրելի գիտնական-մանկավարժը» և այլ վերնագրեր ունեցող խոստովանություններ, որոնց հեղինակներն իրենք են այսօր տիտղոսակիրներ մանկավարժության, բանասիրության, գրականագիտության ոլորտներում, որտեղ և հանդես են գալիս արդեն սեփական ասելիքով ու հայրենանվեր գործերով:

Աելիտա Դոլուխանյանի նվիրումների արդյունքում նոր բացված հայաշունչ ու հոգեշունչ էջեր կան, հին էջերի նոր մեկնություններ, նոր բացահայտումներ, հայոց գրի ու մշակույթի վրա բացվող նոր լույսեր… Այդ ամենն, անշուշտ, ապրված կյանք է, որ հոսել է տարիների միջով, անցնելով անհանգիստ օրերի, անքուն գիշերների, քրտնաջան աշխատանքի ու բազմաբնույթ դժվարությունների, իհարկե, նաև՝ տվածից ստացած բավականության, ուրախության ու բերկրանքի ճանապարհներով:

Այն, ինչ արվել է նրա կողմից, նոր երակ է բացել հայոց կենաց ծառին: Հայ բանասիրության, գիր ու գրականության ոլորտում նրա կողմից ներդրվածը գնում է հարստացնելու, նոր աղբյուրներ բացելու այնտեղ: Սակայն, ո՞վ է նա՝ բազմաբեղուն մտքի ու գրչի տեր հայուհին, որ կանգնած է այդ աղբյուրների ակունքում, կյանքի ի՞նչ տարեթվերի, պատմության ի՞նչ հատվածների շրջանակներում գործելով ի՞նչ հատվածներ, ի՞նչ շրջանակներ է ներկայացրել:

Ինչպես շատ ու շատ հարցերի պատասխաններ իր մեջ ամփոփող հայոց պաշտամունքի առարկա Գիրքն ընդհանրապես, ներկա դեպքում մեր հարցերին պատասխանում է այն գիրքը, որն իր մեջ է առել անվանի հայուհու կյանքի ու գործունեության բնութագիրը:

Իմ ուսանողական տարիներն սկսելով մատենագիտական կրթությունից՝ մինչև այսօր խորագույն ակնածանքով եմ նայում յուրաքանչյուր տարեգրության, որն իր մեջ անվանի անձնավորության կյանք ու գործունեություն է պարունակում՝ կենդանացնելով անցնող տարիներն ու գնահատելով արվածը: Նույն ակնածանքով ձեռքս առա Աելիտա Դոլուխանյանի կենսամատենագիտությունը, որն էլ իմ մեջ արթնացրեց նվիրյալ հայուհիների շարքի մասին հիշողություններն ու նրանց շարունակությունը այս տիկնոջ մեջ տեսնելու հպարտությունը: Թերթեցի գիրքը, ինքս ինձ համար մեկ անգամ ևս կարևորեցի մատենագիտության ոլորտը հայոց գրի ու գրչության անդաստանում, ապա էջ առ էջ անցա այն ճանապարհը, որը ներկայացնում է Աելիտա Դոլուխանյանի հայեցիական մտքի ու հոգու ձեռքբերումները:

Ետպատերազմյան դժվարությունների հետ միախառնված հաղթանակի հրճվագին ապրումների, կորուստների ու ձեռքբերումների, տառապանքի ու մխիթարության, ապագայի մեջ լույսեր փնտրող 1940-ական թվականներ… Արդյոք ի՞նչ երազանքների ետևից էր գնում ձեր օրերի մեջ, կիրթ մտավորականների ընտանիքում մեծացող աղջնակի միտքը:

Խորհրդային Հայաստանի 1960-ական թվականներ… Արդյո՞ք ձեր օրերում սկսեցին ձևավորվել Դոլուխանյան ընտանիքի դստեր ուսանելի խոհերը, որ այսօր, «Կենսափորձից ծնված մտքեր» խորագրով զարդարում են նրա կյանքին ու գործունեությանը նվիրված այս մատենագիտական գրքի էջերը:

Յուրաքանչյուր կենսամատենագիտության համար հիշարժան կարևորությամբ են արձանագրվում տվյալ անհատի կյանքի կարևորագույն տարեթվերը: Աելիտա Դոլուխանյանին նվիրված գրքում ևս, անշուշտ, պահված է այդ կարգը: 1942 թվականի փետրվարի 14-ից, նրա ծննդյան օրվանից սկսվող տարեթվերի շարքն, առաջանալու հետ այստեղ ստիպում է ավելի ու ավելի ակնածանքով վերաբերվել այն կենսագրությանը, որի համառոտագրությունների խորքում բազում լուռ պատմություններ են ապրում՝ լի աշխատանքային ու գիտական ձեռքբերումների համար պահանջվող որակներով, որոնց թվում՝ անասելի կամք, պրպտուն միտք, աննկարագրելի աշխատասիրություն, մարդկային բարձրարժեք կեցվածք, ազգային դիրքորոշում և այլն:

Այն, թե գիտակ ու բանիմաց հայուհու ինչպիսի ներկայություն է ապահովել Աելիտա Դոլուխանյանը Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, վկայում է նույն համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանի և բանասիրական ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանի շնորհավորական ուղերձը՝ նրա ծննդյան հոբելյանի առթիվ: Ջերմաշունչ խոսքեր «գիտամանկավարժական հասարակական գործունեությամբ հանրապետության մասշտաբով հայտնի» բանասեր գիտնականին, նրան, ում չի լքում «հանապազ պրպտողի ստեղծագործ ակտիվությունը»: «Հոգատար մայր եք, նվիրված ընկեր, լայնախոհ գիտնական, բարյացակամ մանկավարժ և պատասխանատու մարդ Ձեր կյանքի բոլոր հարաբերություններում…» խոսքերը հպարտությամբ են ողողում անվանի անձնավորությանը նվիրված կենսամատենագիտության հետ ծանոթացողին, մանավանդ երբ նա ընկալվում է հայագիտական առաջընթացն ապահովող վեհաշուք տիկնանց առաջնային շարքում:

Հոբելյանական նույն շնորհավորագրում կարդում ենք՝ «Ձեր գիտական գործունեությունն ամփոփող շուրջ 30 ուսումնասիրությունների, 400-ից ավելի հոդվածների, ուշագրավ և բովանդակալից զեկուցումների ատաղձը ազգանվեր ուղղվածությունն է, խորենացիական ավանդներով մեր ժողովրդի այսօրը կերտելու մտահոգությունը»: Այնուհետև, երբ թերթում ենք մենագրությունների, գիտական ուսումնասիրությունների ու հոդվածների, ուսումնական ձեռնարկների մասին մատենագիտական-տեղեկատվական ցանկերը, բացի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունից, ավելանում է մեր սերը դեպի հայն ու հայ գրականությունը, դեպի հայերենով հյուսված խոսքն ու նրա պատմությունը, դեպի մարդն ընդհանրապես և՝ աշխարհաքաղաքացին:

Կենսամատենագիտության մեջ առանձին բաժնով ներկայացված է երախտավոր հայուհուն արժանիորեն մատուցված կառավարական ու այլ պարգևների ցանկը: Այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալ (2003 թ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվոգրեր (2015 թ., 2017 թ.):

Աելիտա Դոլուխանյանի կյանքի ու գործունեության բնութագիրն ամբողջացնում են այն նյութերը, որոնց մասին տվյալները գրքում ներկայացված են՝ «Ա. Դոլուխանյանը՝ թարգմանիչ», «Ուղեգրություններ», «Հարցազրույցներ», «Ա. Դոլուխանյանը կարծիքների կիզակետում» և այլ առանձին բաժիններով:

Միջնադարից մինչև մերօրյա հայ գրականության բավիղներում առանձնահատուկ շուքով շրջող հայուհի, որ նույն զգուշավորությամբ, պատասխանատվությամբ հարյուրավոր հին ձեռագրերի հետ թերթել է նաև ուսանողական բազում տետրեր ու գրագրություններ… Որքան է սիրել բոլոր ժամանակների հային, մեծին ու փոքրին, հեռու թե մոտիկ գտնվողին: Այդ ամենն անբառ ու անխոս գրություններով լի են կենսամատենագիտական ձեռնարկի զուտ մասնագիտական համառոտագրումների խորքերում կամ տողատակերում… Այդ ամենը չի կարող չլինել, նաև, որովհետև այստեղ ներկա են նրա խոհագրական տողերը կյանքի, հասարակության, հայրենիքի, մարդկային արատավոր երևույթները մերժելու, բարին ու գեղեցիկը պահպանելու և այլնի մասին:

«Կյանքը սիրում է նրանց, ովքեր հաղթահարում են կյանքի հարուցած դժվարությունները»: Ահա խոհ, որը կենսամատենագիտություն ներկայացնող գրքում գլխավորում է «Կենսափորձից ծնված մտքեր» բաժինը: Այս խոհն Աելիտա Դոլուխանյանին ներկայացնում է երկու՝ իրար շաղկապված հանգամանքների զուգորդման մեջ: Այն, որ դժվարությունները նրա կողքից հեռու չեն անցել, և այն, որ կյանքն, իսկապես, սիրում է նրան:

Կյանքը սիրում է ազգային նվիրումներով ապրած ու ապրող վեհաշուք հայուհիներին: Ներկա դեպքում, երբ հայոց գրի բազմաղբյուր անդաստանն է անվանի տիկնոջ կյանքի ու գործունեության ոլորտը, ուստի՝ նույն անդաստանի սիրեցյալն է անվանի բանասեր, գիտնական ու մանկավարժ հայուհին՝ Աելիտա Դոլուխանյանը:

Այս ամենի մասին հիշատակող սույն կենսամատենագիտական գիրքը գալիս է լրացնելու նաև տեղեկատվական գրականության մեջ մատենագիտության նկատմամբ ունեցած մեր ակնածանքն ու հարգանքը, որն անգնահատելի կարևորությամբ ուղեկցում է հայոց պատմությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։