Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը Վրաստանում

Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Սա բանաստեղծուհու վրացերեն թարգմանված երկրորդ գիրքն է: Թարգմանության հեղինակն է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրքի խմբագիրը՝ բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին: Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Գիվի Շահնազարը, վրացի գրողներ, մշակութային գործիչներ և հյուրեր Հայաստանից: «Հայ-վրացական մշակութային կապերի շարունակությունն է Սոնա Վանի գրքի թարգմանությունը»,- իր խոսքում նշեց Մ. Գոնա­շվիլին` անդրադառնալով նաև բանաստեղծուհու թեմային` ահագնացող պատերազմների վտանգի և մարդու ինքնակառավարման կարևոր դերի մասին:  Մ. Գոնաշվիլին Սոնա Վանին անակնկալ մատուցեց՝ շնորհելով ՎԳՄ անդամակցություն: Գիվի Շահնազարը խոսեց Սոնա Վանի պոեզիայի մասին, արժևորելով հուզական թափն ու խնդրի կտրուկ հարցադրման բանաստեղծական նրա որոշակիությունը: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում գնահատեց հայ-վրացական մշակութային կապերի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես նպաստել դրանց կայացմանը: Սոնա Վանի պոեզիայի հանդեպ իրենց գնահատանքի խոսքն ասացին մեծանուն դերասան Ժանրի Լոլաշվիլին, մշակութային գործիչներ, արվեստասերներ: Երևանից ժամանել էր ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, ով հայերենով հնչեցրեց Սոնա Վանի բանաստեղծություններից:  Սոնա Վանը, շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, նշեց, որ «Լիբրետո անապատի համար» գիրքը իր միակ «ծրա­գրային» գիրքն է, որն ունի կոնկրետ թիրախ` պատերազմ, ցեղասպանություն ու կրոն: Նա նշեց, որ Վրաստանի ու վրաց գրականության հետ իր կապը մեկնարկել է վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը ՝ «Ես Անուն Չունեմ» խորագրով ժողովածուի վրացերեն թարգմանությամբ: 2015 թ. գրված «Լիբրետո անապատի համար» ստեղծագործությունը թարգմանված է 15 լեզուներով: Հոկտեմբերին այն կներկայացվի Քենիայի բանաստեղծական փառատոնին: Իսկ մինչ այդ բանաստեղծուհին կմեկնի Չինաստան՝ մասնակցելու «Belt and World» պոետական միջազգային փառատոնին: Այնուհետև Գերմանիայում և Ֆրանսիայում կմասնակցի իր թարգմանական գրքի շնորհանդեսին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։