ՀԳՄ նախագահության նիստը

 

 

 

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԳՄ նորընտիր նախագահության անդրանիկ նիստը: Բացելով նիստը՝ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նախ շնորհավորեց նախագահության նորընտիր անդամներին՝ ցանկանալով արդյունավետ համագործակցություն, ապա անցավ օրակարգի հարցերին: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ ՀԳՄ 19-րդ համագումարից հետո նորընտիր վարչությունը համագործակցության ուղերձներ էր հղել ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, պաշտպանության, Սփյուռքի նախարարություններին: Վարչապետը համապատասխան նախարարություններին տվել էր որոշակի հանձնարարականներ: Նիստում ընթերցվեցին նախարարությունների՝ ՀԳՄ-ին ուղղված գրավոր պատասխանները՝ ներկայացված առաջարկներին ընդառաջելու պատրաստակամությամբ: Ապա ՀԳՄ նախագահն անցավ գործնական ծրագրերին: Մասնավորապես, նշեց առաջիկա Թարգմանչաց տոնի նախապատրաստական աշխատանքների, ժամանակակից գրական երկերի տպագրության, մամուլի և հեռուստաընկերությունների հետ համագործակցության, գրական հանդիպումների, շնորհանդեսների և այլ ընթացիկ միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման կարևորությունը:

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել Հայտարարությամբ, որով դրամաշնորհային աջակցություն է նախատեսում ստեղծագործական ու հետազոտական նոր աշխատանքներին: Նախարարության ծրագրի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին Պ. Դեմիրճյանը, Վ.Գաբրիելյանը, Խ. Մանուկյանը, Ա. Ավանեսյանը, Կ. Խոդիկյանը, Ա. Վարդանյանը, Մ. Միկոյանը: Դրական գնահատելով ստեղծագործողներին աջակցելու նախարարության նախաձեռնությունը՝ ելույթ ունեցողները՝ ելնելով Ծրագիրն առաջիկայում ավելի բարելավելու և արդյունավետ դարձնելու նպատակադրումից, հանդես եկան նաև մի շարք դիտարկումներով ու առաջարկներով: Նշվեց, մասնավորապես, որ նպատակահարմար կլիներ Ծրագիրը հրապարակելուց առաջ, այն քննարկել նախարարությունում՝ համապատասխան հաստատությունների փորձված և մասնագետ ստեղծագործողների ու հետազոտողների հետ: Տարակուսանք հայտնվեց, որ Ծրագրում գեղարվեստական գրականության ամբողջությունից աջակցության համար առանձնացվել է գեղարվեստական արձակը, այն էլ մի քանի ժանրեր միայն, մանավանդ որ դրանք (արկածային, դետեկտիվ, ֆենթըզի, սարսափ պատմություն և այլն) մեզանում ամենևին էլ գեղարվեստական գրականության առաջատար ուղղությունները չեն: Ծրագրում չեն ներառվել գրական մյուս, նույնքան կարևոր, սեռերն ու տեսակները (պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն…): Նշվեց, որ, թերևս, արժեր հստակեցնել «Հետազոտական աշխատանքների» «հայ քննադատություն» կետը՝ «տևական աշխատանքների» առումով այստեղ աջակցություն նախատեսելով ազգային գրականության և մշակույթի մեծարժեք, սակայն ինչ-ինչ պատճառով հանիրավի անտեսված ներկայացուցիչների անձին ու գործին նվիրված ամբողջական գիտահետազոտական երկերի, այդ թվում՝ աշխարհում ազգային գրական արժեքների հանրահռչակման առումով մեծ պահանջարկ վայելող գիտագեղարվեստական, կենսագրական վեպերի ստեղծմանն ու թարգմանությանը այլ լեզուներով: Ելույթներում կարևորվեց նաև հայտերը քննող հանձնաժողովի կազմը փորձառու, գրական-գիտական հանրության մեջ հարգանք ու վստահություն վայելող մասնագետներով համալրելու, հանձնաժողովի անդամների ընտրության չափորոշիչների հստակեցման խնդիրը:

Որոշվեց, որ նախագահության անդամները Ծրագրի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնեն գրավոր՝ ամփոփումից հետո, նախարարությանը ներկայացնելու համար:

Դրանով ՀԳՄ նախագահության նիստն ավարտեց աշխատանքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։