Շնորհավոր 2019 թվական

Շնորհավոր 2019 թվականՍուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԻՄ ԱՄԱՆՈՐՅԱ
ՄԱՂԹԱՆՔԸ
2019 թ. Ամանորի իմաստը, լեյտմոտիվը սերն է, սիրո թովչանքը, վեհությունը: Չնայած խոզի տարի է, բայց ոչ ոք թող չապրի խոզավարի, սառնաշունչ, փնթի:
Մաղթում եմ`
Որքան բաժան սրտեր կան,
Թող միանան այս տարի,
Որքան խռով սրտեր կան,
Թող որ հաշտվեն այս տարի:

Բոլորը հիշեն.
Ով սիրի` նա թև է առնում,
Ով սիրի` լեգենդ է դառնում…
Մարդու ծրագրերը անծայր են, իսկ կյանքը կարճ է, Թումանյանի բնութագրմամբ.
«Միտքը՝ երկար, կյանքը` կարճ»:
Բոլոր բարեկամներիս, իմ ծննդավայր Լոռու Ակներ գյուղի բնակիչներին, տարիքով ու փոքրիկ ընթերցողներին իմ հրատարակած 200 անուն ժողովածուներից հղում եմ իմ նոր լույս տեսած շքեղ, գունազարդ «Գայլն ու Ձմեռ պապը» գիրքը, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
Բոլոր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, հաջողություն, խաղաղություն:
Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ աշխատանք, երջանիկ գալիք, բազում ծրագրերի իրականացում:
Իմ գրչակից բարեկամներին, գրողներին ցանկանում եմ նոր, լավ գրքեր, ընթերցողների բանակ` Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք:
Խոսքս ավարտում եմ տարիներ առաջ գրած այս քառատողով.
Սիրո համար ենք ծնվում մենք,
Ապրում՝ սիրո համար,
Սիրո համար ծերանում ենք,
Մեռնում՝ սիրո համար:

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
Շուշի
ԹՈՂ ՁԵԶ ՄԻՇՏ
ՈՒՂԵԿԻՑ ԼԻՆԵՆ
ՀԱՅՈՑ ՈԳՈՒ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՅ ԳՐԻ ՈՒԺԸ
Սիրելի՛ հայրենակից և գրչակից բարեկամներ.
Ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում արևշատություն, երջանկություն, նոր ծրագրերի իրականացում և ակնկալում գրի ու տպագրության մի նոր զարթոնք համահայկական գրական դաշտում:
Նոր տարին դիմավորենք բարձունքներն հաղթահարելու զգացողությամբ, եթե հեռացել ենք, ապա զգալիորեն մոտենանք մեր ակունքներին, արթնանանք մեր արմատների ոգու մեջ և դեմքով շրջվենք դեպի Հաղթանակը, դեպի մեր նախնիների ոգու ավանդները, որոնք մեր մե՛ջ են, արյան պես հոսում են մեր երակներում՝ դառնալով լույս ու հիշողություն:
Սիրելի՛ հայրենակից և գրչակից աշխարհներ, Որոնումի ճանապարհին մշտապես աղոթող ու ստեղծագործող հոգիներ, ասպետներ խոհի ու դպրության, թող Նոր տարին լինի հաղթանակների ու ձեռքբերումների տարի: Եվ Ձեզ միշտ ուղեկից լինեն հայոց Ոգու լույսն ու հայ գրի ուժը:
Աստված՝ օգնակա՛ն:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻ
Մեր հույսերից ես ծնվում, երազներից թևավոր,
Խոհեր բերում ծերերին, սիրո հույզեր՝ պատանուն,
Մեր Նավասարդ հինավուրց, նորամանուկ Ամանոր,
Ամբողջ աշխարհն է ասես քեզ հետ կրկին նորանում:

Սար ու քարերը անգամ ասես նոր շունչ են առնում,
Լցվում են սուրբ հավատով հոգիները հուսահատ,
Քրիստոսով զորացած՝ Նրա ծնունդն ենք տոնում,
Լի բաժակներ բարձրացնում սեղանների շուրջն առատ:

Մաղթում ենք, որ հոգս ու ցավ մնան անդարձ անցյալում,
Բարությունը ծավալվի չարության տեղ, նախանձի,
Ձմեռ պապին թևանցուկ՝ մեզ այցելող Նոր տարուն,
Խաղաղությունը, արդարը բոլոր դռները բացի…

Մեր հույսերից ես ծնվում, երազներից թևավոր,
Նորամանուկ Ամանոր, մեր հինավուրց Նավասարդ,
Գալիք ճամփադ թող լինի բարեբեր ու լուսավոր,
Արևի պես կենսատու, արևի պես սիրառատ:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԽՈՍՔ ԱՄԱՆՈՐԻ
Եվս մի քանի օր, և Նոր տարին կմտնի բոլորիս տները… Արդեն ո՛րհազարերորդ անգամ… Կգա՝ հույս ու սեր սփռելու, հավատ ու ջերմություն սերմանելու մեր սրտերում ու հոգիներում: Կգա՝ մեկ անգամ ևս հիշեցնելու մարդուն նրա երկրավոր գոյության անցողիկությունն ու միաժամանակ խորհուրդ խորինը: Քանզի ի սկզբանե հայոց Ամանորը՝ Նավասարդը, մեռնող ու հառնող արև-աստվածության՝ Արայի տոնն է եղել… Նոր տարին նորի սկիզբ է ու անցյալի, կյանքի թանձր երակի շարունակություն: Մարդը, շնորհավորելով Ամանորը, մշտապես հավատում է, թե իր ձայնը լսում են նաև նախնյաց ոգիները: Եվ իր ուրախության, զվարճանքի մեջ ավելի է զգաստանում, լրջանում ու լցվում նախնիների հավերժական խորհուրդներով: Մանուկը ավիշով է լցվում, երիտասարդը՝ ամրանում, ծերը՝ իմաստնանում: Ու բոլորը միասին պնդացնում, հզորացնում են երկիրը, աշխարհը, տիեզերքը: Ամանորը սեր է, խրախճանք և ուրախություն, բայց նաև գթություն է ու կարեկցանք, մարդկային ամենաազնիվ զգացմունքի՝ խղճմտանքի արթնացում: Ու որքան էլ անցանկալի լինի, բայց ամեն տեսակի զգացմունքների, հույզերի, խոհերի ու հոգեկան ապրումների մեջ իր անկյունն ունի նաև վիշտը, տառապանքը, դառնությունը, որն այնքան ուժգին է, որքան զորեղ է այն ապրող Անհատի հոգին: Եվ այսօր, երբ մեր կյանքի օրեցօր զորացող արտաքին շքեղության, պերճանքի ու ճոխության ցույցերի կողքին իրենց հաստատուն տեղն են գրավում ցնցոտիավոր մուրացկաններն ու անտուն թափառական մանուկները, երբ կուշտերի ու քաղցածների, հարուստների ու աղքատների հարևանությունն այլևս կյանքի անողոք իրողություն է, մեզ, մի տեսակ, ավելի հարազատ, ավելի մոտ ու հասկանալի են դառնում մեր դասական մեծերի՝ կյանքի բուն իմաստի ըմբռնմանն ուղղված պատգամներն ու խորհուրդները: Ահա թե ինչու, Տարեմուտի այս Պահին, անմահ Թումանյանի, Իսահակյանի, Սևակի և բազում ուրիշների հետ, անշուշտ, մեզ հետ է նաև անզուգական Չարենցը՝ իր հերոսական ու ողբերգական, բայց միշտ մեծ ու իմաստուն նաև ա՛յս խոհով. Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ – դա կամուրջ է, Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում – դա կամուրջ է, Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում. Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն – դա կամուրջ է:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ
ՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
Դեկտեմբեր՝ այլևս ձմեռ է, բայց Երևանը դեռ լցված է մեռնող աշնան կծկումներով£
Հոգու մաքրության միտող ձյունը դեռ չկա, բայց Հոգիս մեղկացել է, ասես արբել է հին գինու բույրերից: Նորից ցեղի ոգին հաղթեց, ու ներսս սիրտ ճաքեցնելու չափ լի է:
Մակաբույծ «միջատների» վերջը եկավ, խճճվեցին սեփական ոստայնում և այլևս չեն կարողանա զորանալ այլոց արյունով: Շնորհավորում եմ մեր անկոտրում ազգին գալիք Ամանորի կապակցությամբ, մաղթում անամպ երկինք ու մի գավ լիքը… երջանկություն, գրողներին՝ բեղուն գրիչ£ Թող էլ երբեք կասկածի որդը չբնավորվի մեր կրծքում, քանզի պայծառ գալիքը մերն է. հավատանք Տիրոջով և հուսանք£

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամանորին մեր տանը խմվելիք առաջին կենացը հետևյալն է. «Անցնող տարի, ապրես, շնորհակալ ենք, դժգոհ չենք քեզնից: Հիմա չոռն ու փորձանքը թողնենք հին տարում, հաջողությունները գրկած գնանք առաջ: Քեզ հաջողություն, հին տարի ջան»: Բայց այս՝ անցնող տարին այնքան կարևոր էր մեզ համար, հաջողությունը այնքան մեծ, որ մյուս տարիների պես չես շտապում բաժանվել, ուղարկել պատմության գիրկը: Ուզում ես անընդհատ ապրել ու վերապրել պայքարելու խիզախությունը, հաղթանակի բերկրանքը… Եկող տարվան ոչ միայն ակնկալիքով եմ սպասում, այլ նաև տագնապով՝ հանկարծ սխալված չլինենք, հանկարծ հուսախաբ չլինենք: Այն նաև սրբագրումներ, շտկումներ ու ուղղումներ է մտցնելու մեր ոգևորության, ակնկալիքների, գնահատականների մեջ, հետահայաց ու սթափ արձանագրելու է մեր ճիշտն ու սխալը: Չէի ուզենա նորից հիշեինք «հայի հետին խելքը». այն, ինչը նվաճում ենք համարում, իրոք նվաճում լիներ, նրան, ում բարեկամ ենք համարում, իրոք բարեկամ լիներ…
Բացի համաժողովրդական, համազգային ձեռքբերումներից, ինձ համար էլ լավ տարի էր՝ մերոնցից ոչ ոք չհիվանդացավ, ազգականներիս դժբախտություն չպատահեց, երկու գիրք հրատարակեցի, մի քանի գործ սկսեցի գրել, վերջապես բերք տվեց մեր այգին, և մեր տանձի ծառի տակ իսկական ոզնու ձագ տեսա… Մնում է ասենք՝ 2018 ջան, ձեռքդ դիր 2019-ի գլխին, թող հաջողությունները շարունակվեն… Եվ թող Աստված հանկարծ մեզ չզրկի գրելու շնորհքից:

Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԽԱՂԱՂ ՊՏՈՒՅՏՆԵՐ՝
Երկիր մոլորակին
Վերջին տասնամյակներին Երկիր մոլորակի վրա զգալի փոփոխություններ են կատարվում. սառցալեռներ են հալչում, երկրաշարժերը, ցունամիները, ջրհեղեղները, հրդեհները և այլ բնական աղետներ մեծ վնասներ են պատճառում մարդկանց: Գիտնականների կարծիքով, մեր մոլորակը փոքր-ինչ շեղվել է իր ուղեծրից: Աշխարհը դասեր չքաղեց 20-րդ դարի 2 համաշխարհային պատերազմներից, ցեղասպանություններից, գաղթերից, ազգամիջյան կռիվներից: Այսօր էլ աշխարհում դեռ չեն հանգել պատերազմի օջախները, դեռ չեն վերացել ազգամիջյան կռիվները, թշնամանքն ու ատելությունը, պատերազմի սպառնալիքները, գաղթերը: Աստծո ստեղծած մեր չքնաղ Երկիր մոլորակի վրա չեն կարողանում հաշտ ու խաղաղ ապրել Աստծո ցասումը տեսած, համաշխարհային ջրհեղեղ տեսած Նոյ նահապետի և նրա զավակների ժառանգները: Շատերը մոռանում են Աստծո պատգամներն ու պատվիրանները: Ի՞նչ է սպասվում մեր մոլորակին, մարդկային ցեղին գալիքում, ի՞նչ է հարկավոր անել Երկիր մոլորակը համաշխարհային աղետներից, արհավիրքներից փրկելու, պատերազմները կանխելու, աշխարհում հավերժատև խաղաղություն հաստատելու, ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու համար:
Այդ հարցերը այսօր մտահոգում են աշխարհի բոլոր ազգերին, այդ թվում՝ հայ ժողովրդին:
2018-ին մեր երկրում կատարվեցին պատմական իրադարձություններ. Թավշյա հեղափոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անհաշտ պայքար մղվեց կոռուպցիայի, արատավոր մյուս երևույթների դեմ, ձևավորվեց նոր խորհրդարան, նոր կառավարություն: Ցանկանում ենք հավատալ, որ 2019-ը մեր հանրապետության համար կլինի բեկումնային տարի, կյանքի կկոչվեն սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրեր, ժողովուրդը ավելի լավ կապրի, խաղաղ ու խելամիտ բանակցությունների արդյունքում կլուծվի արցախյան հիմնախնդիրը:
Եվ տա Աստված, որ 2019 թվականը, գալիք տարիներն ու դարերը լինեն խղճի ու խաղաղության, խռովյալ ազգերի հաշտության ու եղբայրության, գեղեցիկ հույսերի ու երազանքների իրականացման, Երկիր մոլորակի խաղաղության պահպանման հավիտենական ժամանակներ:

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Շնորհավոր Ամանորդ, անպարագիծ Հայոց աշխարհ:
Անցնող տարվա հետ պատմության հերթական էջն էլ ծալվեց, և պատմամատյանի մաքուր էջաերեսին, մեր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրո ու համերաշխության ոգով հայտնվեց նշագրություն՝ 2019: Այստեղ կարտացոլվի արժանապատվությունը վերագտած հայրենապաշտ քաղաքացու արարող շրջանը: Համոզված եմ՝ այն կլինի ազատ ու արդար կյանքի հանգով պայմանավորված ժողովրդավար պետության տարեգրություն:
Եղիցի բարին անձնականից անանձնական սիրո տիրույթում, որտեղ գրողի խոսքը՝ թեթևի պես ծանր, ծանրի չափ թեթև կարժևորվի, քանզի ի սկզբանե Խոսքն է: Թող հողը, ջուրը, օդը, կրակը հայրենիքի բաբախման մեջ իրենց հավերժությունը իմաստավորեն, և մեր Հայրենին կանաչ – կարմիր ժպտա ոսկեճաճանչ արևի ներքո:
Երիցս շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ, իմ հզոր, հզոր, հզոր ազգ:

Արսեն ՀԱՄԲԱՐՅԱՆ

Տեսնում եմ այն հայրենիքը, որն ուզում եմ, որ Դու ունենաս, որը կարող ես կերտել: Անցած դարի 90-ականներին մտածում ու ասում էի, որ Հայ ազգը պրպտող, ստեղծող ազգ է, ընդամենը անհրաժեշտ է, որ պետությունը (ի նկատի ունենալով կառավարող համակարգին) եթե չի օգնելու, գոնե արհեստական խոչընդոտներով չխանգարի շարքային քաղաքացուն սեփական ճանապարհը հարթելու, կայանալու և այդպիսով նաև հնարավորինս անկախ ու հզոր հայրենիք կայացնելու հարցում: Հիմա էլ եմ կարծում, որ այդպես է. միայն պետք է, որ կառավարման բուրգի գագաթին հասած, թվով և ոչ միայն թվով, այս չորրորդ իշխանությունը իրեն նախորդող երեքի պես չդավաճանի իր հրապարակած սկզբունքներին. ու եթե որպես պետություն ինչ-ինչ պատճառներով չի կարողանալու իր գործառույթը իրականացնելով օգտակար լինել Հայ մարդուն, սեփական քաղաքացուն ոտքի կանգնել, գոնե չխանգարի նրան դա ինքնուրույն անել: Քանզի Հայ արի ազգը իր հայրենի բնության պես է՝ իր ժայռերի պես ամուր ու անկոտրում, իր գետերի ու ջրերի պես համառ, քար ծակող, սեփական հունը գցող, իր ծառերի պես ագուռ ու քարափ պատռող, ծլարձակող ու վեր հառնող, իրեն բաժին հասած արևի պես այրող ու, միևնույն ժամանակ, ջերմացնող, կյանք տվող: Այս նոր և գալիք տարիներին Քեզ արժանի՝ անդավաճան ու հայրենանվեր իշխանություն եմ մաղթում, ա՛զգ Հայոց:
Շնորհավոր Ամանոր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։