Վարժեցրած շներով համարն ավարտվեց: Արիստոկրատուհու պահվածքով, միջին տարիքի արտիստուհին գլուխ տվեց և, հանդիսատեսների ծափողջույնների ներքո, թողեց մանեժը: Մինչ կրկեսի բանվորները ակրոբատների համար կնախապատրաստեին պտտաձողերն ու ցատկահարթակները, վարագույրը թափով բացվեց և, գլուխկոնծի տալով, մանեժում հայտնվեց ծաղրածուն՝ ձեռքին սովորական մեծության գեղեցիկ մի տիկնիկ: Դահլիճը թնդաց ծափերից:
Ոչ մի ուշադրություն չդարձնելով իր շուրջ աշխատող մարդկանց, տիկնիկը գրկած, նա ձեռքերով փորձում էր հանդիսատեսներին հասկացնել, որ չաղմկեն՝ տիկնիկը քնած է: Մարդկանց լռեցնելու նրա անզոր շարժումներից դահլիճը ծիծաղից պայթեց: Եվ ահա, տիկնիկն «արթնացավ»: Ծաղրածուն նրան գլխից վեր պարզած, մարմնամարզական գործիքները կարգի բերող բանվորներին չնկատելով, այնպես սահուն էր պտույտներ գործում նրանց շուրջ և ինքնամոռաց պարում, ասես աշխարհում ինքն էր միայն ու գլխից վեր պարզած իր տիկնիկը:
Ծաղրածուի համատարած այդ ուրախությունը համակել էր բոլորին: Ուրախ ու աշխույժ ծափահարում էին ոչ միայն երեխաները, այլև մեծերը: «Բայց որքա՜ն ուրախ ու երջանիկ ծաղրածու է»,- ամուսնու կողը ցնցելով, ասաց մի գեր կին: Սակայն հանկարծ տիկնիկն ընկավ ծաղրածուի ձեռքից: Դահլիճը նորից թնդաց ծիծաղից: Ծաղրածուն, որ ասես ամպերի վրայով սահելիս լիներ, ինչպես կինոնկարի անսպասելի կանգնեցված կադր, քարացավ տեղում՝ հայացքը գետնին ընկած տիկնիկին:
Հետո նա դանդաղ ծունկ չոքեց տիկնիկի մոտ և ականջը դրեց նրա կրծքին՝ իբր սրտի զարկերը լսելու: Դահլիճում կրկին ծիծաղի ալիք պայթեց: Ծաղրածուն զույգ ձեռքը դեպի վեր տարածեց և նրա աչքերից, ինչպես ցայտաղբյուրից, արհեստական արցունքներ շատրվանեցին:
Երեխաներն ու մեծերը, փորները բռնած, ծիծաղում էին: Ծաղրածուն գլխիկոր, գետնից վերցրեց տիկնիկը, սեղմեց կրծքին և, հաջորդ, ակրոբատների համարը հայտնել պատրաստվող կոնֆերանսյեի կողքով շարժվեց դեպի վարագույրը: Առաջին շարքում նստած 4-5-ամյա փոքրիկ մի աղջնակ, որ շատ մոտ էր գտնվում ծաղրածուին, նստած տեղից վեր թռավ ու, ընդհանուր ծափողջույնների մեջ հազիվ լսելի, բացականչեց.
– Մայրիկ, նայի՜ր, նա իսկապես լալիս է…
Ծաղրածուն լսեց այդ ձայնը, մի պահ քարացավ տեղում և շրջվեց դեպի աղջիկը:
– Մայրիկ, նայի՛ր, բայց նա լալիս է, ինչո՞ւ են բոլորը ծիծաղում… Տե՛ս, նա իսկապես լալիս է…
– Դե լավ, ախր նա ինչպե՞ս կարող է լալ, նա ծաղրածու է,- ասաց մայրը:
Դահլիճը դեռ թնդում էր ծափերից: Ծաղրածուն կրկին փորձեց շարժվել դեպի վարագույրը, բայց հանկարծ սայթաքեց թե հավասարակշռությունը կորցրեց և իր տիկնիկով ծիծաղելիորեն թրմփաց գետնին: Դահլիճում ծիծաղի նոր ալիք բարձրացավ: Կոնֆերանսյեն անհանգիստ նայեց ծաղրածուի կողմը և ատամների արանքից կամաց նետեց.
– Դե վերջացրո՛ւ, հաջորդ համարն եմ հայտարարում:
Ծաղրածուն շարունակում էր պառկած մնալ, իսկ դահլիճը թնդում էր ծափերից:
– Վե՛ր կաց, խելառ, համը հանում ես,- վարագույրի հետևից ասաց շիկահեր մի գլուխ:
Միաժամանակ, հայտարարելով հաջորդ համարը, կոնֆերանսյեն կամաց մոտեցավ և, իբր պատահմամբ, ոտքով բոթեց ծաղրածուի կողը.
– Գրողը տանի, վե՛ր կաց, դա արդեն սարսաղություն է…
Վերջինս, սակայն, շարունակում էր պառկած մնալ: Կրկեսի երկու բանվոր մոտեցան և, քարշ տալով, ծաղրածուին տարան կուլիսների հետևը: Դահլիճը դեռ շարունակում էր ուրախ ծափահարել:
– Մայրիկ, բայց նա իսկապես լալիս էր,- վերջին անգամ փորձեց մորը համոզել նույն աղջնակը, սակայն մայրն այլևս չէր լսում նրան:
Մանեժ դուրս եկան ակրոբատները: Դահլիճն աստիճանաբար հանդարտվեց: Հանդիսատեսներից ոչ ոք չիմացավ, որ մի քանի րոպե հետո կրկեսի շենքի մոտ «Շտապ օգնության» ավտոմեքենա կանգնեց: Ակրոբատներից բացի, կրկեսի բոլոր աշխատողները հավաքվել էին ծաղրածուի շուրջ:
– Բայց դա, դա անհնարին է,- բժշկին փորձում էր համոզել կրկեսի տնօրենը,- ախր նա չի կարող մեռնել, նա… նա ծաղրածու է, հասկանո՞ւմ եք…
– Հասկանում եմ ձեզ, բայց արդեն ուշ է: Մենք ոչինչ չենք կարող անել,- ասաց բժիշկը:
– Աստված իմ,- կրկեսի տնօրենը զույգ ձեռքով բռնեց գլուխը,- աստված իմ, սա ի՞նչ բան է…
Նույն հարցն ու զարմանքն էր նաև պատգարակի վրա պառկած ծաղրածուի շուրջ հավաքված կրկեսի մյուս բոլոր աշխատողների դեմքին:
– Պետք է հայտնել նրա հարազատներին,- ասաց մեկը:
Կանգնածների միջից դուրս եկավ ծեր մի մարդ՝ կրկեսի ձիապանը, դանդաղ չոքեց ծաղրածուի մոտ, մատներով կամաց փակեց նրա աչքերն ու ասաց.
– Էս յոթ տարում, ինչ նա աշխատում էր մեզ մոտ, միայն ինձ հետ էր մտերիմ… Նա ոչ ոք չունի, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ: Կինն ու երեքամյա աղջիկը ութ տարի առաջ էին ավտովթարից մահացել: Ինքն էր միայն հրաշքով փրկվել…
Ցավի ու տխրության մի ծանր ալիք անցավ կանգնածների վրայով:
– Խե՜ղճ տղա,- հառաչեց շնիկներ վարժեցնող կինը,- բայց նա ինչպե՞ս էր ապրում…
– Իսկ նա չէր ապրում,- ասաց ծեր ձիապանը,- նա ծիծաղեցնում էր մարդկանց…
Վարագույրի մյուս կողմից ծափեր լսվեցին: Ակրոբատներն ավարտեցին իրենց ելույթը: