Արամ ԹՈՓՉՅԱՆ

ՕՎԻԴԻՈՒՍ
ՊԻԳՄԱԼԻՈՆ*

Պիգմալիոնը տեսել էր այդ աղջիկների կյանքն անառակ
Ու բարկացել, որ ի ծնե բնորոշ են կանանց հոգուն
Բյուր արատներ: Ուստի և չէր ամուսնանում, այլ՝ ամուրի
Ապրում երկար ու զրկված էր անկողնակից ընկերուհուց:
Մի օր էլ նա ձյունաճերմակ փղոսկրից մեծ արվեստով
Արձան կերտեց՝ այնքան չքնաղ մի ձև տալով, որ նման կին
Չի պատահում, և իր ստեղծած քանդակին էլ սիրահարվեց:
Դեմքով կույս էր սա իրական, կկարծեիր, թե կենդանի՝
Ցանկանում է տեղից շարժվել, բայց վախվորած չի հանդգնում –
Այդքա՜ն լավ էր հոգի տվել իր արվեստին: Սրտում կրակ՝
Տենչաց ապշած Պիգմալիոնը մարմնի այդ նմանակին:
Հաճախ ձեռքերն արձանին էր նա մոտեցնում,
փորձում՝ մարմի՞ն,
Թե՞ փղոսկր է – որ փղոսկր է՝ չէր կամենում խոստովանել:
Համբույր տալով՝ փոխադարձ էր դա համարում,
խոսում, բռնում,
Հավատում էր, թե մատները փոս են անում անդամներին,
Ու վախենում՝ հանկարծ կապտուկ չառաջանա այդ հպումից:
Մե՛րթ գգվում էր քնքշորեն, մե՛րթ նվերներ բերում նրան,
Որ հաճո են աղջիկներին – ողորկ քարեր ու խխունջներ,
Կամ ծիտիկներ և ծաղիկներ հազարագույն, կամ շուշաններ
Ու գնդակներ նկարազարդ՝ Հելիադների ծառից թափված
Արցունքի հետ: Իսկ մարմինը զարդարում էր զգեստներով,
Մատանի էր դնում մատին, երկար մանյակ կապում վզին,
Ժապավեններ կախում կրծքից, ականջներից՝ փայլուն ակներ –
Վայելուչ էր այդ ամենը, բայց մերկ՝ պակաս չքնաղ չէր նա:
Պառկեցնում էր սիդոնական խխունջներով ներկված մահճին՝
Անվանելով իր կողակից ընկերուհի, պարանոցն էլ
Հենում փափուկ բմբուլներին, ասես թե նա կարող էր զգալ:
Վեներայի հանդիսավոր տոնն էր նշվում ողջ Կիպրոսում,
Եվ, զարկվելով ձյունաճերմակ պարանոցից, կեռ, ոսկեզօծ
Եղջյուրներով երինջները թավալ էին տալիս գետնին:
Տարածվել էր ծուխը խնկի, երբ, իր ընծան մատուցելով,
Պիգմալիոնը բագնի առաջ ահով ասաց. «Ո՜վ աստվածներ,
Թե կարող եք ամեն բան տալ, թող փղոսկրե կույսի նմա՛ն
Կինս լինի (չհանդգնեց «փղոսկրե կույսը» ասել)»:
Ինքը՝ ոսկե Վեներան էր ներկա տոնին – նա հասկացավ
Խնդրողի իղձն ու բարեհաճ աստվածության նշան տվեց.
Երեք անգամ բոց բռնկվեց, որի կատարն օդ խոյացավ:
Տուն դառնալով ու նետվելով իր՝ աղջկա արձանի մոտ՝
Նա կռացավ մահճակալին, համբույր տվեց – թվաց՝ տաք էր.
Բերանն էլի մոտեցնելով՝ ապա ձեռքով կուրծքը փորձեց:
Ուր դիպչում էր՝ փղոսկրը, փափկած ու զուրկ պնդությունից,
Փոս էր ընկնում մատների տակ. այդպես մոմը հիմետական,
Երբ կակղում է արեգակից, բթամատով տրորվելիս
Ընդունում է տարբեր ձևեր ու պիտանի մի նյութ դառնում:
Ապշեց, հրճվեց՝ շփոթահար, և խաբվելուց վախենալով՝
Սիրահարը կրկին, կրկին ձեռք էր տալիս իր երազին –
Մարմին է նա, երակները թրթռում են բութ մատի տակ:
Պափոսական հերոսն այնժամ բառեր գտնում, Վեներային
Լիաբերան հայտնում է իր գոհությունը ու վերջապես
Շրթունքներով իրոք հպվում շրթունքներին, իսկ աղջիկը
Համբույրն զգում ու շիկնում է, դեպի լույսը բարձրացնելով
Հայացքը հեզ՝ մեկտեղ տեսնում երկինքը և սիրահարին:
Աստվածուհին ներկա եղավ հարսանիքին, իսկ երբ լուսնի
Եղջյուրները, ի մի գալով, ինը շրջան բոլորեցին,
Կինը ծնեց այն Պափոսին, որը անուն տվեց կղզուն:
* Օվիդիուսի «Կերպարանափոխություններ»-ից հատված Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի՝ լատիներեն բնագրից կատարած նոր թարգմանությունից
(Երևան, «Զանգակ», 2021, էջ 299-301)։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։