ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
Ներսես ԽառատյանԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
Դռան զանգից ցնցվեց, սակայն, չնայած ուշ ժամին, չզարմացավ: Հողաթափերը քստքստացնելով վատ նախազգացումով սենյակից անցավ միջանցք ու առանց հարցնելու ով է, սովորաբար միշտ հարցնում էր, դուռը բացեց: Շեմին միջահասակ, բավական վայելուչ հագնված, սև ակնոցով, մուգ գույնի, ո՛չ այն է սև, ո՛չ այն է շագանակագույն ձեռնափայտով, անծանոթ էր կանգնած: Անծանոթը բարևեց, բայց չներկայացավ: Նրա խնամքով սափրված անբնական, մեռելային գունատությամբ աչքի զարնվող, ասես անկենդան դեմքին, պահանջատիրոջ ամբարտավան հանդգնության արտահայտություն կար: Տանտերը թեև հնչեցված բարևին արձագանքեց, սակայն վայրկենապես գունատվելով, առանց որևէ այլ բան հավելելու քարացավ շեմին:
– Սովորաբար ներս են հրավիրում,- լռությունը խախտեց հյուրը:
– Համեցեք,- տանտերը ուշքի եկավ,- հյուրն Աստծունն է:
– Հյո՞ւր,- մարդը հեգնանքով քմծիծաղեց,- չգուշակեցի՞ր ով եմ: Ես նա՛ եմ, ով ամենուր տեր է. իսկ հյուրը նա է, ում այցելում եմ,- ասաց ու ձեռնափայտն անփութորեն խաղացնելով, տիրական քայլերով շեմքից ներս անցավ:
– Ներեցե՜ք…- տանտերն ակնհայտորեն իրեն կորցրեց,- չմտածեցի, որ ասածս կարող է վիրավորել. ընդունված կարգ է…
– Լավ, չմանրանանք,- հյուրը վեհաշուք քայլվածքով մոտեցավ բազմոցին, նստեց ու ձեռնափայտն առնելով ծնկներին՝ սևեռուն հայացքը գամեց տանտիրոջը:- Հը, ի՞նչ կասես:
– Ի՞նչը նկատի ունեք,- հայացքը փախցնելով, դողդոջ ձայնով արձագանքեց վերջինը:
– Հիմար մի՛ ձևացիր, մահվանը չեն հարցնում՝ «Ինչը նկատի ունեք»: Ես ընդամենը մի առաքելություն ունեմ, պատրա՞ստ ես:
– Ը՜… Չէ՛, դեռ չէ՛,- գունատված պատասխանեց խոսակիցը, ապա հուսահատ, աղերսող տոնով վրա բերեց:- Գուցե մի քիչ է՞լ ժամանակ տայիք, անավարտ գործեր կան:
– Ի՞նչ գործեր, դու կյանքի հետ հաշիվներդ պետք է արդեն փակած լինեիր: Չէ՞ որ երազիդ քեզ այցելել ու զգուշացրել են:
– Հա՛, ճիշտ է, հենց զանգը տվեցիք, անմիջապես հասկացա, որ ժամն է: Միայն թե չճանաչեցի, Ձեզ այլ կերպ էի պատկերացնում, մի տեսակ արտառո՜ց, անսովոր… Իսկ Դուք այսպե՜ս, բարեկիրթ տեսքով, կոկիկ հագնվա՜ծ…- ձայնը դողաց: Նա էլի ինչ-որ անկապ բաներ մրմնջաց, որոնք ակնհայտորեն ժամանակ շահելու ու ինչ-որ հարմար, քիչ թե շատ համոզիչ, խելքին մոտ պատասխան գտնելու նպատակ էին հետապնդում, իսկ ուղեղն այդ ընթացքում կայծակնային արագությամբ աշխատում էր. «Ի՞նչ ասել, ի՞նչ պատճառաբանություն բերել. ընտանիք, բարեկամ, շրջապատ… դատարկ բաներ են՝ չի անցնի, ուրեմն ի՞նչ»: Փորձառու մահվան համար «զոհի» նման կարգի հոգեկան ջղաձգությունները սովորական պիտի լինեին, որոնց երբեմն արձագանքում էր:
– Փաստորեն, հագուստս քեզ շփոթության մեջ գցեց,- հեգնախառն ասաց նա, ապա հավելեց,- հիմա այսպես եմ հագնվում, իսկ նախկին տեսքով փորագիր խորհրդանշանս գավազանիս է՝ ահա…- ասաց ու ձեռնափայտը մեկնեց խոսակցին: Վերջինս շփոթված մի կողմ քաշվեց:
– Վախենալու բան չկա: Ձեռք տալ չի կարելի, բայց նայելն արգելված չէ:
Տանտերը հայացքն ակամա հառեց ձեռնափայտին: Որակյալ, լավ մշակված փայտից, լաքապատ, հազվագյուտ նմուշի մի իր էր, իսկական արվեստի գործ՝ ամբողջ երկայնքի մակերևույթը հայտնի նկարիչների գլուխգործոցներով նախշազարդած: Գլխամասային հատվածը կիսալուսնի էր նման, որ մանգաղ կամ թուրքի յաթաղան էր հիշեցնում, որի կլորավուն, պոչային մասում մահվան ավանդական փորագիր կերպարանքն էր՝ սև սքեմի մեջ, պատմական, հանրահայտ գերանդին ձեռքին: Ձեռնափայտի ծայրամասում մարդկային կտրված գլուխ էր պատկերված՝ գիսախռիվ, մազակալած դեմքով: Երբ մահը ձեռնափայտը օդում շարժելով մոտեցրեց էլեկտրական ջահին, բռնկուն լույսից այն փողփողաց ու գույների երփներանգումից թվաց՝ մարդկային գլուխը թպրտում է արյան մեջ: Տեսարանն սահմռկեցուցիչ էր: Տանտերը սոսկումով ետ քաշվեց, իսկ գերլարված նյարդային համակարգը արագորեն լարվածությունը թուլացնող պաշտպանական փնտրտուք սկսեց: Եվ ճիշտ այն ժամանակ, երբ մահը նորից հարցրեց անավարտ գործերի մասին, անսպասելիորեն մտքով անցավ, կարծես մեկը հուշեց, նրա գալուց ժամ առաջ սկսած ու այդպես էլ չավարտած շախմատի «մենախաղը», և իրենից անկախ թոնթորաց.
– Ինքս ինձ հետ շախմատ էի խաղում, չհասցրի ավարտել:
– Դե, դա ոչինչ, առանձնապես մեծ բան չի, կսպասեմ՝ ավարտես: Միայն տես, չձգձգես…
– Շախմատը մտածելու խաղ է: Քանի որ մենակ եմ խաղատախտակի մոտ, ստիպված եմ երկուսի փոխարեն մտածել, ինչը կրկնակի ժամանակ է պահանջում:
– Հասկանում եմ, շահած յուրաքանչյուր րոպեն, վայրկյանը կյանք արժե, բայց պետք չէ մեծահոգի վստահությունս չարաշահել:
– Չէ՛, բոլորովին էլ ժամանակ շահելու համար չասացի,- արագորեն վրա բերեց խոսակիցը,- ա՛յ, եթե մեկն էլ լիներ, ստիպված չէի լինի երկուսի փոխարեն խաղալ:
– Ի՞նչ ես առաջարկում:
– Գուցե Դո՞ւք փորձեիք:
– Ե՞ս,- մահը մի պահ ապշած նրան էր նայում ու դեռ երկար պիտի զարմանար նրա հանդգնության վրա, եթե հանկարծ անսպասելի միտքը չպղտորեր ուղեղը. «Իսկ ինչո՞ւ չփորձել»:
– Բայց խաղալ չգիտե՜մ,- կարծես ամաչելով արտաբերեց նա:
– Ոչինչ, լուծվող խնդիր է, դժվար բան չկա: Քայլերն արագ կսովորեցնեմ՝ կխաղաք,- վարանմունքը թաքցնելով վստահորեն վրա բերեց տանտերը:
– Բայց չլսված բան է, ո՞վ է տեսել կամ լսել, որ մահը շախմատ խաղա:
– Դուք փորձե՜ք, փորձե՜ք… հավատացնում եմ, շա՜տ հետաքրքիր է: Մի անգամ փորձողը հիվանդանում է դրանով:
– Հետաքրքրությունս շարժեցիր: Դե, ցույց տուր, ուր է այդ շախ-մա-տը,- վանկարկեց հյուրը:
– Մյուս սենյակում,- տանտերն աշխուժացավ:
Ննջասենյակում, հենց մահճասեղանին, միջին չափի շախմատ կար բացված, խաղաքարերը՝ իրենց մարտական դիրքերում ասես քարացած: Հյուրին նստեցնելով մահճակալին, ինքն էլ նստելով փոքրիկ փափկաթոռին՝ սկսեց.
– Ուրեմն այսպես…
Մանրամասնորեն բացատրելով խաղի կանոնները, յուրաքանչյուրի շարժման ուղղությունը, խաղաքարերի քայլերը և այլն՝ դիմեց հյուրին.
– Հը, սկսե՞նք, ո՞ր խաղաքարերն եք ընտրում, սև՞ը, թե՞ սպիտակը. խաղը նոր սկսելիս նախընտրելին, ինչպես քիչ առաջ բացատրեցի, սպիտակ գույնն է, քանի որ առաջին քայլը նրանն է: Այս խաղում հնարավորությունները համարյա հավասար են, չհաշված սևերի դիրքային մի փոքր առավելությունը:
– Ուրեմն կխաղամ սպիտակներով,- անմիջապես արձագանքեց մահը:
– Դուք գիտեք, բայց կրկնում եմ, սևերը մի փոքր առավելություն ունեն:
– Հենց դրա համար էլ զիջում եմ:
– Ավելորդ ինքնավստահությունը տեղին չէ, ավելին՝ կործանարար է: Նարդիում, օրինակ, ինքնավստահությունը հաճախ օգնում է, երբեմն անգամ խաղի ելքի որոշողը դառնում, իսկ այստե՜ղ…
– Ոչինչ, խաղը, խաղը ցույց կտա, քայլն ո՞ւմն է:
Տանտերը տարակուսած գլուխը կախեց խաղատախտակին, ասելով.
– Սպասեք հաշվեմ:
Որոշ ժամանակ անց, վարից վեր նայելով, դիմեց հակառակորդին.
– Քայլը Ձերն է, կարող եք սկսել:
Հյուրը մի պահ հայացքով ընդգրկելով ամբողջ խաղադաշտը՝ կատարեց առաջին քայլը: Նա Ժ5-ում գտնվող ձին վերցրեց ու առանց երկար-բարակ մտածելու տեղափոխեց Ֆ7 դաշտը: Տանտերը մտախոհ ծոծրակը շոշափեց…
– Կասե՞ք, թե հատկապես ինչու այդ քայլն արեցիք:
Դիմացինը զարմացած անմիջապես տհաճորեն արձագանքեց.
– Ինձ հիմարի տե՞ղ ես դնում: Ինչ է, խելքս թռցրե՞լ եմ, որ «խաղաքարտերս» քո առաջ բացեմ, ինչը կնշանակի պատասխան քայլը հուշել…
– Դե, չէ՛, պարզապես ուզում էի հասկանալ, թե ինչքանով է այն տրամաբանված: Չէ՞ որ սա Ձեր առաջին խաղն է:
– Ի՞նչ է, տրամաբանությանս հարցում կասկածնե՞ր ունես,- խեթեց մահը:
– Ի՜նչ եք ասում,- տանտերը շփոթվեց,- ուղղակի շախմատը շատ բարդ ու նուրբ խաղ է, իր հազար ու մի հնարքներով, ծուղակներով… Չնչին մի սխալը կարող է ճակատագրական լինել: Ավելի պատկերավոր՝ փոքրիկ մի քարը բեռնված սայլ է շրջում:
– Խաղա՜… խաղա՝ կտեսնենք:
Մի քանի քայլեր փոխանակելուց հետո մահի վիճակը խաղադաշտում նկատելիորեն վատացավ: Տանտերը քաղաքավարի, բայց գերազանցության զգացումով փորձեց դատողություններ անել.
– …Տեսա՞ք, ասում էի, չէ՞…
– Մի՛ շտապիր, ջրին չհասած՝ շորերը չեն հանում,- հանգիստ արձագանքեց հյուրը:
Դիմացինը մտքում քմծիծաղեց. «Խաղի ելքն համարյա վճռված է, իսկ սա՜…»,- մտմտաց, ու քայլ արեց, որին հակառակորդը պատասխանեց, թվում է, ոչնչով չարդարացված հերթական անմիտ քայլով: Օգտվելով դրանից՝ տանտերը օղակն ավելի սեղմող մի շտրիխ ևս ավելացրեց, ապա արագորեն քայլերը հաշվարկելով, ինքն իր համար արձանագրեց. «Մատը հասունանում է»:
Մահը, կարծես գուշակելով նրա միտքը, հեգնեց.
– Շուտ չե՞ս ուրախանում. խնդիրը բազում լուծումներ ունի: Տեսնում եմ, վիճակս նախանձելի չէ, բայց սիրում եմ ինտրիգային վիճակներ ու կարողանում եմ փայլուն կերպով դուրս գալ դրանցից, ինչը կապված է նաև իմ մասնագիտական որակների հետ: Այնպես որ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Նկատի ունեցիր, խաղում եմ միայն հաղթանակի համար ու անպայման հաղթելու եմ: Այլ կերպ լինել չի կարող:
Սրա սառնասրտությունը մեկ ուրիշ դեպքում գուցե թե հիացմունք ու պատկառանք ներշնչեր, սակայն հիմա մանկան անմիտ պարծենկոտության է նման կամ խաղից բան չհասկացող, անփորձ սկսնակի գոռոզամիտ անձնապաստանության:
– Խաղը վերլուծել չեք կարողանում,- քամահրանքով արձանագրեց տանտերը,- առնվազն կույր պետք է լինել՝ չտեսնելու համար այն, ինչն ակնհայտ է:
– Ես էլ եմ այդ կարծիքին. իրոք, կույր պետք է լինել՝ չտեսնելու համար այն, ինչն ակնհայտ է,- հեգնեց մահը՝ վիրավորանքից բնավ չնեղանալով:
– Դուք իսկապե՞ս այդքան վստահ եք, որ հաղթելու եք:
– Իհարկե, հակառակ պարագայում խաղը շարունակելն ի՞նչ իմաստ կունենար:
– Եկեք գրազ գանք:
– Դեմ չեմ, գրազ գանք:
– Ինչի՞ վրա:
– Դու ասա:
Թվաց՝ հորիզոնում անսպասելիորեն հնարավոր փրկության աղոտ լույս առկայծեց: Խեղդվողի՝ փրփուրից կառչելու հուսահատ ձգտման տարտամ մի զգացումով համակված, պատասխանն արագ կշռադատելով ու միանգամից մերժում ստանալը կանխելու միտումով, որոշելով հեռվից գալ, ներքին դողով անվստահ առաջարկեց.
– Ամերիկանկա:
– Դա ի՞նչ է:
– Իմ հաղթանակի դեպքում ինչ ուզեմ, պարտավոր եք կատարել, Ձեր հաղթանակի դեպքում՝ հակառակը:
– Հիմարությո՜ւն է…- ձգեց մահը,- ես որոշակիության կողմնակից եմ, այլ բան առաջարկիր:
– Լա՛վ… եթե ես հաղթեցի, հանգիստ եք թողնում ինձ, եթե Դուք…- մի պահ դադար տվեց, ապա գունատված հազիվ կարողացավ արտաբերել,- տարեք:
Մահը ձգվեց, լրջացավ:
– Պայմանը արդար է և ընդունելի, բայց… Մի բայց կա, ինչը խորհելու տեղիք է տալիս…
Տանտերը, չհամարձակվելով ծպտուն հանել, լարված սպասում էր: Մարմնի վրայով, թվաց, հազարավոր մրջյուններ սկսեցին վազվզել: Սառը, ներքին դողը հոգին բերանը բերեց:
Վերջապես երկար դադարից հետո, որ մի ամբողջ հավիտենություն թվաց, հակառակորդը դանդաղ, ընդգծելով յուրաքանչյուր բառն ասաց.
– Ստացվում է այնպես, որ պարտվելու դեպքում ես կորցնում եմ, իսկ հաղթանակի դեպքում բան չեմ շահում. չէ՞ որ այսպես թե այնպես, տանելու էի քեզ: Բացի այդ, պարտվելու դեպքում ստիպված կլինեմ դավաճանել առաքելությանս, որի համար կոչված եմ:
Տանտերը՝ սփրթնած, փորձեց ինչ-որ բան ասել՝ չկարողացավ: Չորացած շրթունքները հազիվ թեթևակի շարժվեցին, սակայն ուժ չունեցան հնչյուն իսկ արտաբերել: Թվաց՝ ոտքերի տակից հողը փախչում է: Իրեն զգում էր, ինչպես ափ նետած ձուկը, որ դեսուդեն նետվելով փրկության անզոր ճիգեր է գործադրում: «Հարկավոր է ինչ-որ բան մտածել, դե՛, արագ, արագ… փրկության հույս ներշնչող եզակի հնարավորությունը չի կարելի ձեռքից բաց թողնել, դե՛…»:
– Երևի հասկացաք, որ խաղը տանուլ եք տվել, այդ պատճառո՞վ…- միտքը չավարտեց: Խայծը նետված էր: Խորամանկորեն փորձեց պատվախնդրության կոչել՝ առանձին հույսեր չկապելով դրա հետ:
Մահը սպառնալից հայացքը սևեռեց դիմացինին, կարծես պատրաստվում էր խաղատախտակը գլխովը տալ, սակայն արագորեն խաղաղվելով, ի զարմանս հակառակորդի, անսպասելիորեն նետեց.
– Լա՛վ, համաձայն եմ:
Տանտերը թեթևացած շունչ քաշեց ու հրճվանքը չկարողանալով զսպել՝ աշխուժորեն հայտարարեց.
– Խաղացեք, քայլը Ձերն է:
Մահը հակվեց խաղադաշտին ու քիչ անց, թե՝ «Ծխախոտ կգտնվի՞»: Տանտերը զարմացավ. «Ում պատմես՝ չի հավատա»:
– Կա… բայց «Գառնի» է, ոչի՞նչ:
– Դա այնքան էլ էական չէ: Կարևորը ֆիլտրով լինի,- խաղատախտակից գլուխը չբարձրացնելով ցրված արձագանքեց մահը: Քիչ անց, մատներով գլանակը տրորելով, քթի տակ մտախոհ մրմնջաց. «Սա կօգնի մտածել» ու ձգվելով դեպի վառիչը, որ պատրաստակամ նրան մատուցեց հակառակորդը, գլանակը կպցրեց: Ծուխը խորը ներս քաշելուց հետո, մի տեսակ բացակա հայացքով նայելով դիմացինին, մռայլված ասաց.
– Փաստորեն, ոչ մի սողանցք, դուրս պրծնելու տեղ չե՜ս թողել… կարծես:
Տանտերը հաճույքից խնդմնդաց, ապա իրենից անկախ պարծեցավ.
– Մենք խաղում ենք, կատակ չենք անում,- ասաց ու ակամա ոգևորվելով՝ ավելի հեռուն գնաց,- սևերը ինձ չպիտի զիջեիք: Սովոր եմ սևերով սև բերել…
Վերջին պարբերությունը հազիվ արտաբերած, հասկացավ դրա վտանգավորությունն ու սարսափից կուչ գալով քարացավ:
– Ինչ ասացի՞ր,- մահը զարմացած գլուխը բարձրացրեց,- ջինը շշից բա՞ց թողեցի:
Հակառակորդը մի կերպ իրեն հավաքելով՝ դողդոջուն ձայնով արդարացավ.
– Դա հենց այնպես ասվող խոսք է շախմատիստների շրջանում, խնդրում եմ ներեք:
– Ներելու կամ չներելու խնդիր չկա, բայց նման արտահայտություն իրեն կարող է թույլ տալ միայն մահը… և ոչ միայն թույլ տալ, այլ նաև…
Տանտիրոջ մարմնով պաղ սարսուռ անցավ…
Որոշ ժամանակ մտածելուց հետո մահը խոժոռված, ձգելով «լա՜վ» ասաց ու տեղից բարձրացավ: Հակառակորդի ուսերից կարծես ծանր բեռ ընկավ. «Վերջապե՜ս…»,- մտածեց ու ինքն էլ տեղից բարձրացավ: Խաղընկերը, սակայն, անշտապ ևս մի թռուցիկ հայացք նետելով խաղադաշտին, որևէ հույզ չարտահայտող դեմքով հանգիստ ասաց.
– Սողանցքը գտա:
– Ի՞նչ,- ապշած գոչեց հակառակորդը:
Մահը հերթական քայլը կատարեց: Խաղընկերը հուսախաբ նստելով տեղում, դեմքն առավ երկու ափերի մեջ ու այս անգամ նկատելիորեն երկար մտածեց: «Կա՛մ ես խաղից ոչինչ չեմ հասկանում, կա՛մ էլ հերթական մի հիմարություն է»,- իր համար նշեց նա ու առաջնային տեղը տալով երկրորդին՝ արդեն հիմնովին վերլուծած-հաշվարկած քայլը կատարեց: Մահն առանց երկար-բարակ մտածելու պատասխան քայլով արագ արձագանքեց ու անմիջապես էլ սևեռվեց խաղընկերոջը: Հայացքում քամահրանք կար, անթաքույց ծաղր: Հակառակորդը շփոթմունքից ծայրահեղ լարված սկսեց կատարված քայլը վերլուծել: Բավական երկար ծանր ու թեթև անելուց հետո, գտնելով, որ որևէ լուրջ բան չկա, խաղաղված, նախապես պատրաստած հաջորդ քայլը խաղարկեց:
– Ա՛յ, դա արդեն չպետք է անեիր,- չոր նետեց մահը,- գերեզմանդ ինքդ քո ձեռքով փորեցիր,- կարճ դադար տվեց ու սևեռուն հայացքը չկտրելով նրանից՝ հարցրեց.
– Հերթական քայլս կարո՞ղ ես գուշակել:
Արձագանք չեղավ, ուստի՝ քայլն արեց: Տանտերը ոչինչ չհասկացող հայացքով նախ փորձեց խաղը գնահատել դիրքային ամբողջական տեսքով, ապա՝ սպասվելիք քայլերը մեկ առ մեկ՝ իրենց բոլոր հնարավոր տարբերակներով: Մի քանի անգամ սկզբից մինչև վերջ գնալուց հետո, նորից մի անգամ էլ մանրակրկիտ մյուս խաղաքարերի դիրքերն ուսումնասիրեց ու հնարավոր բոլոր քայլերը, սակայն վտանգ չտեսնելով, ձեռքը հանգիստ մեկնեց նպատակադրած խաղաքարին՝ ծրագրված քայլն անելու: Մահը շտապեց զգուշացնել.
– Գիտեմ ինչ ես անելու, լա՜վ մտածիր, գուցե չարժե՞…
«Բլեֆ է, սովորական բլեֆ՝ ապակողմնորոշելու ու խաղը փրկելու նպատակով, բայց նա դեռ չգիտի՜ ում հետ գործ ունի»,- մտմտաց ու վճռական քայլը կատարեց: Դրանից անմիջապես հետո, սակայն, հանկարծ տեսավ այն, ինչը զարմանալիորեն չէր նկատել: Այդպես հաճախ է լինում, սակայն հիմա՞, հենց հիմա՞ պիտի լիներ…
Սփրթնած դեմքն առավ ափերի մեջ, ծանր հոգոց հանեց ու չկարողանալով իրեն զսպել՝ թույլ շշնջաց. «Վերջ, ամեն ինչ վերջացած է»:
– Ի՞նչ,- հակառակորդը հեգնանքով քմծիծաղեց,- տեսնում եմ հասկացար՝ ով է մեզանից սև բերողը: Հիմա ինչ, հանձնվո՞ւմ ես, թե՞ քայլս կատարեմ…
Անսպասելիորեն այնպիսի մի կատաղություն իջավ վրան, որ մի պահ ցանկացավ խաղադաշտը շրջել, սակայն անմիջապես էլ ուշքի գալով, դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքն ուղղեց դիմացինին: Սեփական անզորության ու ստեղծված անհույս վիճակի գիտակցումից սարսափած՝ ամբողջ մարմնով սկսեց դողալ, դեմքը ջղաձգվեց.
– Չը՜… չէ՛, քայլն արեք,- հազիվ կարողացավ արտաբերել ու հայացքը նորից գամեց խաղադաշտին: Հակառակորդը հենց այն քայլն արեց, որն ինքը սպասում էր: Ելք չկար, մատն անխուսափելի էր:
– Նման դեպքում հանձնվում են: Մահի հետ շախմատ չես խաղա: Նարդիում ոնց են ասում. «Քաղաքի տղեն էլ զառ չի գցի»:
Հակառակորդի կծու ռեպլիկները հունից հանում էին: Զայրույթը հազիվ զսպելով կարողացավ հավաքել ամբողջ արիությունը, ուշքի եկավ ու ջղային նետեց.
– Թույլ տվեք մտածել:
– Մտածիր ինչքան ուզում ես, ես գրքերդ կուսումնասիրեմ,- տեղից բարձրացավ:
«Դա էլ հոգեբանական ճնշման ձև է, հին ու փորձված միջոց»,- մտմտաց առանց խաղադաշտից կտրվելու ու կարծես մի քիչ խաղաղվեց:
Հանգիստ մտածիր, մի՛ շեղվիր, դու կգտնես, անպայման կգտնես, համոզվա՛ծ եմ, որ կգտնես… Անսպասելիորեն սառը վճռականության զգացումը համակեց մարմինը, պաշարելով միտքը, ողջ էությունը… Նա ինչպես ասա՞ց. «Խնդիրը բազում լուծումնե՞ր ունի»,- ճիշտ է, ուրե՞մն… դե՛, ուղեղդ շարժիր, չէ՞ որ տիրապետում ես ոչ շաբլոն մտածելու արվեստին, դե՛, փորձիր: Փորձիր ինքդ քեզ հերքել, բացասելով փորձիր բացասումդ բացասել, դե՛, համառությունը միշտ էլ ինչ-որ բանի հասցնում է…
Կրկին ու կրկին ամենամանրակրկիտ քննարկելով յուրաքանչյուր տարբերակ, այնպես տարվեց դրանով, այնպես խորացավ, որ ինքն իրեն մոռացած, կարծես վերացած, ձուլվեց խաղին ու ինքն էլ խաղաքարերից մեկը դարձած՝ հայտնվեց դաշտում: Հիմա արդեն որպես իրադարձության անմիջական մասնակից, սկսեց միանգամայն այլ կերպ դատել, ստեղծված իրավիճակին բոլորովին այլ աչքով նայել: Ներքին ձայնը հուշում էր. «Հիմա կգտնվի, լուծումը կգտնվի…», ուղեղը՝ բողոքում. «Ո՞ւր է, ո՞ւր է»: Մի պահ աղոտ ինչ-որ միտք փայլատակեց ուղեղում, փորձեց զարգացնել՝ անարդյունք: Ներքին ձայնը շտապեցնում էր. «Դե՛, արդեն գտել ես, փորձի՛ր, ավելի՛ համարձակ…»: Նույն գաղափարը նորից վերլուծեց, մտովի քայլը կատարեց ու հանկարծ անսպասելիությունից վեր թռավ. աչքերը բոցավառվում էին: Կարմրատակած, երջանկությունից փայլատակելով, անզուսպ բացականչեց.
– Գտա՛, ես գտա՜… հավերժական շա՜խ:
Մահը զարմացած շրջվեց նրա կողմն ու դանդաղ մոտեցավ խաղատախտակին: Մեկական քայլեր փոխանակելուց հետո, հաջորդ քայլին, երբ տանտերը ոչ առանց դիտավորության մի փոքր հապաղեց, մահն անհամբեր նետեց.
– Դե՛…
Հակառակորդը «շա՛խ» հայտարարելով հանգիստ քայլն արեց: Մահը արքային տեղափոխեց կողքի վանդակը:
– Նորից «շա՛խ»,- ժպտաց մեր հերոսն, ու քայլը հաջորդեց:
Մահը արքային վերադարձրեց նախկին տեղը:
– Էլի շա՛խ…
Դիմացինը մի պահ մտածեց, ապա դժգոհ փնթփնթաց.
– Ընդամենը մի տեղ ունեմ շարժվելու:
– Ա՛յ, դա էլ հենց կոչվում է հավերժական շախ,- գոհունակությամբ հայտարարեց տանտերը:
– Է՜, հետո՞, հետո ի՞նչ…
– Հետո ոչինչ, այսինքն՝ ոչ-ոքի:
– Բացատրի՛ր, ասածդ ի՞նչ է նշանակում:
– Նշանակում է ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ:
– Առաջին անգամն եմ լսում: Կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում. այլ ճանապարհ չկա:
– Կա, պատերազմների ժամանակ խաղաղ դաշն չի՞ կնքվում:
– Կնքվում է, բայց կողմերից մեկի համար անցանկալի պայմանների ընդունմամբ միայն: Իսկ պայման թելադրողը, բնականաբար, հաղթողն է:
– Թշնամիներն իրար հետ չե՞ն հաշտվում:
– Դա միանգամայն այլ բան է: Ինչո՞ւ այդ ոչ-ոքիի մասին ինձ չէիր տեղեկացրել:
– Ճիշտն ասած, մտքովս չանցավ. չէ՞ որ սկզբում հենց այնպես էինք խաղում, հետո միայն՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ պարտություն…
– Իսկ գուցե դու դիտմա՞մբ…
– Չէ՛, ի՜նչ եք ասում, երդվում եմ ամենայն սրբություններով. հետո, ի՞նչ նպատակ ուներ:
– Համենայնդեպս, անարդար բան կատարվեց: Եթե նախապես իմանայի այդ անիծյալ ոչ-ոքիի մասին, հաշվի կառնեի, ու այսպիսի հիմար վիճակ չէր ստեղծվի…
Մի պահ անհարմար լռություն տիրեց: Շուտով սակայն, վախենալով, որ նորից խաղալու առաջարկություն կարող է հնչել, տանտերը շտապեց կանխել.
– Իսկ ի՞նչ վատ է. պատվավոր ոչ-ոքի:
– Հա՛, բայց մի՛ մոռացիր, որ պայման ունեինք:
Խաղընկերը կարծես նոր հասկանալով, թե ինչ է կատարվել, թևաթափ, հանպատրաստից նետեց.
– Է՜, հա՛, ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ:
– Այսի՞նքն,- մահը զայրացավ:
– Դե, որ չհաղթեցիք, ամեն ինչ մնում է նույն ձևով,- հնչեց հուսահատ պատասխանը:
– Բայց չէ՞ որ դո՛ւ էլ չհաղթեցիր, ուրե՞մն…
– Ուրեմն՝ ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ,- շփոթված կրկնեց տանտերը:
– Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս: Ի՞նչը ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ, կյա՞նքդ… եթե քեզ այն պետք չի, ես չեմ հրաժարվի դրանից:
Զրուցակիցը գլուխը բռնեց:
– Թեև…- մահը մտմտաց,- ոչ-ոքին փաստորեն կես հաղթանակ ու կես պարտություն է. կնշանակի՜…
– Ի՛նչ, ի՞նչ կնշանակի,- տանջահար հայացքը հառելով մահին՝ արտաբերեց տանտերը:
– Մի խոսքով, իմ կես հաղթանակն ինձ բավարարում է: Իմ հասանելիքը մարմինդ է միայն, իսկ հոգիդ Աստծունն է: Կես հաղթանակս մարմինդ, կես պարտությունը՝ հոգիդ: Ահա և ոչ-ոքիի լուծումը:
– Իսկ ի՞մ կես հաղթանակն ու կես պարտությունն ո՞ւր մնաց… ո՞րն է կես հաղթանակս, տվե՛ք ինձ,- հուսահատ բացականչեց տանտերը:
«Ապրելու կույր բնազդը թերևս չգիտի՝ ինչ է հուսալքությունը»,- մտմտաց մահը ու թե.
– Քո պարագայում ստացվում է, որ կես կյանքդ շահել ես, կեսը տանուլ տվել: Այսինքն՝ ոչ-ոքին քեզ համար ո՛չ կյանք է, ո՛չ մահ:
– Հիմա ո՞նց է լինելու:
– Կարելի է քեզ պարզապես գամել անկողնուն (դանդաղեցված մահ): «Վիրուսակ» անունը կրող իմ հատուկ պատրաստության ջոկատների գործակալները տարատեսակ վիրուսների կյանքի կոչման ու տարածման բարձրակարգ մասնագետներ են: Ներդրված հատուկ վիրուսը անմիջապես չի սպանի: Կամաց-կամաց թուլացնելով՝ սկզբում կգամի անկողնուն, ապա… Կաթվածահա՜ր կանի: Եվ դու անզոր կլինես անգամ քթիդ տզզացող ճանճը քշել… Այն ժամանա՜կ երկինք առ Աստված աղերսով՝ իմ շուտափույթ ժամանումը կտենչաս:
– Ի՜նչ խանդավառություն… դա Ձեզ հաճո՞ւյք է պատճառում,- ստորին շրթունքն սկսեց դողալ:
– Իմ աշխատանքն է:
– Եվ Դուք պարծենո՜ւմ եք դրանով, այն դեպքում, երբ ցավ ու վիշտ եք պատճառում մարդուն:
– Մարդու հետ թշնամություն չունեմ: Մարդն ինքն է իր թշնամին… երկրիս վրա կա՞ ավելի հիմար արարած, քան նա: Ես, համենայնդեպս, չգիտեմ. հպարտանում է, երևակայում, ոտնահարում իր նմանին, կողոպտում, բռնաբարում… կյանքից զրկո՜ւմ վերջապես: Այս ամենն է, որ ցավ ու վիշտ է պատճառում: Իր կործանման բուն պատճառը մարդն ինքն է: Նրա անդուլ ձեռնարկումները ընդամենը սրընթաց կերպով զարգացող համընդհանուր վախճան-հրեշի անկշտում որկորն են սնում… Կա՞ ավելի բարբարոս մեկը, քան նա: Անխնա ոչնչացնում է Աստծո, հենց իր համար կենսարար այս հրաշք բնությունը, անհագ ագահությունը բավարարելու տենդից՝ տակնուվրա անում ընդերքը: Տանկեր է ստեղծում, զանգվածային ոչնչացման զենք, պատերազմներ մղում, ոչնչացնում հազարներով… ու դա դեռ քի՜չ է, չի՜ բավարարում, տուր և տիեզե՜րքը: Մի անգամ մի պառավի էի տանում, հոգոց հանելով ասաց. «Ես հեչ, իմ էսպես գնալն արքայություն է, ցավ չէ, վա՛յ իմ թոռ ու ծոռներին… էս երկինքն էնքա՜ն են բզահարելու, որ մի օր շուռ ա գալու գլխներին»: Եթե կուզես, շնորհակալ գործ եմ կատարում՝ յուրօրինակ սանիտարի, անդադրում աղբատարի պարտականություն: Մաքրում-տանում եմ աղբը… Աստծո շնորհած ժամանակդ լրացավ՝ բարի եղիր տեղդ զիջել, անբուժելի հիվանդ ես՝ գնա, որ ուրիշին էլ հետդ չտանես: Սա է Տիրոջ կամքը, ու ես ընդամենը դրա իրագործողն եմ: Այլ խոսքով՝ Բարձրյալի կամակատարը… Բայց ես կարծես տարվեցի խոսքով, իսկ ժամանակը չի սպասում:
Ծանր լռություն տիրեց: Երկուսն էլ նույնն էին խորհում, որ լուծումը չգտնվեց:
Այն լուծումը, որ կբավարարեր երկուսին էլ:
– Փաստորեն,- խոսեց մահը,- ստացվում է, որ քո կես պարտությունը ոչ թե կես, այլ լրիվ պարտություն է: Այսպես թե այնպես, կյանքդ ամբողջությամբ ես տանուլ տալիս:
– Ես էլ այդ եմ ասում:
– Ե՞րբ ասացիր:
– Դե, մտածում էի:
– Բացի այդ,- վերադառնալով սկզբնազրույցին, ծանր-ծանր շարունակեց մահը,- մեր պայմանն այնպիսին էր, որ քո հաղթանակի դեպքում պետք է հանգիստ թողնեի քեզ: Այդպե՞ս է:
– Այդպե՛ս է, այդպե՛ս է,- անմիջապես վրա բերեց իրեն դեռ չգտած զրուցակիցը:
– Այդ դեպքում իմ հաղթանակից ե՞ս ինչ էի շահում. ստացվում է՝ ոչինչ: Այդպե՞ս է… «Է, հա՜, բայց կարծես համաձայնվել էի դրան»,- իր համար նշեց մահը:
Տանտերը, որ հուսահատ, սպասողական հայացքը խոսակցից չկտրելով ջանք էր թափում ձեռքերի նյարդային դողը զսպել, հարցն անպատասխան թողեց:
– Սովորաբար մարդը հեշտությամբ է շահում այն դեպքում, երբ նրա համար դա մեծ կարևորություն չունի: Քեզ համար շահելը կյանքի խնդիր էր, ինչը շեղում էր ուշադրությունդ՝ խանգարում: Փոխանակ կենտրոնանալու այնտեղ, ուր իսկական վտանգն էր (մյուսը խաղի ելքից էր կախված), դու ուրիշ տեղ էիր. թեև և՛ խաղում էիր, և՛ զրուցում: Ինչևէ, ոչ-ոքին քեզ հեշտ չտրվեց: Եթե կուզես, դա հենց իսկական հաղթանակ էր…
Վերջին արտահայտությունը զիջողամիտ-բարեհոգությամբ, շնորհ անելու ակնհայտ շեշտադրումով հնչեցնելուց հետո մահը մի պահ ընդմիջեց, ապա առանձին ոգևորություն չդրսևորելով՝ հավելեց.
– Հաշվենք, որ կես հաղթանակից իմ շահածն էլ շախմատ խաղալ սովորելը եղավ:
Դրանից հետո դեմքն անմիջապես անտարբեր դարձավ: Տանտերը դեռ որոշ ժամանակ ոչինչ չհասկացողի սպասողական հայացքով նրան էր նայում, սակայն երբ մահը անչար ժպիտով տեղից բարձրացավ, մեկեն գլխի ընկնելով, ցնցված տեղից վեր թռչելով անզուսպ բղավեց.
– Ես ազա՜տ եմ, ազա՜տ եմ,- ապա վրա հասած բուռն զգացմունքների հորձանքից թուլացած, փլվեց տեղում:
– Իսկ ես ուզում էի քեզ տանել հավերժական հանգստի ու խաղաղության իմ տիրո՜ւյթը,- ափսոսանքով ասաց մահը:
– Ինձ համար այստեղ էլ վատ չէ,- աչքերը սրբելով՝ հազիվ կարողացավ արտաբերել մարդը:
– Սխալվում ես, կյանքը անողոք է ու դաժան: Եթե կարծում ես՝ այն միայն ծնունդ է ու արարում, իսկ մահը լոկ աղետ ու վախճան, սխալվում ես, չարաչար ես սխալվում: Կյանքը պատրանքային է ու խաբուսիկ, հաջողությունն ու ուրախությունը՝ հեղհեղուկ, որ որևէ արժեք-նշանակություն չունեն, տանջանքն ու տառապանքը շարունակական, մահվան սարսափը՝ մշտարթուն… Իսկ մահն իրականում հանգիստ է ու նոր արարումի սկիզբ:
Վերջացնելով՝ հյուրը ցտեսություն մաղթեց ու շարժվեց դեպի ելքը: Շեմին չհասած, սակայն, կանգ առավ, շրջվեց ու շեշտակի հայացքը հառելով տանտիրոջը՝ ընդգծված խիստ շեշտադրումով հայտարարեց.
– Շուտով նորից կգամ…
Մարդը, որ այդ պահին ուղեկցում էր նրան, այլայլված սառեց տեղում, սակայն մահը ժպտալով հավելեց.
– Շախմատ խաղալու:
Հրաշալի պատմվածք է, խորքային ասելիքով, մտորումների տեղիք տվող։