Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

ՆԱԽԱՁԱՅՆԵՐ
…Ունկ դի՜ր ծառերի սոսափյունով,
որ լսես ձայնավոր անրջանքը ջրի
և հողի բաղաձայն տառապանքը,-
նրանք միասին են
շնչավորում գալիքների անկիրք մումիաները:
Վերևում արփին իր ոսկե գորովն է
մանրահունչ մաղում,
և լազուրն է երկնում նոր երանգներ,
դու նրանց հետ եղիր ուխտյալ որսորդի պես
և նրանցից թաքուն երազներ չպահես…

1.
Ո՞ւմ ձայնն է հնչում համր ու դառնաշունչ
խաչված Քաղաքի ու Լեռան վրա՝
փնտրելով արթուն երազ ու ոգի
և նրանց սնած թռիչքների չուն.-
զուսպ է, չի մատնում խորքն ու ծագումն իր,
անմշակ թեկուզ՝ արվեստով է լի,
ասես փռվում է բևեռից օտար,
բայց և հարազատ հնչույթ ունի նա:
Չի պոռթկում, թեթև հուշում է միայն,
որ ստվերները չեն անհետանում,
«նրանք կարող են փոփոխվել անձայն՝
դառնալով դև կամ հրեշտակ տանու»:
Ակնարկում է պարզ՝ նրանցից մեկն ես,
դու հողից ելնող ստվեր ես համակ,
նայած, թե լույսը ոնց ես ներշնչում՝
դու դև ես կամ էլ կենաց հրեշտակ:-
Դեգերում է նա, սփռվում անտես
մշուշի նման ու խռովության,
և անբավության զգացման թելն է
մանում Քաղաքի ու Լեռան վրա,
որ խաչված թեկուզ, պարպված ու հերձված՝
ներըմբռնում են կանչն այդ խորաշունչ,
տեսնում են՝ ինչպես հանգույցները բաց
շաղկապում է նա հեշտ ու անտրտունջ,
և ժամանակի ծալքերը մեկ-մեկ
սրսկում է տաք նախաձայներով,
երբ անարձագանք ժամանակի հետ
լեզու չի գտնում ոչ մի գոյավոր:

2.
Ո՛չ մարմին եղար պիրկ ու կատարյալ,
ո՛չ Աստծուն ի մեզ հմայող հոգի,
քո երազամույն հայացքը, սակայն,
մեր բեկված կյանքն է դարձնում եզակի –
այն հողի վրա, ուր հույսի հեղեղ
ու սիրո երաշտ եղավ շարունակ,
և հրեշտակն իսկ կարող է այնտեղ
զմայլվել, ապա սսկվել գլխահակ:-
Միանձնուհու պես քայլում ես օրոր
խուլ անապատով սպասման ու խղճի,
քեզ չեն խռովում խոստումները Հոր,
չի կանխում քայլքդ ոչ մի ահեղ ճիչ:-
Քո գունատ դեմքն եմ հարդարում հիմա
հրապուրանքի նոր քսուքներով,
բայց քո գեղեցիկ տեսքը իրական
քո հին արևից կստանաս դարձյալ:

3.
Մե՛րթ ուրվականի, մե՛րթ սրբի նման սրսփում է նա
դարպասների մոտ ու մեր շեմերին,
ասես գաղտնակուր Միտքն է անխնա
պարտակում իր տաք թրթռոցի տակ:
Հուշ ու Ցանկության պես է ինքնաբուխ
մատուցվում օրվա խաղացողներին,
բայց խույս է տալիս իրեն հովանի
խստության զինյալ հոգեկիցներից:
Երբ ետ է նայում, աչքը մեխվում է
անցյալի գուբում կեցած անկյալին,
որ ցանկացել էր քար կամուրջ լինել
ամենուր ձգվող կույր անդունդներին:-
Չէ՜, անհամբեր ես, պիտի դուրս ելնես՝
հպվելու նրա «եսին» միգամած –
տեսնում ես՝ վաղուց մեր տանը նստած՝
նա մեզ է սպասում հպատակի պես:

4.
Ինքն իրեն կողքից նայում է անմեղ,
ասես հեռացած հոգու աչքերով –
ի վերջո ի՞նքն է մարմինը բնեղ,
իր դեմ փռվածը նմանա՞կն է լոկ,
թե՞ հակառակը կամ երկուսն էլ իր՝
միևնույն գոյի արտացոլանքն են,
իսկ այն, որ պիտի լիներ բնագիր,
վաղուց լռված է Տիրոջ պահոցում,
ուր մոռացվելը մեղք չէ տակավին
ո՛չ Տիրոջ համար, ո՛չ արարվածի,-
բյուր օրինակներ ստեղծարարության
չե՜ն մարմնավորվել դեռ երկրի վրա:-
Իր դեմ փռվածին նայում է երկար,
մոտենում նրան, հպվում սրտդողով,
ապա խայթվածի խելահեղությամբ
սլանում է վեր՝ անծայր ուղիով:

5.
Ինչ որ հեգում է սյուքը քնքշաթով,
խելագար քամին ջնջում է փութով –
կորած աշխարհը լցվում է այդպես
սրբված ու ներհուն ասացումներով,-
թեպետ խաղաղ չէ ոչ մի անկյունում՝
ո՛չ ներկա, ո՛չ էլ անտես աշխարհի –
պտտահողմը մոտիվներ ունի
նույնիսկ Աստծո փակ անդաստաններում:-
Ինձ տաղիկի պես սյուքն արտաբերեց
ամառվակեսի մի վաղ արշալույս,
կյանքի մրրիկը հավատաց անեղծ
նրբահյուս խոսքի մոգությանը հույժ:
Եվ այնուհանդերձ, անվարան կգա
իսպառ ջնջվելու ժամը կոչական,
պետք է հասցնել տաղիկից դառնալ
ձոներգ՝ առ սյուքը և անցավորաց:

…Նայիր երկնքի երկրասեր աչքերով,-
դու կեցած ես անհունի խոր հատակին,
բայց և ոտքիդ տակ կատարն է կյանքի:
Արտացոլանքներդ զննիր լուսնալույսի հառաչի մեջ
և ցերեկվա ծոցում տնտղիր մանրակրկիտ.-
առանց քեզ տեսնելու հոգեպտուղ որպես՝
ձեռք չտաս օրվա բյուրեղներին:

6.
Կլինես ազատ, մեղմ ու թափանցիկ
և փափուկ ուժով կբացես ճամփադ,
քո միջով կանցնեն չարք ու հրեշտակ,
աշխարհասասան բյուր արիացիք,
և երկնաբնակ դասը վեհափառ
կճանաչի քո կամքը բառացի,
բայց քեզ կտանի բազում փորձության,
որ ներսիդ ոսկին լինի մեծահարգ,
քանզի որքան էլ ճգնեց անվարան
ամենքին տրվող Տերը լուսերես,
ողջ տիեզերքը դարձավ անխուսափ
տուրևառության խառնակ ասպարեզ:
Կերտածն է Աստծո, տանջանքը նրա՝
ինչ որ կտեսնես ու կզգաս անբիծ,
բայց կատարվածը հեռու է անչափ
իր իսկ փափագած մարդ ու աշխարհից:-
Դու անցնելու ես հողմերի միջով՝
մահ ու խավարի և անհոգության,
ինչպես էլ խոցվես, վառվես ու ընկնես,
մի անմեռ տատրակ կերգի կրծքիդ տակ:
Եվ քո շինվածքի ձևը բնածին
կմղվի անվերջ՝ լինել կուսական,-
մահը սպանում է մեղանչողներին՝
առանց քննության ու վճռի բեկման:-

7.
Իսկ դու կոչվածն ես հարության տոնի,
քեզ անտեսելը դյուրին է թեպետ,
բայց և անունդ իզուր չի մատնի
նույնիսկ չարքերի մեծը միապետ.-
կենդանի է նա, ով երազում է,
ով սավառնում է զիլ բարձունքներում,
ու թե դիպվածը խոյահարի քեզ,
քեզ համար միշտ կա հնչեղ հատուցում –
նոր ծնծղաներով վերածնության,
դրասանգներով հոգեզարթոնքի,-
քո ներսի աչքը պիտի բաց մնա
այսօր ու հավետ, քուն թե արթմնի:

8.
Հավքը կճախրի հեռու երկնքում՝
երազանքից ու հաճույքից շիկնած,
կճայթի որոտ, և նա վայրկյան անց
շանթահար կընկնի ոտքերիդ առաջ:-

Քո լարած նետը դիր կապարճը ետ,
սպասի՜ր, քո որսի ճիշտ ժամը կգա,
կտեսնես՝ կիտված գիշերով անգամ
հաշտ է երկինքը նոր հավքերի հետ:

9.
Մե՛րթ մարմին-ոգի, մե՛րթ հող կլինես,
մե՛րթ ջուր կդառնաս, մե՛րթ կրակ ու օդ,
լույս ու պատրանքի դու կվերածվես
և կհնչես հանց շշուկի անոթ,
սակայն խնամած նույն եզերքում ես
բախտդ ըմպելու վերին շնորհով,-
կարող է քոնը անհունը լինել,
բայց դու կմնաս Եզերքինը լոկ:
Ժամանակները ձաղկելու են քեզ՝
որպես ինքնապարտ մի արշավորդի,
մեկ է՝ դու պարտ ես հատել անվթար
ոլորանները անդնդապատիր.-
քեզ ոչ մի թռիչք անմեռ չի դարձնի,
և ոչ մի անկմամբ մեռյալ չես դառնա,
ժամանակները քեզ ծաղկելու են,
եղանակները կբխեն քեզնից:

10.
Հավքին քույր ասա, կենդանուն՝ եղբայր,
լեռների առաջ սիրտդ բաց պահիր,
գետ ու ծովերի շառաչում անչար
կորսաս կանչերը ջրանույշների:-
Մեկ ես՝ տաքարյուն, բայց սառը մեգ ես
թվալու քո իսկ կրկնապատկերին,
և սուր տագնապն է սքողելու քեզ,
իբրև խթանիչ՝ հոգուդ ու մարմնիդ:
Չես հոշոտվելու ու չես կիզվելու
նախանիշ զոհի տարաբախտությամբ,
քո պատկերը ստույգ դրոշմվելու է
որմնասյուներին կանխատեսության:
Երբ հասունանա Բանը քո լեզվին,
կթողնես՝ թևի ծիծեռնակի պես,
նա քեզ կհուշի եկող աղետի
և եկող սիրո մասին կավետի:

Վախդ կնքելու են երկրի գազանները –
դու նրանց համար անորսալի վիթի
կամ գույժի պես եղիր,
սլացքդ կնքելու են թռչունները –
նրանց թևերը կանվանակոչես
կապույտ հնչյուններով:-
Ամեն հույզիդ դիմաց հողմ է գալարվելու՝
աներևույթ թե ակնախտիտ,-
նախքան կշարժես բոսորվող լեզուդ,
հիշիր, որ Տերը կարող է
երբեք քեզ չորդեգրել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։