ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

karineՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանչուհի
ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 50-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Ռոդոլֆո Վոլշ

Կուղբորսները

Ռենատոն լսեց կրակոցները: Բադեր ու ձկնկուլներ թռան, և հեռվում ծխի կապույտ մի քուլա դանդաղ հալվեց իրիկվա անսահման անդորրի մեջ: Մութն ընկնելուն պես Չինո Պերեսը վերադարձավ՝ լուռ ու հոնքերը կիտած: Կառանաճոպանով կարմիր ներկված մի նավակ էր քարշ տալիս ետևից, որի ձախ նավակողին սպիտակ տառերով «Սան Ֆելիպե» էր գրված:
– Գտել եմ,- պարզաբանեց՝ Ռենատոյի կողմը չնայելով:- Ինձ թվում է ֆերմայինն է:
Եվ կարճ դադարից հետո ավելացրեց.
– Երևի կառանաթոկն է պոկվել:
Ռենատոն, ծխամորճը ծխելով, դանդաղ ելավ տեղից և ափին մոտեցավ: Նա ցածրահասակ էր ու վտիտ: Նրա կապույտ աչքերը հմայվածի սևեռուն հայացք ունեին, որ չէր ներդաշնակվում բերանի գրեթե մանկական գծագրության հետ:
Նավաճոպանը նոր էր, Ռենատոն տեսավ, որ անվնաս էր, բայց ոչինչ չասաց: Հատակին բոլորովին նոր ձկնորսական սարքեր կային և 22 մմ տրամաչափի մի կարճափող հրացան, նստատեղերից մեկին՝ բրդյա, խայտաբղետ զոլերով մի սվիտեր:
– Մի բան որսացի՞ր,- ցածրաձայն հարցրեց Ռենատոն:
– Չէ՛,- արձագանքեց ընկերը և չարախինդ ժպիտով ավելացրեց,- ջրահավեր:
– Ես լսեցի կրակոցները,- ասաց Ռենատոն: Չինո Պերեսը չպատասխանեց: Ինքնամփոփ ու մտքերը հեռու՝ նստեց կղզյակի ափին, ոտնամանները հանեց և ոտքերը սուզեց պաղ ջրի մեջ՝ հայացքը հեռուներին հառած:
Այդ գիշերը լճակի ափի շների համար անքուն գիշեր էր, ոտնաձայներ ու լապտերներ, քամին խուլ ձայներ էր տանում ու բերում: Ռենատոն քնած էր: Չինո Պերեսը ծխում էր՝ մտասույզ ու վերացած, մինչև որ լույսը սկսեց բացվել:
Չինո Պերեսը հանեց-վերջացրեց ճահճակուղբերի մորթին և ցցերի վրա ձգեց: Ռենատոն հետևում էր նրան իր կապույտ աչքերի անտարբեր հայացքով:
Չինո Պերեսը հողով ծածկեց օջախը, ապա հայացքը հառեց հեռուներին: Ջուրը կապարի գույն էր ստացել, եղեգների ոսկեփայլ կանաչի մեջ առաջին ստվերներն էին երկարում: Աղջամուղջի անդորրի մեջ սուզված լճակի եզերքին՝ եղեգների սահմանագծին գոլորշու ամպիկներ էին սահում ջրի վրայով:
– Շատ լավ է, ախպե՛րս, էս գիշերն անցած գիշեր է,- ասաց Չինո Պերեսը՝ առանց շրջվելու:
Երկու նավակներն օրորվում էին կղզյակի ափին: Ձկնորսական կարթաթելերը մերթ ընդ մերթ տատանվում էին էլեկտրական կարճ ցնցումներով: «Մեծատամներ են»,- մտածեց Չինո Պերեսը վատ տրամադրությամբ: Դեռևս հոպլիասի* ժամը չէր: Հոպլիասը միանգամից էր քաշում կարթաթելը՝ ջութակի լարի նման պրկված ու թրթռալով թողնելով այն:
– Գիտեմ, որ ուզում ես գնալ,- ասաց Չինո Պերեսը:
Ռենատոն չպատասխանեց: Թողեց, որ լռությունը թևածի իրենց միջև՝ բաժանելով իրենց, հեռացնելով դեպի իրենց տարբեր աշխարհները՝ սահուն, առանց բռնությունների:
Չինո Պերեսը կարճահասակ էր, ամրակազմ, դեմքը՝ դեղնականաչավուն, հոնքերի արանքում՝ դանակի հարվածի հետք, փրչոտ մազերը՝ բիզ-բիզ, դեմքի արտահայտությունը՝ բութ ու քարացած:
Հեռվում՝ դաշտի մեջ ինչ-որ լույս վառվեց: Շներ հաչացին: Ջուրը կարկաչում էր:
«Գիտեմ, որ ուզում ես գնալ»,- մտածեց Չինո Պերեսը:- Ես էլ եմ ուզում»,- մտորեց՝ ֆերմայի նավակին նայելով: Մթության մեջ ընդգծվում էին սվիտերի գունավոր զոլերը: Չինո Պերեսը չէր ցանկացել որևէ բանի դիպչել: Թաքուն մի վախ թույլ չէր տվել նրան այդ իրերից որևէ մեկին ձեռք տալ: «Քո ետևից դեռ գալու են»,- զայրույթով մտածեց նա:
Լիալուսին, դողդոջուն, դեղնափայլ մետաղադրամների թաս՝ ջրի մոխրագույն կտավի վրա:
Եղեգնուտի խորքում ճահճակուղբը ճչաց: Սրտակեղեք ճիչ էր՝ մարդ արարածի ճիչի նման: Չինո Պերեսը բարձրացրեց բաճկոնի օձիքը, կարծես մրսելիս լիներ:
– Թակարդներն արդեն լարել եմ,- ասաց նա:
Ռենատոն մտածեց, որ ասելու կարիք չկար: Ինքը տեսել էր նրան բներում ու կերատեղերում դնելու համար պատրաստած թակարդները վերցրած՝ առավոտ կանուխ նավակով դուրս գալու պահին:
Չինո Պերեսը խարույկին մոտեցավ ու պպզեց՝ ձեռքերը շփելով: Այդ պահին գլխի ընկավ, որ ինքն էր հանգցրել կրակը, և զղջաց, որ հանգցրել էր: «Վաղը կգնանք,- մտածեց:- Եվ ընդմիշտ»: Երեք ամիս քնել էին որտեղ պատահեր՝ հոտած ու խոնավ գետնին, կրակ չվառելով գիշերը, չերևալով ցերեկը: Կոկորդին ձկան համ էր կպել: Թքեց զզվանքով:
– Իսկ ի՞նչ ես անելու փողը, գրինգո:
– Փո՞ղը,- աչքերը ճպճպացրեց Ռենատոն:- Ագարակ կվերադառնամ,- ասաց երկար լռելուց հետո:
Նրա հայրը տրակտոր էր ուզում: Ողջ կյանքի ընթացքում դա էր ցանկացել: Իսկ այժմ մեռած էր, դաշտի մեջտեղում, և տրակտորները նրա ոսկորների վրայով էին անցնում: Մեռած՝ առհավետ, անբախտ: Անիրագործելի երազանքը վերածնվել էր որդու մեջ՝ է՛լ ավելի տանջալից և ուժգին. երազանքն իրագործելու համար էր նա սկսել կուղբորսությամբ զբաղվել: Հոր ագարակի հարևան կալվածքում մի անգամ թրթուրավոր տրակտոր էր տեսել՝ կարմիր գույնի մի Կատերպիլյար… Ռենատոն, թերևս առանց դա գիտակցելու, իր պապերի ու ծնողների նման ողջ հոգով ու մարմնով կապված էր հողին: Սարսուռի պես մի բան նրան հանեց իր երազանքների գրկից:
– Եթե ստանանք…- ավելացրեց քթի տակ:
Չինո Պերեսը գլուխը կախ տրորեց խոնավ գետինը: Ջրի ճողփյուն լսվեց, և կարթաթելերից մեկը կտրուկ ձգվեց: Նա սկսեց քաշել կարթաթելը՝ դանդաղ, երկու ձեռքերը համաչափ շարժելով: Իրեն էր ենթարկում կարթաթելի ծայրին կախված, մետաղալարով ամրացրած թելը կրծոտող արագաշարժ ու մոլեգնած հոպլիասին: Մի վերջին անգամ ձիգ տալով՝ նրան ափ հանեց: Ձկան բերանում փայլփլում էին դեղին ու ամուր ատամները, հայացքը սևեռուն էր՝ կապտավուն ու կպչուն: Չինո Պերեսը բութ մատով ու ցուցամատով խռիկներից բռնած պահեց ձկանն ու մտրակի կոթով երկու հարված հասցրեց գլխին: Մանեկով ամրացված սուզագնդիկը օդում շվվալով ջուրը սուզվեց:
Ռենատոն հանգցրեց ծխամորճն ու ոտքի ելավ:
– Գնամ թակարդները ստուգեմ,- ասաց:
– Գործ չունես, ես կգնամ,- առարկեց Չինո Պերեսը: Ձայնի հնչերանգը մեղմացավ:- Ավելի լավ է քնես մի քիչ, ախպե՛րս: Վաղը երկար պիտի քայլենք:
Ռենատոն ենթարկվեց: Շորերը հագին պառկեց պարուսինե մի քանի պարկերի վրա և քուն մտնելուց առաջ մի վերջին անգամ ընկերոջ ուրվագիծը տեսավ՝ նավակի մեջ կանգնած, լուսնի լույսի տակ թիավարելիս:
Չինո Պերեսն անաղմուկ ջուրն էր սուզում թիակը, և նավակը փշուր-փշուր էր անում ջրի հարթ ու փայլուն հայելին: Քնած էր արձագանքներով ու շշուկներով լի խորունկ լճակը: Ընդգծվում էին եղեգնուտների պարզորոշ ու մուգ կատարները:
Չինո Պերեսը սովորական ճանապարհով չգնաց: Ծակող ու սնոտի մի երկյուղ էր թևածում արյան մեջ: Նա սովոր չէր վախին: Ջանում էր ազատվել այդ վախից, ինչպես շունը պիծակից: Որձախոտերի կղզյակին հասնելով՝ դադարեց թիավարել:
Նախորդ օրը կղզյակի կեռմանում հանկարծ կառավարչի տղային էր տեսել ֆերմայի նավակում: Չինո Պերեսը միայն մի անգամ էր տեսել նրան, այն էլ հեռվից, դաշտով անցնելիս, բայց ճանաչեց անմիջապես: Կուղբորսին տեսնելուն պես, նրա մատներն առնական շարժումներով ծալվել էին հրացանի վրա: Բառեր չէին փոխանակել, դրանց կարիքը չկար: Այդ նույն առնական արտահայտությունն էլ պատանեկան դեմքին երկտակվել էր և գնդակը կոկորդը խրված՝ նավակողից ընկել փշփշոտ ջրաեղինջների մեջ:
Չինո Պերեսը չցանկացավ այդտեղով անցնել: Կղզյակում երկու լավ թակարդ էր թողնում: «Դրանք էլ թող կառավարչին մնան»,- մտածեց կատաղած:
Ափից քամի էր փչում՝ եղեգների գլուխները սանրելով: Մի զանգուլակ զրնգուն կաթիլներ էր արտածորում սառած ձեռքերի մեջ:
Եվ հանկարծ հեռվում գիշերը շների, կրակոցների, բոցկլտացող հրի նման սանձազերծ եղած ատելության գիշեր դարձավ: Չինո Պերեսն ատելություն բորբոքող խուլ ձայներ լսեց: Քամին էր հասցնում նրան խայթոցների նման սուր ու արնատենչ ձայները: Այնուհետ լռություն տիրեց, է՛լ ավելի անսպասելի, է՛լ ավելի խոր ու սարսափազդու, քան առաջ: Առեղծվածներով հղի լճակի լռությունը:
Շները հեռվից շրջանցեցին նրան: Չինո Պերեսը հնձած արտի միջով կատվի նման գաղտագողի սողում էր արոտի ջրերն աղիանալու ժամանակներից անգործության մատնված Մեծ ջրաղացի ուղղությամբ:
Ջրաղացի մոտ ֆերմայի բատրակները խարույկ էին վառել: Խարույկի մանուշակագույն ցոլքերի մեջ կառավարչի կերպարանքն էր ուրվագծվում՝ գիշերվա պես մռայլ, թևերը կրծքին խաչած, ոտքերը հեռու-հեռու դրած՝ մարտահրավեր նետելով գիշերվան, որպեսզի նա լուծեր իր վրեժը:
Լուսնի լույսի տակ պտտվում էր Մեծ ջրաղացի անիվը, ինչպես մի ճերմակ վիթխարի ծաղիկ: Պտտվում էր դանդաղ, մերթ ընդ մերթ կանգ առնելով, իսկ ջրաղացի թիերին կապված, արյան շիթեր ծորալով, ցավից ու սարսափից սառած հայացքով պտտվում էր Ռենատոյի մարմինը: Քամին տանում-բերում էր նրա հառաչանքները, իսկ անիվը դանդաղ պտտվում էր աստղազարդ երկնքի տակ:
Ջրաղացից երկու հարյուր մետր հեռավորության վրա Չինո Պերեսը կանգ առավ, որ շունչ առնի: Կսկիծի խայթոցներն այրում էին ձեռքերը: Շներն անհանգիստ ետ դարձան՝ սաստկացնելով հաչոցների կատաղի խմբերգը: Նա շարունակեց առաջ շարժվել: Դադարներով նրան էին հասնում Ռենատոյի խռպոտ տնքոցները:
– Համբերի՛ր, ախպե՛րս: Համբերի՛ր:
Նա կանգ առավ ջրաղացից հարյուր մետրի վրա:
Չինո Պերեսը կրակելիս երբեք չէր վրիպում: Քսան մետր հեռավորությունից աչքին կրակելով էր սպանում ճահճակուղբին, որպեսզի մորթին չծակեր:
– Համբերի՛ր, ախպե՛րս:
Նա դանդաղ, շատ դանդաղ բարձրացրեց հրացանը: Նշանոցը գամվեց կառավարչի մռայլ կերպարանքի վրա, տատանվեց մի պահ, ապա շարունակեց բարձրանալ զզվելի ջրաղացի կմախքի վրայով: Անիվը կես պտույտ էլ արեց և ճռնչալով կանգ առավ՝ Ռենատոյին թողնելով ուղղահայաց դիրքով, գլխիվայր կախված, ապշահար ու միայնակ, մոլորված կապույտ աչքերով:
Չինո Պերեսը սեղմեց ձգանը:

———-
* Հոպլիաս-Արգենտինայի գետերում հանդիպող ձկան տեսակ:

Իսպաներենից թարգմանեց
Կարինե ՉՈԲԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։