ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ԵՐԳԸ
Դե՛ գովեք մեր տոնն ու հանդես,
Ճոխ տներն ու այգին հուռթի,
Գույքն ու սպասքը հարմարավետ,
Իրերն ամեն, կահ-կարասին:
Ամեն օր նոր հյուր է գալիս,
Ոմանք՝ շատ վաղ, մյուսները՝ ուշ,
Արոտների վրա արձակ
Կյանքի մի նոր շող է փայլում:
Հազար-հազար նուրբ անոթներ՝
Հնում հազար արցունք քամած,
Ոսկե օղեր, գուրզ ու սուսեր
Գանձարանում են մեր պահված.
Բյուր զարդեր ու գոհարեղեն
Պահ ենք տվել մութ անձավում,
Անհնար է գանձն այդ հաշվել,
Ինչ էլ ջանաս դու անդադրում:
Երեխաներն անցյալների
Եվ հերոսներն հնադարյան,
Մեծ ոգիներն աստեղնափայլ
Մեծ հրաշքով մեկտեղվեցին,
Շքեղ կանայք, իմաստուններ,
Մանուկներ ու զառամ ծերեր
Քեֆ են անում շրջան կազմած
Հին աշխարհում դեռ նստոտած:
Չկա ոչ մի գանգատավոր.
Ով մեր այս ճոխ խրախճանքին
Մասնակցել է գեթ մեկ անգամ,
Երթը լքել չի ցանկանա,
Բողոքի ձայն էլ չի լսվում,
Հրաշքներին չեն հավատում,
Ոչ իսկ արցունք կա սրբելու.
Ժամացույցն է խելառ վարգում:
Սուրբ լիության մեջ ընկղմված
Հայեցումին տրված օրհնյալ,
Երկինքն է քո հոգում տպված՝
Կապույտի մեջ անամպ ու բաց:
Լայն, ծածանվող հանդերձ հագած
Գարնան դաշտերն ենք
մենք մտնում,
Եվ չի փչում երկրում մեր այս
Թեթև սյուք իսկ՝ ցուրտ ու հատու:
Թակարդն ամպշող գաղտ ուժերի,
Կեսգիշերի հմայքն անուշ,
Սին խաղերի տենչն ամեհի,
Ձե՛զ ենք միայն մենք ճանաչում:
Մենք բարձրին ենք
ձգտում ընդմիշտ,
Մեկ հորձանքի մեջ ենք հեղվում,
Ապա ծորում կաթիլ-կաթիլ
Ու շուրթերով անհագ խմում:
Մեր կյանքն համակ սեր է, հաճույք.
Տարերքի պես անբռնազբոս
Կենաց ջրերն ենք մենք խառնում,
Սիրտը սրտին մռնչացող:
Հորձանքներն են զվարթ կիսվում,
Կռիվն անհաշտ տարերքների
Սիրո կյանքն է գերբարձրագույն
Եվ բանիբուն սիրտը սրտի:
Քաղցր զրույցն ենք հեշտանքի
Մենք ունկնդրում, նայում ենք հար
Աչքերի մեջ բարեբանյալ,
Քաղելով լոկ համբույր, գգվանք,
Ամենն, ինչին դիպչում ենք մենք,
Դառնում է կեզ միրգ-բալասան,
Փափկափափուկ կուրծք ու ստինք,
Պարգև հոխորտ վայելչական:
Սիրեցյալից պինդ կառչելու
Կիրքն է հավետ աճում, փթթում՝
Նրան քո մեջ ընդունելու
Ու նրա հետ մեկտեղվելու,
Նրա ծարավն հագեցնելու
Եվ փոխնիփոխ սպառվելու,
Մեկը մյուսով կշտանալու,
Իրար գրկում հար մնալու:
Տարփանքի մեջ սիրատոչոր
Սուզված ենք մենք հար ու կրկին,
Մինչ բոցերում աղոտացող
Լույսն է մարում այս աշխարհի,
Բլրի ետև անցնում նորից,
Հրդեհի բոցն է մարմրում,
Եվ դողդոջուն միտքը՝ հոգին
Երկրի դեմքն է պարածածկում:
Հին հուշերի դյութանքն անուշ,
Սուրբ մորմոքի դողն հաճելի խոր
խրվեցին մեր սրտերում,
Մեր հուր-կրակն անթեղեցին:
Կան վերքեր, որ ցավում են միշտ,
Մեր սրտերում ապրում է դեռ
Աստվածային խորը մի վիշտ՝
Մեզ լուծելով հորձանքի մեջ:
Այս հորձանքում
հեղվում ենք մենք,
Գաղտագողի հորդում-հոսում
Մեր այս կյանքի օվկիանի մեջ
Ու Աստծո մեջ խորասուզվում։
Եվ հոսում ենք Նրա սրտից
Ետ դեպի մեր շրջանը կույր,
Եվ բարձրագույն ձգտման ոգին
Սուզվում է մեր հորձանուտում:
Շղթաները ձեր ոսկեման՝
Զմրուխտներով ու սուտակով,
Ճարմանդները հօդս ելան
Կայծակնացայտ համազարկով:
Անդունդի թաց մահիճներից,
Դամբաններից ավերակյալ
Երկնից վարդեր մեր այտերին՝
Հեքիաթին ենք տրվում զվարթ:
Թե գիտնային միայն մարդիկ,
Բախտակիցները մեր նորոգ,
Որ եղել ենք մենք մասնակից
Վայելքներին իրենց բոլոր.
Նրանք ուրախ կզատվեին
Դժգույն կյանքից կարոտաբաղձ-
Ժամանակն, ա՜խ, շուտով կանցնի,
Ե՛կ, սիրելի՛ս, դե շուտ, արա՛գ…
Օգնե՛ք կապել Երկրի ոգին,
Մահվան իմաստն ի միտ առե՛ք,
Հայտնաբերե՛ք խոսքը կյանքի.
Մի անգամ ետ շրջվեք գոնե:
Քո ուժն ահա՛ ցնդի պիտի,
Մարի՛ պիտի լույսդ դրսեկ,
Քեզ շղթայեն շուտով պիտի,
Երկրի՛ ոգի, ժա՛մդ է հնչել:
Թարգմանությունը՝
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ