ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ

Վանյա Անգելովան Բուլղարիայի ճանաչված բանաստեղծներից է, ՀԳՄ պատվավոր անդամ, բազմաթիվ գրքերի հեղինակ: Նաև հայտնի թարգմանչուհի է և բուլղար ընթերցողներին է ներկայացրել Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Հակոբյանի, Գ. Դավթյանի, Էդ. Միլիտոնյանի ստեղծագործությունները: Վանյա Անգելովան մասնակցել է
Արցախի միջազգային պոեզիայի փառատոնին`
բանաստեղծություններ գրելով Հայաստանի և Արցախի մասին:
Ստորև ներկայացնում ենք հայաստանյան
շարքի ստեղծագործություններից:

ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ
Բուլղարիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Ողբն ու դառը վշտերն են
Ձեր երգերում մեղմաձայն,
Ծիածանում` ոսկե սերմ,
Հին ու անմահ քերթության:

Մեղեդիներ դուդուկի
Եվ զուռնայի, ծնծղայի,
Դափն է զնգում դարերի`
Խոսքում պոետ տղայի:

Հողն է ներում մեղքերը,
Տես, գիշեր է, կախարդանք,
Պետք չէ նեղվել, եղբայրներ,
Մութի մեջ կա աստղի կյանք:

Քարն է ապրում ավերակ
Մամռոտ պատի մեջ վանքի,
Այդպես բառն է վանկ առ վանկ
Պարզում թրթիռ ջութակի:

Տաղերում կան առհավետ
Ե՛վ նինջ, և՛ վառ երազներ,
Դա տեսնում ենք իրար հետ,
Հայաստանի՛ պոետներ:

ԱՐՑԱԽԻ ՏՆԵՐԸ

Արցախի երեխաներին

Իմ շուրջ տեսնում եմ և՛ կյանք, և՛ մահ,
Թե ինչ եմ ուզում, չգիտեմ ինքս,
Եվ դու, սե՛ր, դրսից միշտ աննշմար,
Լուռ է Արցախի տունը, ոնց Սֆինքս…

Չեն լինի հույսի խոսքեր ի ցույց,
Մուտքի դուռը հին փակ է, կողպված,
Իմ ստվերն է ինձ կառչել վաղուց,
Ուզում է տեսնել դռները բաց:

Մարտերում ընկան և մանուկներ,
Ինչպե՞ս է հողը այսքան լուռ ու մունջ,
Աղոթքն է ծանր, իբրև մի լեռ,
Պոկվում մայրական
շուրթից դառնաշունչ:

Հերոսություն և խիզախություն,
Հավերժությունը ձեր անվամբ` անմահ,
Ոչ ոք չտենչաց փառքի մրցում,
Ժամանակի մեջ միշտ լինել անա՛հ:

Իմ սերն աննշմար, բայց նայիր ներս,
Կուռ են Արցախի տներն, ինչպես զորք,
Ե՛վ մահ, և՛ կյանք իմ շուրջերքը, տե՛ս,
Եվ նաև մանկան ծնունդ աստղացոլք:

Փոխադրությունը`
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ հայ բարեկամներին`
ամենայն սիրով

Վելիկո-Տիռնովո, 5 փետրվարի 2017 թ.:
Մորս ծննդյան օրն է:

Հայաստա՛ն, ի՜մ Բուլղարիայի քույր,
Սիրում եմ, հպարտ եմ քեզանով: Բախտը
Կապել է մեր ասքերը փառակուռ:
Դու խինդ ես, պայքա՛ր,
կյանք ու հավա՛տ անխախտ:

Եվ խա՜չն ենք տանում մեր
խորքին արժանի:
Հայաստան- թե՛ ծով ես, թե՛ ցամաք:
Սի՜րտ իմ, ըստ տակտի խփիր ու քանի
Չես քնել` Քրիստո՜ս գովերգիր սրտամոք:

Պատերազմը երբեք քո որդոց չի սպանի:
Նաև պատմությունն է մեր կողմից:
Ասես աղջկա մոտ, քեզ իր սերը կտանի
Ինքն Աստված, իսկ դու` տո՜ւր ինձ

Գիրկդ և մորենական քնքշանքի երգեր:
Չէ՞ որ դու իրավ Բուլղարիայի քույրն ես:
Գնամ այսօր գնեմ կտավ ու ներկեր`
Խարույկի մոտ նկարեմ աստղերը բյուր:

Ո՛ւ երկինք նկարեմ, ո՛ւ արեգակ:
Արյան կապերով է չափվում այն հո՜ւյսը:
Օգնեցե՛ք թռչունին, մարդի՜կ երկնի տակ,
Մեր միջի Ղարաբաղն էլ կճախրի
դեպ լույսը:

Մեր ասքերը հավերժ
հյուսվել են հաստատ,
Եվ չորս կողմ պայքար է հաղթակիր:
Բուլղարիայիս քույր, ի՜մ Հայաստան:
Կոչո՛ւմ իմ և իմ` ճակատագիր:

Թարգմ.` Շանթ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։