Հունիսի 29-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ լիանիստ` նվիրված թարգմանական գրականության խնդիրներին
Հունիսի 29-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ վարչության հերթական լիանիստը` նվիրված թարգմանական գրականության խնդիրներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ այս ոլորտը կարծես դուրս է մնացել ընդհանուր ուշադրությունից, մամուլում հոդվածներ գրեթե չեն երևում` ինչպես թարգմանության տեսության, այնպես էլ թարգմանական գործընթացի վերաբերյալ, ընդհանրապես տարեկան հունձքի հիմնավոր գնահատությանը նվիրված որևէ ակնառու վերլուծական չկա: Մինչդեռ թարգմանական արվեստը լուրջ քննություն է պահանջում, լեզուների քաջիմացություն: Վերջին 15 տարիներին պետական աջակցությամբ և պետական միջոցներով շուրջ 30 հրատարակչություն տարբեր լեզուներով ժամանակակից ու դասական գրողների ստեղծագործություններ է լույս ընծայել` արաբերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն և այլն: Դրանք բարձրորակ թարգմանություններ են: «Մեր ժամանակակից գրողների տարբեր ժանրի գործերի թարգմանության խնդիրը ինչ-որ չափով հոգացել ենք,- ասաց Էդ. Միլիտոնյանը:- Այսօր ունենք տեղական թարգմանական դպրոց, որը մեծ ձեռքբերում է և որը պիտի շարունակություն ունենա: Հինգ տարվա կտրվածքով ավելի շատ թարգմանված գրականություն տպագրվեց արտասահմանում, քան խորհրդային տարիներին: Տարբեր երկրներում անթոլոգիաներում, պարբերականներում կամ առանձին գրքերով տպագրվում են մեր գրողները: Այդպիսով ընդարձակվում է ճանաչողությունը, արտերկրում ավելի ու ավելի են ծանոթանում ժամանակակից հայ գրականությանը»:
Այնուհետև ՀԳՄ թարգմանական գրականության բաժանմունքի ղեկավար, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում գեղարվեստական թարգմանության բնագավառում ՀԳՄ կատարած աշխատանքները: (Հատված «Մենք չունենք թարգմանական քաղաքականություն» զեկույցից): «1977-ին, երբ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների ժողովածուն տպագրվեց հայերեն իմ թարգմանությամբ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի աշխատակիցն ինձ հարց տվեց` ի՞նչ ենք թարգմանում և ինչո՞ւ: Իմ պատասխանն էր, որ մենք չունենք թարգմանական քաղաքականություն, այսինքն` վեկտորների ուղղություն չունենք, որը թելադրված լինի Անկախ Հայաստանի քաղաքականությամբ: Հիմնականում նախաձեռնում են թարգմանիչներն ըստ իրենց ճաշակի և ըստ առաջարկված ֆինանսական պայմանների, որը հեռու է բավարար լինելուց, քանի որ, թեև թարգմանիչն է կենտրոնական դեմքը, այդուհանդերձ, պետականության շահերը պիտի զուգադրվեն անհատական նախաձեռնությունների հետ:
Մեր կոմպլիմենտար քաղաքականության շրջանում պիտի որ այդ վեկտորները բազմապատկվեին, գուցեև որոշ առանձին գործեր իրականացան, սակայն չգծագրվեցին ամբողջական կողմնորոշիչները, որոնք թարգմանիչներին նախապատրաստեին հեռանկարային կայուն գործունեության:
Բայց հայտնի է նաև` ինչը չի կարգավորվում պետական մակարդակով կամ նրա կառուցվածքների միջոցով, փորձում է կարգավորվել առաջացած հիմնախնդրի ներսում, թող որ` տարերայնորեն:
Հարցն այն չէ, որ այս ոլորտի բարեփոխման համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի միջոցներ և ինտելեկտուալ պաշար: Դա պարզից էլ պարզ է: Այլ, որ եղած ներուժը ներգրավվի ըստ նպատակի, և ոչ թե պետք եղած դեպքում դրանով զբաղվեն ոլորտի համար պատահական մարդիկ, ովքեր մեր թարգմանական հիանալի ավանդույթի հետ կապ չունեն, քանի որ հայոց լեզվի կրողը չեն և արհեստավարժ չեն, ուստի արդյունքը չի կարող տպավորիչ լինել…
Այսուհանդերձ, վերջին տասնամյակում բավականին հետաքրքիր գրականություն է թարգմանվում թե՛ արևմտյան, թե՛ արևելյան լեզուներից…
Հասկանալի է, որ ՀԳՄ-ն չի կարող հավակնել թարգմանական ընթացքի ուղղորդմանը, քանի որ դա կապված է միջոցների հետ, սակայն կարող է թացն ու չորը տարբերել և թարգմանվող գրքերի մասին արտահայտվել հավուր պատշաճի: Կարծում եմ` չի կարելի անարձագանք թողնել հրատարակված լավ գիրքը. ի վերջո, այն դառնում է հայ մշակույթի փաստ: Եվ չէ՞ որ մենք ունենք բուհական ենթակառուցվածքներ, որտեղ քիչ թվով մասնագետներ չեն զբաղված… Գրականագետի խնդիրը, նրա մասնակցությունը գրական-մշակութային փոխառնչություններին նաև բարոյական խնդիր է…
Հրատարակչական նախաձեռնություններն այս իմաստով աննախադեպ հաջողություններով են ամրագրվել Ստեփանակերտի «Ոգի Նաիրի», երևանյան «Անտարես», «Զանգակ», «Սարգիս Խաչենց», «Էդիթ Պրինտ» և այլ հրատարակչություններում: Թե՛ դասական, թե՛ արդի այնպիսի երևելի հեղինակներ են թարգմանվել հայերեն, որը թարգմանական ոլորտի բարձրանիշի մասին է խոսում:
Ուրախալի է, որ մենք ունենք անգլերենից, ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից, արաբերենից, պարսկերենից, վրացերենից, թուրքերենից, իտալերենից, բուլղարերենից, սերբերենից, ուկրաիներենից և այլ լեզուներից թարգմանող բարձրակարգ թարգմանիչներ, ում նվիրական ջանքերի շնորհիվ մեզ են հասնում գրական աշխարհի ուշագրավ ձայները:
Քննարկվող նյութի բազմազանությունն ու ծավալը, ցավոք, հնարավորություն չեն տալիս մանրամասնորեն վերլուծելու թարգմանական գրականության համապատկերը: Կարծում եմ, մի մեծ ուսումնասիրության նյութ է սա, որով պիտի զբաղվի նմանատիպ այնպիսի մի կառույց, ինչպիսին, օրինակ, ՌԴ «ԼվրՑՌՑցՑ տպՐպՉՏՊՈ» կառույցն է: Այդ համակարգված գործունեությունը ուսանելի կլիներ բոլորիս համար:
Գալով ելույթիս սկզբին` ուզում եմ ասել, որ քսան տարի անց նույն հարցին կպատասխանեի` այո՛, մենք այժմ էլ չունենք թարգմանական քաղաքականություն»:
Գրականագետ, ՀՀ մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական կենտրոնի աշխատակից Արմեն Ավանեսյանն անդրադարձավ 2010-2016 թթ. պետական պատվերով ու պետական աջակցությամբ հրատարակված թարգմանական գրականությանը: Նա նշեց, որ պետական բյուջեում հատուկ կետ է բացվել` թարգմանական գրականություն, և մոտ 136 գիրք է լույս տեսել` հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն, այսինքն` յուրաքանչյուր տարի թարգմանական 20 գիրք: Պարբերաբար ներկայացվել են Նոբելյան մրցանակակիրների գրքերը, հայերենից այլ լեզուներ թարգմանվել են ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրողները` Գուրգեն Խանջյան, Արամ Պաչյան, Վահագն Գրիգորյան…: Թարգմանական գրականությունն ընդգրկվել է նաև մշակութային ժառանգություն, մանկական գրականություն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրականություն ծրագրերում: Մեծ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության մասին արտասահմանում ստեղծված այն գրքերի թարգմանությանը, որոնց հայ ընթերցողը ծանոթ չէ: Եվ հակառակը` կարևոր այդ թեմային նվիրված հայ հեղինակների գեղարվեստական ու գիտական գրքերը թարգմանվել ու ներկայացվել են մի քանի լեզուներով, ինչպես օրինակ` եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների ժողովածուն, «Հողը կը խօսի» խորագրով` ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: «Ներկայումս կա գործող ծրագիր, որը միտված է տարբեր երկրներում հայ ժամանակակից գրողների երկերի թարգմանությանը: Այդ ծրագրի կարևոր կետերից մեկն այն է, որ արտասահմանյան որևէ հրատարակչության կողմից հայ գրողին իրենց երկրում ներկայացնելու պարտավորություն ստանձնելու դեպքում, նախարարությունը պատրաստ է աջակցել թարգմանչին»,- նշեց Ա. Ավանեսյանը:
Արձակագիր, թարգմանչուհի Դիանա Համբարձումյանն իր ելույթում խոսեց գեղարվեստական թարգմանության բնագավառում մեզանում գոյություն ունեցած լավագույն ավանդույթների շարունակման անհրաժեշտության, մասնավորապես` թարգմանության տեսության, թարգմանաբանական հետազոտությունների կարևորության մասին: Ներկայացնելով այդ ոլորտում վերջին հինգ տարիներին իր կատարած աշխատանքները` նշեց, որ դրանք ամփոփված են «Նշան, լեզու, տեքստ» ժողովածուում, իր դոկտորական ատենախոսությունը նույնպես նվիրված է թարգմանաբանության խնդիրներին: Բացի այդ, ավելի քան երեք տասնամյակ դասավանդում է թարգմանության տեսություն և գործնական թարգմանություն: Իր կուտակած փորձը նկատի ունենալով` նա հորդորեց թարգմանիչներին մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել գեղարվեստական թարգմանությանը, ուսումնասիրել թարգմանական տեսություն, որևէ գրողի թարգմանելուց առաջ նախ հիմնավորապես ճանաչել այդ հեղինակին, ապա այն տարածաշրջանը, որտեղ ապրել, արարել է այդ գրողը, այն ժամանակաշրջանը, որին վերաբերում է նրա գիրքը, փայլուն իմանալ այն լեզուն, որից թարգմանում է, և, իհարկե, մեր մայրենին` հայերենը: Դ. Համբարձումյանը շեշտադրեց նաև թարգմանական ծրագրերում հեղինակների ընդգրկման չափորոշիչների խնդիրը: «Պետք է, իսկապես, լուրջ հանձնաժողով լինի, մասնագետներ, որոնք ազնիվ են, արդարամիտ ու գրականության ծառան են: Եվ ամեն բան արվի հանուն գրի ու գրականության»,- ասաց նա:
Պաշտպանելով թարգմանության ինստիտուտ հիմնելու գաղափարը` գրականագետ Սուրեն Դանիելյանը անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք այդ կառույցը փորձելու է քայլ առ քայլ լուծել: Ըստ նրա` նախ պետք է մշակվի հստակ թարգմանական քաղաքականություն, երկու ուղղությամբ` մայրենիից օտար լեզուներ և հակառակը: Երկրորդ` ունենանք թարգմանական համաբարբառ, որի կազմումը երկար տարիների խնդիր է: Բանախոսի համոզմամբ` մենք ունենք թարգմանական հրաշալի ժառանգություն, որը, սակայն, համակարգված չէ: Այդ առնչությամբ նա կարևորեց թարգմանական գրականության հանրագիտարան ունենալու անհրաժեշտությունը: Հաջորդ խնդիրը թարգմանվող հեղինակների, երկերի ընտրության քաղաքականության մշակումն է, որի լուծման ճանապարհին Գիտական ակադեմիական թարգմանության ինստիտուտը պետք է կապեր ստեղծի արտասահմանյան համապատասխան կառույցների, մասնավորապես` այլ երկրների դեսպանատների, ինչպես նաև Սփյուռքի մեր գրական կազմակերպությունների, հայագիր և օտարագիր գրողների հետ: «Կուզենայի, որ թարգմանության հարցերում ունենայինք նաև ակադեմիական թարգմանության իրավունքը,- նշեց Ս. Դանիելյանը:- Օրինակ, թարգմանում ենք մի գրողի ստեղծագործություն, որտեղ կա պատմություն, ժողովրդի մշակույթի ճանաչողության տարբեր ասպեկտների հանրագումար, բայց այս խնդրի կողքով անցնում ենք անտարբեր, մինչդեռ, բնագրային ճանաչողության առումով, անգլիացիները, ֆրանսիացիները երբ իրենց գրքերը հրատարակում են, աշխատում են ճանաչողական այս բազան բերել: Մենք հատկապես դա պետք է անենք»:
Քննարկվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ սփյուռքյան տեսակետների իր ընկալումները ներկայացրեց ամերիկահայ գրող, թարգմանիչ Հրանդ Մարգարյանը: Սփյուռքի հայ գրողը և թարգմանիչը Հայաստանի գրող և թարգմանիչ չէ, ընդգծեց նա, քանի որ մենք տարբեր միջավայրերում ենք ապրում և Սփյուռքի գրողը պետական որևէ աջակցություն չունի: Նշելով, որ իր բնագավառը հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն թարգմանություններն են, նա հավաստեց, որ այդտեղ հսկայական դժվարություններ կան, այդուհանդերձ, հայ նահատակների գիրքը լայն տարածում ունեցավ Սփյուռքում, 2000 օրինակ տպագրվեց ու սպառվեց: Ներկայումս ավարտում է Պիտեր Բալաքյանի բանաստեղծությունների գրքի թարգմանությունը, որով, ի վերջո, ընթերցողները կկարողանան նրա շատ գործերը նաև հայերենով կարդալ: Հ. Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ թարգմանիչը պետք է քաջություն ունենա իր թարգմանությունները տալ թարգմանիչ ընկերներին և կարծիքներ ստանալ: Ըստ նրա` դա անհրաժեշտ է, քանի որ թարգմանությունը մենաշնորհ չէ: Մեկը մյուսի կարծիքն իմանալու դեպքում, անպայման կշահի գործը: «Թարգմանությունը մեծ տարածք է,- իր խոսքը եզրափակեց բանախոսը:- Սփյուռքում հավատի վրա է հիմնված թարգմանական գործը, որովհետև չկա մի կազմակերպություն, որ ասի` թարգմանիր այս կամ այն հեղինակին: Ես թարգմանում եմ, որովհետև հավատում եմ իմ գործի կարևորությանը»:
Թարգմանչուհի, իսպաներենից շուրջ մեկ տասնյակ երկերի թարգմանությունների հեղինակ Կարինե Չոբանյանը մտահոգություն հայտնեց Հայաստանում հատկապես իսպաներենից կատարվող թարգմանությունների ներկա վիճակի վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ է վկայում նույնիսկ թարգմանությունների պարզ վիճակագրական պատկերը. 16-րդ դար` Լոպե դե Վեգա, մի երկու գործ, Սերվանտես` թարգմանված ֆրանսերենից, մինչև հիմա չկա բնագրից, 17-րդ դար` ոչ մի բան, 18-րդ դար` ոչ մի բան, 19-րդ դար, 20-րդ դար` ոչ մի բան, լատինաամերիկյան հսկայածավալ գրականությունից մի քանի հեղինակ` Մարկես, Ֆուենտես, Բորխես և Կորտասար` ռուսերենից թարգմանված, ուրիշ ոչինչ: Իսպաներենից թարգմանություններ արվում են վերջին 5 տարիներին: Ըստ նրա` հիմա մի քանի հրատարակչություններ փոքր քայլերով փորձում են լրացնել այդ բացը, բայց քիչ են թարգմանիչները… Անդրադառնալով թարգմանվող հեղինակների ու երկերի ընտրության հարցին` Կ. Չոբանյանը հիշատակեց արգենտինական ծրագիրը, ըստ որի, այդ խնդրով պետք է զբաղվեն ոչ թե անհատներ, գործակալներ, այլ մշակույթի նախարարությունը, որի մշակած ծրագրով ամբողջ աշխարհում հովանավորվում են արգենտինացի հեղինակների թարգմանությունները:
Բանաստեղծուհի, թարգմանչուհի Հերմինե Նավասարդյանն իր խոսքում նշեց. «Թարգմանությունը լեզուների անդրանցական կապն է: Այն մի լեզվից այլ լեզուների մեջ է ներթափանցում գիրը, որ բացառիկ է իր լեզվով: Հիմնականում անթարգման է բառերի հոգին: Լեզուները խոսեցնում են բառերը:
Համաշխարհային գրականությունը գրվում է լեզուների փոխառնչությամբ ու ներթափանցմամբ: Նույնիսկ աշխարհում գերիշխող լեզուների` անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի, ռուսերենի և այդ լեզուներով գրականությունների համար թարգմանությունները սնուցող երակ են: Ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ թարգմանությունների գերիշխող ուղին ռուսերենի միջնորդությամբ էր, այժմ անմիջական թարգմանություններով է հարստանում մեր գրականությունը: Թարգմանությունը բնագրի երկգույն պատկերն է, միջնորդ լեզվի դեպքում` խամրած պատկերը: Միջնորդավորմամբ պատկերն ավելի է աղոտանում:
Վերջին տարիներին` Գրողների միությունում աշխատանքի ընթացքում մենք կազմեցինք հայ բանաստեղծների «Ժամանակակից հայկական պոեզիա», ինչպես նաև եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների «Հողը կը խօսի» ժողովածուները: Այդ գրքերը տպագրվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Փորձեցինք Հայաստանի և Սփյուռքի թարգմանիչների լավագույն ուժերը համախմբել: Գերմաներեն ժողովածուների հաջողվածությունն այն է, որ թարգմանությունը կատարվել է Գերմանիայի մեր գործընկեր գրողների մասնակցությամբ: Տողացի թարգմանություններից յուրաքանչյուրն իր համատաղանդ բանաստեղծի տեքստերն է բանաստեղծականացրել: Դա թարգմանության լավագույն եղանակներից է:
Ճիշտ կլիներ ունենալ տարբեր լեզուներով թարգմանությունների պահոց, որտեղ կկուտակվեին թարգմանությունները: Դա կհեշտացներ կապը այլ երկրների գրողների և գրական մամուլի հետ: Աշխարհի ժամանակակից գրականության հետ անմիջական առնչությունների համար շատ կարևոր է Հայաստանում միջազգային ընթերցումների ու գրական փառատոների անցկացումը: ՀԳՄ կազմակերպած Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին տարբեր երկրներից եկած գրողների շնորհիվ հետագայում շատ արդյունավետ համագործակցություններ եղան, տպագրված «Ի սկզբանէ էր բանն» գրքից շատ բանաստեղծներ ճանաչելի եղան այլ երկրներում:
Մեզանում թարգմանական համակարգված դպրոց չկա: Լինում են անհատներ, ովքեր ժամանակին միայնակ կատարում են մի ամբողջ համալսարանի աշխատանք: Վերջին սխրագործ թարգմանիչը Սամվել Մկրտչյանն էր` իր Էլիոթից մինչև Ջոյս թարգմանություններով, ում հայերենի ու անգլերենի միջև ստեղծած «գոյության ոլորտների միասնությունը» ժամանակին այդպես էլ անհաղորդ անցավ: Գո՞ւցե Հայաստանի ամերիկյան համալսարանում համակարգվի աստիճանաբար ընդլայնվող թարգմանչական դպրոցը և Հայ մատենագրության թվանշային գրադարանը դառնա այդ պահոցը»:
Թարգմանչուհի Ռուզան Միրզոյանը, նշելով, որ թարգմանություններ է կատարում հիմնականում ֆրանսերենից հայերեն, իր ելույթում կարևորեց թարգմանական աշխատանքի` որպես հստակ մեխանիզմի գիտակցման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, թարգմանությունը ամբողջական շղթա է, և միայն օղակների մասին խոսելը շատ քիչ է, պետք է շղթան քննել ամբողջությամբ` հեղինակ – թարգմանիչ – հրատարակիչ և ընթերցող հաջորդական կապի մեջ: Նա ևս լավ գաղափար համարեց թարգմանական ինստիտուտի կամ կենտրոնի ստեղծումը, որտեղ տարբեր ստորաբաժանումներ կհամակարգեն թարգմանական գործունեությունը: Ըստ նրա` կարելի է համագործակցել Կրթության նախարարության հետ և դպրոցում մտցնել նաև թարգմանական գրականության ընթերցանության դասեր, որպեսզի երեխաները փոքր տարիքից պահանջ ունենան կարդալու նման գրականություն: Այլապես ինքնանպատակ է դառնում թարգմանությունը, գրելը, հրատարակելը:
Թարգմանական կենտրոնի ստեղծման անհրաժեշտության հարցը գլխավորն էր նաև գրականագետ, թարգմանիչ Կառլեն Մատինյանի ելույթում: Նա անհանդուրժելի համարեց այն վիճակը, երբ մի հրատարակչություն պատրաստվում է թարգմանել որևէ գիրք, իսկ մյուսը անտեղյակ է դրանից, արդյունքում նույն գիրքը թարգմանության է պատրաստվում տարբեր հրատարակչություններում: Ահա թե ինչու, պետք է լինի մի կենտրոն, որը կկարողանա տեղեկատվություն տրամադրել, թե տվյալ պահին որ հեղինակի որ գործն է թարգմանվում, համակարգել այդ գործընթացը: Գրողների միություն, Մշակույթի նախարարություն, դեսպանատներն իրենց մշակութային կցորդներով, հրատարակչություններ, թարգմանիչներ… այս բոլորին միավորող մի օղակ է պետք:
Թարգմանիչ, գրականագետ Աշոտ Ալեքսանյանի ելույթը հիմնականում վերաբերում էր գրականություն-ընթերցող կապի խնդրին: Բանախոսի համոզմամբ` այսօր մարդիկ ավելի շատ գրում են, թարգմանում, տպագրում, քան ընթերցող կա: Ամեն ինչ գլխիվայր է շրջված: Հետևապես, հարկավոր է մթնոլորտ փոխել: Պետությունը պետք է գրքերի գնողականություն ապահովի, ոչ թե գրքերի ֆինանսավորում: Ժողովրդի գնողականությունը կբերի որակի բարձրացման, ծրագրման: Ըստ նրա` գրողները, թարգմանիչները փակ համայնք են, ուզում են իրենց ներկայացնել պետության կարևորագույն օղակ, բայց պետությունը նրանց այդպես չի նայում, նա բազմաթիվ այլ գործեր ունի: Պետք է ստեղծվի մի կենտրոն, որ համակարգի այս ամենը, քննի ու մշակի միջոցներ և ուղիներ, թե ինչպես կարելի է ընթերցող նվաճել, ինչ անել, որ թարգմանելը նաև շահութաբեր աշխատանք լինի:
Ամփոփելով լիանիստում արտահայտված կարծիքներն ու առաջարկները` նիստը վարող, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ ոչ միայն գեղարվեստական թարգմանությանը, այլև մեր գրական-մշակութային կյանքին վերաբերող ցանկացած խնդիր այսպիսի քննարկումների կարիք ունի: Նա համաձայնեց մի շարք ելույթներում արտահայտված այն մտքին, որ ինչպես ամեն մի գործ, թարգմանական աշխատանքն էլ պետք է համակարգված լինի: «Ավելին` մեզ նման փոքր հնարավորություններ ու միջոցներ ունեցող երկրի մշակութային քաղաքականությունը պետք է նաև պետականորեն հովանավորվի: Ճիշտ է, այսօր արդեն մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, և պետք է ամեն կառույց կամ անհատ նաև իր վրա վերցնի այդ պարտականությունների մի մասը, բայց չմոռանանք, որ ընդամենը երկու տասնամյակ է անցել, ինչ դուրս ենք եկել մի համակարգից, որտեղ դրա փորձառությունը գրեթե չունեինք: 70 տարի շարունակ պետությունը գրական, գրահրատարակչական, թարգմանական գործը վերցրել էր իր ուսերին, գրքերը հրատարակվում էին բարձր տպաքանակներով, փոքր չէին նաև հեղինակային հոնորարները: Բայց անկախության համար գին պիտի վճարեինք և, ահա, վճարում ենք այս գինը… Շուկայական հարաբերությունների մեծ ու լայն հունը մտնելու և յուրացնելու համար դեռ շատ ժամանակ կպահանջվի: Այդ ճանապարհին ամենից կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակութային քաղաքականության ստեղծումն է: Բայց ուզում եմ շեշտել` ոչ թե գրական-մշակութային միջոցառումների ծրագրի, ինչպես մեծ մասամբ պատկերացնում են նաև ոլորտի պետական պատասխանատուներից ոմանք, այլ քաղաքականության: Այդ դեպքում է միայն, որ կարելի կլինի խոսել նաև թարգմանական գրքերի ընտրության և այլ չափորոշիչների հստակեցման մասին: Այստեղ ևս ասվեց, որ Մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ֆինանսավորելու արտերկրի այն թարգմանիչներին, ովքեր կցանկանան հայ գրականություն թարգմանել,- ասաց բանախոսը: – Բայց, կարծում եմ, նախ պետական հովանավորություն է պետք գրականությունը հրատարակելու համար, հետո միայն խոսել այն մասին, թե ինչպես ընտրենք այն գրքերը, որ պիտի թարգմանվեն ու ներկայացվեն արտասահմանում: Դա շատ մտահոգիչ խնդիր է, քանի որ այսօր մենք չունենք այն հիմքերը, որ պետաջակցությունը վերացվի: Ոչ միայն անհատները, այլև հրատարակչությունները, չնչին բացառություններով, չունեն այն հնարավորությունները, որ միայն իրենց միջոցներով գիրք հրատարակեն: Պարզ ասենք, մենք այսօր ապրում ենք այն պայմաններում, որ վաղուց գործում է Սփյուռքում, և քաջ գիտենք, որ միշտ էլ գրականության համար դժվար է եղել հովանավորներ գտնել: Ինչ վերաբերում է ելույթներում առաջարկված թարգմանական կենտրոնին, ապա այն, հնարավորության դեպքում, պետք է ստեղծվի Մշակույթի նախարարության կազմում»,- նշեց Պ. Դեմիրճյանը: Պատասխանելով «ովքեր պետք է թարգմանեն» հարցին` բանախոսը նշեց, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող` իհարկե, պիտի թարգմանեն վարպետները, նրանք, ովքեր որոշակի ստեղծագործական ճանապարհ են անցել, փորձ կուտակել: Թարգմանական հանրագիտարանի ստեղծման գաղափարի վերաբերյալ էլ նշվեց, որ դա, թերևս, դարձյալ երազանքի ոլորտից է: Սակայն երազանքը պիտի լինի, որ դառնա իրականություն: Իսկ ինչ վերաբերում է ընթերցողին, ապա այդ խնդիրը կապված է մարդու սոցիալական կյանքի, գնողունակության հետ: Ընդգծվեց, որ մարդիկ (գոնե բնակչության15-20 տոկոսը), այնուամենայնիվ, ընթերցում են (գրադարաններում, էլեկտրոնային հարթակներում և այլն), թեև ի վիճակի չեն գիրք գնելու: Ուրեմն, պետք է գրել, թարգմանել ու հրատարակել թեկուզև փոքրաքանակ, բայց նվիրյալ ընթերցողների համար:
Ելույթի ավարտին Պ. Դեմիրճյանը կարևոր համարեց նաև քննադատական-գրականագիտական գրքերի թարգմանությունը օտար լեզուներով ու հակառակը, քանի որ գրաքննադատությունը այն միջնորդն է, որը գեղարվեստական գրականությունը կապում է ժողովրդի հետ, ստեղծում համապատասխան մթնոլորտ` ինչպես հայրենի և օտար առանձին գրողների, այնպես էլ գրականությունների շուրջ:
Լիանիստին ներկա էր նաև հայ գրականության և մշակույթի լավ բարեկամ, ՀԳՄ պատվավոր անդամ, Ուկրաինայի գրողների միության քարտուղար Օլեքսանդր Բոժկոն, ով Ուկրաինայի գրողների միության անունից հուշամեդալ հանձնեց արձակագիր, թարգմանիչ Թելման Մայիլյանին` ծննդյան 80-ամյակի և հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման գործում ունեցած վաստակի համար: