Բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, հրապարակախոս, հումանիտար գիտությունների դոկտոր: «TEMAT» գրական, բանասիրական, հրապարակախոսական երկամսյա պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիրն է:
Արժանացել է լեհական հեղինակավոր գրական մրցանակների: Լեբյոդայի բանաստեղծություններն ու ամերիկյան, անգլիական, հունական գրականության մասին ուսումնասիրությունները տպագրվել են շատ երկրներում:
ՊԱՐՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ
Նա բեմ վազեց ճերմակ հանդերձանքով
և սկսեց պարել ասես թևածում էր
երկնքի մեջ
նուրբ մատները նրա միահյուսվող
գաղտնագրեր էին ասես թախծի
և բարալիկ շուրթերն ասես կարմիր
թերթեր էին վարդի
նայում էի նրան թիթեռնիկ էր ասես շողշողացող
որ խաղողի ճութը հոտոտում է
քնքուշ բեղիկներով
ես արտասվելու չափ հուզված էի
հեռու սարուձորի մենության մեջ մեռնող
հովվի նման
և չգիտեմ ինչու
որդուս կարոտեցի և աղջկաս
ես զգացի կապը անքակտելի
անարատ մաքրության ու լիության
ու ես դարձա ապրող
մի մասնիկը նրա
որ կորչում է
հավետ
և մնում է
հավետ
Ստեփանակերտ, 2014
* * *
Տոկա ի հեճուկս ավերների
և մի հաշտվիր երբեք ոչ չարի հետ
ոչ էլ իր ճիչերի –
գնա խաղաղությամբ դեպի հեռուն
լուռ հետևիր մարդկանց
նայիր գիշերային թիթեռնիկի
թևիկներին դաջված նշաններին
և հայացքով ճամփիր
դեպի ակացիայի ճյուղը թևին տվող սերինոսին
ճամփիր մառախուղը
խավարի մեջ դանդաղ անհետացող
թող որ շողա քո մեջ հավերժաբար
երաժշտությունը
Բախի և Հենդելի և Պյորսելի
իսկ կարմիրը դեղին – ոսկեգույնը
հնչեն թող քո հոգում
հավիտյանս
ճակատագիրն էր քո
ավերն ու ավարը
բայց վերջ ունի ամենն այս աշխարհում
քո ուղին էլ պիտի կորչի փոշիներում
քանզի ամենայն ինչ չորանում է
սակայն հիմա քո մեջ
քո մեջ եղիր հիմա
և դիմացիր
Երևան, 2014
ԾԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ
Նա սուրբ էր ասես հունական մի հին
սրբապատկերից
սևազգեստ էր նա տխուր էր
աշնան հեռուների պես
լաց էր ամեն ինչ
հոգու մեջ նրա
լաց էր աչքերում լաց էր շուրթերին
լաց էր ափերում
լաց էր մազերին
ամեն մի քայլում ամեն շարժման մեջ
նա կորցրել էր որդուն կռվի մեջ
նա կորցրել էր թոռանը մարտում
հիմա երգում էր ու դառն էր երգը
իր երգը ցավի և անզորության
վշտահար էր նա ինչպես մեկընդմիշտ
բաժանման
քամին
Տիգրանակերտ, 2014
ԹԱԽԾՈՏ ԶԱՐԻՆԵՆ
Ես իմ կյանքում բազում սքանչելի կանանց
աչքերին եմ նայել
ուրիշ էր Զարինեն
ծաղկած խոլորձի պես
գիբիսկուսի պես ալ
թանձր կանաչի մեջ
շողշողացող
ճակատն
ստվերածածկ թխլիկ մազափնջով
իսկ աչքերում
սև կրակներ էին բոցկլտացող
արարված էր թեև սիրո համար
բայց զգացի իր մեջ
վախ ու վհատություն
կաշկանդումի
ասես թռչուն լիներ վանդակի մեջ
մարող արձագանք էր ասես
մառախլապատ այս լեռներում
ուրիշ էր Զարինեն իր թախծի մեջ
ուրիշ մենակներից
բոլորովին ուրիշ
Գանձասար, 2014
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՈՐ ՇՇՈՒԿՈՎ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ
Ասես լիներ արյունալի պատերազմի զինվոր
նա թավ մորուս ուներ թափանցող սև աչքեր
շուրթեր ուներ նման սզնու տերևների
նա կարող էր ուսին կալաշնիկով կրել
պատյանի մեջ գոտու
ատրճանակ TT
նա կկանգներ արթուն պահակետում լեռան աշտարակի
ու կհսկեր սահմանն
իր հնամյա երկրի
բայց երբ նա սկսեց իր երգերը կարդալ
շշուկով էր բառերն արտաբերում
ես նրա մեջ տեսա
հայ իշխանին
որ աղոթք էր հղում Արարատին
բայց երբ շշուկով էր բառերն արտաբերում
բանաստեղծին տեսա շարքերի մեջ նրանց
որ ծնվել են հպարտ այս լեռներում
ապրել
հովիտներում դրախտային
և զոհվել են առանց բողոքելու
առանց մի տնքոցի
առանց փուչ
խոսքերի
Տիգրանակերտ, 2014
Թարգմանությունը՝
ԳագիկԴԱՎԹՅԱՆԻ