Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930 թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ` Ադրբեջանի Հանրապետություն): Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար:
1991 թ. տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, բնակություն հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում:
Վլ. Աբրահամյանը բազմաթիվ բանաստեղծական գրքերի հեղինակ է: Այդ թվում` «Աստղ լուսո» (1983), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989), «Կենաց ծառ» (1999), «Ամպրոպի արահետով» (2002), «Զրույց ստվերիս հետ» (2011):
Կատարել է նաև թարգմանություններ: Ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիայից նրա թարգմանությունները 7 գրքերով հրատարակվել են Երևանում` 1970-1980 թվականներին:
Վլադիմիր Աբրահամյանն արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի (2005), Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, ԼՂՀ մարզային խորհրդի պատվոգրի և այլ պարգևների:
Վաստակաշատ գրողի, հայրենանվեր հայի, գրական-մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա ընթերցողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ