ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ / Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ժամանակակից հայ արձակում Սուսաննա Հարությունյանն առանձնանում է գրողական իր անշփոթելի ձեռագրով, վաղուց է իր վրա հրավիրել քննադատության ուշադրությունը, ստացել տարբեր գրական մրցանակներ: Եվ ահա նրա վերջին` «Ագռավները Նոյից առաջ» գիրքը1, որն ընդգրկում է համանուն վեպը և «Ներառյալ երկրորդ կիրակին» վերնագրով պատմվածքների շարքը, արժանացել է միաժամանակ երկու` ՀՀ նախագահի (2015) և ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան տարեկան (2016) մրցանակներին: Հետաքրքրական է ոչ միայն մրցանակների փաստը, այլև ժողովածուի վերնագիրը, որը թաքնված խորհուրդ ունի իր մեջ: Առիթից օգտվելով` փորձենք անդրադառնալ գրողի արձակի մի քանի հատկանիշներին:
Պատմվածքը թերևս Հարությունյանի նախասիրած ժանրն է, որը հնարավորություն է տալիս կարճ ծավալի մեջ արտահայտել բազմագույն կյանքի տարբեր երանգները: Բայց պատմվածքների փոքրիկ սյուժեները, որոնք հիմնականում վերաբերում են գյուղական առօրյային, ընթերցողի գիտակցության մեջ միանում-ամբողջանում են և ստեղծում գյուղաշխարհի ընդհանրական պատկերը: Այդ պատկերը ո՛չ չեզոք նկարագրական է, ո՛չ էլ վանող հրապարակախոսական, բայց հեղինակը կարողանում է սեղմ, կարճառոտ դիտարկումներով վերաբերմունք ձևավորել իր նկարագրած միջավայրի ու մարդկանց նկատմամբ: Դա հեղինակին հաջողվում է իր անմիջականության շնորհիվ: Հարությունյանը հաճախ գրում է առաջին դեմքով, նույնքան հաճախ էլ նրա երկերի պատմող ես-ը պատմվող իրադարձությունների մասնակիցն է, ականատեսը, վկան: Օրինակ` «Բոլորս վախենում էինք ձայն հանել» («Հումուսը»), «Մենք պապիս թաղեցինք նրա մահից երեսուն տարի անց…» («Սարդի արծաթագույն լացը»), «Մայրս սկսեց տատիս վերջին խոսքից…» («Օդում թափառող լուրը») և այլն: Իհարկե, առաջին դեմքով գրելը զուտ գեղարվեստական պայմանականություն է, այսուհանդերձ, դա գրողին հնարավորություն է տալիս ներսից, յուրայինի հայացքով նայել իր նկարագրած կյանքին: Սա սոսկ ձևի խնդիր չէ, այլ ունի խորքային նշանակություն: Այստեղ տեղին է հիշել Հրանտ Մաթևոսյանի մի դիտարկումը Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոս որսորդ Դանիլայի էպիզոդիկ կերպարի և նրա աչքերով կյանքին նայելու մասին: Նա գրում է. «Բայց ո՛չ Պուշկինը, ո՛չ Գոգոլը, ո՛չ Շեքսպիրը, ո՛չ Թումանյանը, ո՛չ հայ դեմոկրատական մեծ գրականությունը, ինձ թվում է, կյանքին չեն նայել Դանիլայի աչքերով: Հայ գրողներից շատերը գյուղացու որդիներ էին, բայց, այնուամենայնիվ, կյանքին նայում էին «ազնվական» հայացքով: Նրանց չափուձևը գյուղական է, իսկ հայացքը դրսից է… Իսկ մենք ուզում ենք նայել ներսից» («Ես ես եմ», էջ 279): Հարությունյանը փորձում է իր ներկայացրած աշխարհին նայել ներսից, հնարավորինս նվազեցնել իր և իր հերոսների միջև ընկած տարածությունը: Պատահական չէ, որ արձակագրի պատկերած միջավայրը հիշեցնում է նրա ծննդավայրը և այդ միջավայրում ապրող մարդկանց, որոնց առօրյան, բարքերը, կենցաղը, լեզուն օգնում են ավելի հավաստի դարձնել կյանքի պատկերը: Պատմվածքները արտացոլում են ոչ թե և ոչ այնքան ժամանակի մեջ ծավալվող պատմություն, այլ որևէ իրադարձություն, իրավիճակ, գյուղական առօրյայից վերցրած, բայց ոչ առօրեական, սովորական դեպք: Օրինակ` «Հումուսը» պատմվածքը հյուսվում է հերոսի կարգավիճակին ոչ բնորոշ «հումուս» բառի օգտագործման շուրջ, «Ժառանգություն» պատմվածքում հանգույցը դառնում է հանգուցյալի ոչ մի կերպ չբացվող ճամպրուկը, «Երթևեկություն» պատմվածքը հոգեդարձ եղած հիվանդի մասին է և այլն: Հարությունյանը դրանց տալով էտյուդի, պատմվածքի, նովելի ժանրաձև` թեթևակի հեգնանքով և ժողովրդախոսակցական լեզվի դարձվածքներով, սեփական սրամիտ դիտարկումներով ընդլայնում է փոքր դրվագի կենսական ընդգրկման շրջանակը, խուսափելով խոսքառատ նկարագրությունից` դիպուկ բնութագրումով հասնում է ցանկալի արդյունքի: «Կարմիր կատարով արշալույս» պատմվածքում կնոջ անբարոյական վարքը նկարագրելու փոխարեն գրում է. «Քահանայի աստվածաշնչի չափ օգտագործած…,- մտածեց Թերեզը մեքենայից իջնող կնոջը նայելով» (էջ 17): Թերեզի այս մտքին ավելացող հեղինակային բնութագրությունը կարծես արդեն ավարտուն է դարձնում կնոջ կերպարը. «…այնպես էլ մաքուր գրական էր խոսում, կարելի էր կարծել` հայոց գիրը իր պատվին էին հորինել»: Ստեղծվում է այն տպավորությունը, որ կնոջ պահվածքը չէր համապատասխանում նրա բուն էությանը: Բայց հաճախ թեթև, նաև հեգնական խոսք ու զրույցի տակ խոր հոգեբանություն է թաքնված, ինչպես «Վերջին Թամերլանը» պատմվածքում: Հրայրի սիրտը հիվանդ է, եղբայրը փոխպատվաստման համար կասկածելի հանգամանքներում սպանված ուզբեկի սիրտ է ճարում-գնում, բայց սրտի տիրոջ մասին որոշ տեղեկություններ իմանալուց հետո Հրայրը ամենավերջին պահին հրաժարվում է պատվաստումից` շվարած եղբորը բացատրելով` «Թամերլանը (սրտի տիրոջ հեռավոր նախնին – Ժ.Ք.) ձեռ չի տալիս, Մակեդոնացին լիներ` ուրիշ…»: Ամենավերջին արտահայտությունը` «Մակեդոնացին…», փոխում է պատմվածքի լուրջ հարցուփորձի թողած տպավորությունը և մի տեսակ զավեշտի վերածում հիվանդի պատասխանը. գրողը կարծես մի թեթև կատակով փորձում է ցրել մռայլ տրամադրությունը, քանի որ հիվանդին ավելի լուրջ խնդիրներ էին զբաղեցնում` ի՞նչ էր լինելու իր սեփական սրտի հետ. «Սրտիս անկյունում անուններ կան թանկ պահած, բա դրանց ճակատագիրը ո՞նց պիտի լինի»: Եվ Հրայրը մարդկային առումով խղճում է և՛ մեռած ուզբեկին, և՛ վիրահատությունը նախապատրաստած բժշկին, և՛ եղբորը` թափած ջանքերի համար… Պատմվածքը թույլ է տալիս խորհելու նաև մարդկային ճակատագրի ունայնության մասին, քանի որ ճանապարհ ընկնելուց առաջ հիվանդը հեռուստացույցով դիտում էր Սադամ Հուսեյնի և Քադաֆիի դժբախտ ճակատագրերի մասին հաղորդումը և չէր կարող չմտածել ու հեռուն գնացող եզրակացություններ չանել: «Փաստորեն աղքատությունն էլ առավելություններ ունի, փաստորեն բախտավորություն ա, որ մենք գազ ու նավթ չունենք»,- հերոսի այս եզրակացությունը նաև գրողինն է, որը անհատական ճակատագրից սահուն անցում է կատարում քաղաքականությանն ու այլ խնդիրների: Պատմվածքները հետաքրքիր են դառնում հենց անակնկալ անցումներով, որոնք տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն:
Պատմվածքներից շատերի մեջ, երբեմն թեթև հեգնանքով, երբեմն կծու խայթոցով գրողը ծաղրում է մարդկային թերություններն ու արատները, կեղծ կամ ցուցադրական հայրենասիրությունը: «Խեր, շառ, աստված» պատմվածքում Հարությունյանը անթաքույց հեգնանքով է խոսում այն մարդկանց մասին, ովքեր Արևմտյան Հայաստան այցելելը հայրենասիրության վառ դրսևորում են համարում. «Վերջում ասաց, որ ամուսինը տանը չի, որդին Ռուսաստանից փող է ուղարկել հատուկ նպատակով, որ հայրը մեկնի Թուրքիա` պատմական հայրենիք, որ շրջի, նստի պապենական տան դռանը, ուր հիմա քրդեր են ապրում, լաց լինի ու հայրենիքի հանդեպ պարտքը կատարած հետ գա»:
Ս. Հարությունյանի պատմածքները կարծես ունեն արտաքին ու ներքին շերտ, գրողը արտաքին զավեշտական, ոչ սովորական, նվազագույն դեպքում` ոչ կարևոր մի դրվագով հրապուրում է ընթերցողին և պատումն առաջ տանելու ընթացքում մարդկանց և երևույթների մասին իր դիտարկումներով ստեղծում է միջավայրի, ավանդույթի, կենցաղի, երկրի մասին իր վերաբերմունքը:
Սակայն որքան էլ կարևոր լինեն պատմվածքները, այնուամենայնիվ, Հարությունյանի գլխավոր ասելիքը կենտրոնացած է «Ագռավները Նոյից առաջ» վեպում: Հազարավոր էջեր են գրվել հայոց Մեծ եղեռնի, մարդկային երևակայությունը մթագնող ոճիրների և չարի բազմադիմության մասին, և ամեն մի նոր ավելացող էջ դժվարացնում է հաջորդ գրելիք էջը, և, այնուամենայնիվ, Հարությունյանը խիզախել է ևս մի էջ ավելացնելու եղածին: Արևելահայ գրականության մեջ առաջինը Բակունցն է անդրադարձել կոտորածներից մի կերպ փրկվածների հետագա ճակատագրին: Նրա սկսածը շարունակեցին Հր. Քոչարը, Մ. Գալշոյանը, հետագայում էլի շատերը:
Ս. Հարությունյանի ներկայացրած թե՛ իրավիճակն է տարբեր նախորդներից, թե՛ ասելիքը: Նախ` վերնագրի մասին: Մեծ ջրհեղեղից փրկված և Արարատի գագաթին ապաստանած Նոյի մասին աստվածաշնչյան առասպելը հայտնի է բոլորին: Ահա հայոց Եղեռնի կամ, ինչպես սփյուռքահայերն են ասում, Աղետի իրադարձությունը համեմատելի է միայն աշխարհակործան ջրհեղեղի հետ, որ երկրի երեսից սրբեց մարդկանց և թողեց միայն մի տապան ժողովուրդ, այդպես էլ հայոց Աղետից փրկված հայերի կիսամեռ խլյակները վեպում ապաստան են գտնում լճափի լեռների անմատչելի ծերպերում, մարդկանց աչքից հեռու: Ջրհեղեղի և Հայոց ցեղասպանության ենթադրելի զուգահեռի վերաբերյալ ուղղակի ակնարկ կա վեպում: Փրկված կանանցից մեկը` Վարսենիկը, որ գյուղի երեխաների մեջ ապագայի հույս էր սերմանում միշտ չարին հաղթող թագավորի տղայի օրինակով, մահվանից առաջ ասում է Հարութին. «Էս լիճ չէ, Հարութ ջան, Նոյի ջրհեղեղից ա մնացած: Աստծու զայրույթի վերջին կումն ա… իսկ գիտես ընչի՞. աշխարհի վրա դեռ մեղքեր կան լվանալու, դեռ խորտակելու բաներ ունի… Էդ մեր արյան մեղքն ա աշխարհի վզին, որ պիտի լվա…» (էջ 273): Մինչդեռ ջրով արյան մեղքը լվանալու գաղափարը չի բավարարում Հարութին, որն ամբողջ կյանքը մարդասիրությամբ էր ապրել և զգացել իր հավատամքի թերությունը: «Երբ մի հոգին ա միամիտ, Վարսենիկ, դա սիրուն առավելություն ա, երբ մի ժողովուրդ ա միամիտ` շոշափելի թերություն ա, ու մեր թերությունն էն ա, որ մենք մտածում ենք, թե արյունը լվանում են, այնինչ ուրիշները դա խմում են…»,- ասում է Հարութը (էջ 273): Այսպես իրար են հակադրվում կենսափիլիսոփայության երկու եղանակ, որոնց միջև ընտրություն կատարելու խնդրի առաջ մշտապես կանգնել է հայ ժողովուրդը ու մինչև վերջ էլ չի կարողացել թոթափել ռոմանտիզմը:

Ինչ վերաբերում է վերնագրի ագռավին, ապա մեր կարծիքով, սկսած հին առասպելներից, ագռավին վերագրվել է և՛ աստվածների սուրհանդակի դեր (վիկինգների մոտ), և՛ չարի խորհուրդ (եվրոպական ժողովուրդներ): Վեպում կարծես երկուսը միասին են: Միայն թե Նոյի ուղարկած ագռավը չվերադարձավ, իսկ վեպում աշխարհն է կրկին խառնվում փրկվածների կյանքին, ոստիկանապետի ուղարկած «ագռավը»` կլայեկչին, հայտնաբերեց թաքնված փախստականներին, և աղետյալները նոր աղետի ենթարկվեցին (այլաբանական վերնագիրը կարող է ունենալ մեկնաբանության այլ տարբերակներ): Գյուղը դարեր առաջ բնակելի եղած մի տարածքում հիմնել են 1895-1896 թթ. ջարդերից խուսափած Պերճն ու Հարութը: Իսկ նոր բնակիչները 1915 թ. ջարդերից փրկվածներն են, որոնք Հարութի ջանքերով ապաստանել են այդտեղ և ապրում են իբրև մի միասնական համայնք: Պատահական չէ նաև Հարութի անվան ընտրությունը, որը հարություն բառի կրճատ ձևն է, իսկ հարության գաղափարը հիմնված է կորովի կամքի, տոկունության և հարատև մաքառման վրա: Պատահական չէ նաև, որ Հարութը միշտ ինչ-որ կիսամեռ գաղթականի է կարպետի մեջ փաթաթած բերում գյուղ, որին կենդանություն է տալիս ամեն ինչից գլուխ հանող տատմեր Սաթոն: Մարդիկ այստեղ երկրորդ կյանք են ստանում, ասես իսկապես հարություն են առնում, բայց առաջին կյանքի սարսափները երբեք չեն լքում նրանց: Գրողն ստեղծում է իրականի ու առասպելականի սահմանին գտնվող մի պատմություն: Խնդիրը ամենևին էլ այն չէ, թե ինչպես կարող էր իշխանությունների աչքից վրիպել մի ամբողջ բնակավայր, քանի որ կյանքն իր անակնկալներով, առեղծվածներով, անհավատալի պատմություններով գերազանցում է մտացածին հրաշքներին: Առավել հետաքրքրականն այն է, որ Հարութը երբեք չէր հետաքրքրվում իր փրկած մարդկանց անցյալով, առավելապես այն բանով, թե ով կամ ինչպիսին է եղել իրեն պատահած ու փրկության կարիք ունեցող մարդը: Հարութի գյուղը դառնում է մի յուրօրինակ Արշակավան, որտեղ ամեն մարդ կարող էր ապաստան գտնել, բայց չէր կարող այլևս դուրս գալ այնտեղից: Ընդունված չափանիշներին անհամապատասխան մարդն անհետանում էր միայն Հարութին հայտնի ուղղությամբ: Թերևս միանման անցյալն է մի հարթության վրա դնում ճակատագրի հալածյալներին, ուստի նրանց համայնքը հիշեցնում է անդասակարգ մի հասարակություն, որը ևս իր ներքին կնճիռներն ու փոթորիկներն ունի: Հարությունյանին հաջողվել է այդ ընդհանուր մթնոլորտում առանձնացնել Նախշունին ու Հարութին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է իմաստավորում իր ապրած կյանքը: Այն, որ գաղթականների համայնքն ապրում էր նահապետական վարքուբարքով, հասկանալի է դառնում ոչ թե գրողի երկար-բարակ նկարագրություններից, այլ հեղինակի կողմից ժողովրդական հավատալիքները, նախապաշարումները, փորձը գործողության մեջ պատկերելուց: «Կրակի վրա դաղած դանակը խնձորի օղիով լվացել, պորտ էր կտրում» տատմեր Սաթոյի գործողությունը միաժամանակ և՛ համայնքի բուժական հնարավորությունների մասին է խոսում, և՛ ժողովրդի փորձի: Թեև գյուղն ստեղծվել ու համալրվել է տարբեր տարածքներից տեղահան եղած մարդկանցով, որոնք ունեցել են տարբեր բարբառ ու կենցաղ, բայց ապրում են ժողովրդական միասնական հավատալիքներով: «Լուսինը կխփի ծննդկանին»,- զգուշացնում է մեկը, և մյուսներն իսկույն փակում են երդիկը: Նկարագրությունն ու պատմությունը փոխարինելով գործողությամբ` Հարությունյանը վիպական տարածք է շահում և խուսափում շատախոսությունից: Այս ոճը միասնական է թե՛ պատմվածքների, թե՛ վեպի համար:
Վեպը բազմաթիվ կարևոր ուղերձներ է պարունակում: Թերևս առաջինը մարդասիրության ուղերձն է, որը սակայն տարբերվում է օտարի գթասրտությունից ու կարեկցանքից, որովհետև, ի տարբերություն օտարների, Հարութն անցել է գաղթականների նույն ճանապարհով, իրենց ընտանիքից միայն ինքն է փրկվել: Օգնելով ուրիշներին` նա կարծես հատուցում է իր փրկության համար:
Երկրորդ ուղերձն այն է, որ ոչ ոքի ապրած ցավն ու սարսափը, աղավաղված ճակատագիրը այլևս չի լքելու նրանց` ինչ պայմաններում էլ ապրեն հետագայում. «Այո՛, նրանք երկար էին ապրում, ասես մոռանում էին մեռնել, ասես դիտմամբ, ասես` սարսափը ապրեցնելու համար… Կյանքը նրանց լքում էր, սարսափները` ոչ» (էջ 149-150): Հարութը ծնողներին անգամ չի տեսել, նրան օրորոցից հանել, հորեղբայր Պերճն է փրկել` երեխայի հետ փախչելիս ոտքով կպչելով եղբոր կտրված գլխին… Նա երազում անգամ չի կարող տեսնել ծնողներին, որովհետև հիշողության մեջ չունի նրանց պատկերը… Դաժանագույն ճակատագիր է վիճակվել յուրաքանչյուրին, առավել ևս` վանքի կույս երգչուհուն, որին ոճրագործները բռնաբարել են, նա իր վերջին հանգրվանին է հասել արդեն զույգ աղջիկներով հղի, որոնց գյուղի բնակիչները թուրք են համարում` դրանից բխող համապատասխան զգացումներով: Սակայն այս ահավոր պատմությունը ողբերգության մի մասն է միայն: Հերոսուհու` Նախշունի հայրը` Սարգիս աղան, իր բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ոսկով մահ է գնել, հարազատներին առանց տանջելու, կրակոցով սպանելու համար թուրքերին մեկական ոսկի է տվել, բայց վերջում ոսկիները չեն հերիքել պատվով մեռնելու համար, ուստի լլկել են աղջկան ու տանջել իրեն: Այսինքն` ջարդերը, տան, ընտանիքի, հարազատների, հայրենիքի կորուստները սոսկ ողբերգական դեպք կամ իրադարձություն չեն, դրանք դարձել են կյանքի հետագա ընթացքը կանխորոշող ճակատագիր, որ երբեք չի լքելու այդ ամենն ապրած մարդկանց:
Երրորդ ուղերձը, կարելի ասել, բխում է նախորդից, այն է` ամենաանելանելի կացության մեջ չպետք է հանձնվել, պատվով մեռնելը գերադասելի է անպատիվ ապրելուց: Բոլորին անխտիր օգնություն ու կենդանություն տվող Հարութը գյուղից վռնդում է Նախշունի հորը` Սարգիս աղային` պատճառաբանելով. «Սա իրավունք չունի իմ հետ նույն օդը շնչելու… ոչինչ չի կարող արդարացնել պարտությունը` ո՛չ թշնամու հզորությունը, ո՛չ քո անզորությունը, ո՛չ էլ անգամ ճակատագիրը, որ Աստծո կամքն է,- ու վրա էր գալիս. «Իրա աչքի առաջ էդ բանն արել են ու ո՛չ սպանել ա, ո՛չ սպանվել» (էջ 168): Այսինքն` պայքարը պետք է լինի կենսաձև և մարտահրավեր ճակատագրին, թեկուզ այդ պայքարը մահով ավարտվի:
Վերջապես այս ամենին հետևում է ևս մի կարևոր ուղերձ. տեսած ու ապրած սարսափներից ու ստորացումներից հետո ապրելը պետք է նպատակ ունենա: Դա վրեժն է, որ տարբեր ձևեր կարող է ունենալ, ազգի հարատևությունը պահելը ևս վրեժ է, զոհվածների հիշատակը պահելու համար ևս պետք է ապրել: Այդպես է վարվում Նախշունը: Նա բոլորից գաղտնի, գիշերը ձեռքով գերեզման է փորում, հողով ծածկում շիրիմի նման, ապա թմբի վերևի անկյունում փոքրիկ փայտե խաչ է ամրացնում` վրան «քարածխով այրած տառեր` «Մերս` Նունիկ», այնուհետև խունկ ծխում դատարկ գերեզմանի վրա. «Էս իմ կողմից… էս քրոջս… էս աղբորս… էս հորս…» (էջ 206): Այնուհետև ձեռագործ աշխատանքի վաճառքից հավաքած փողով քարե խաչ է կանգնեցնում նույն տեղում: Եվ սա սոսկ զգացմունքի ու հույզի դրսևորում չէ, այլ միանգամայն գիտակցված գործողություն: «Իմ էրեխեքը արմատ ու հենարան պիտի ունենան»,- մտածում է Նախշունը (էջ 223), թեև այդ երեխաները թուրքից էին, բայց իրե՛նն էին: Արմատ, ասել է` անցյալ, պատմություն, ազգ: Նախշունի կերպարում խաչաձևվում են գիտակցության, բարոյականության ու հավատի սկզբունքները: Լլկված ու տանջված այդ հայուհին գիտակցում է հայրենի հողում արմատ ունենալու կարևորությունը և իր անբասիր վարքով ապացուցում, որ բարոյականի ըմբռնումը շատ ավելի լայն է, քան միայն մարմինն անեղծ պահելը: «…Հարութը նոր միայն հասկացավ, թե ինչու գյուղի կանայք չսիրեցին Նախշունին. նրանց ապրելու նպատակները տարբեր էին, ընդհանուր բան չկար» (էջ 218): Նա առաջնորդվում է այն սկզբունքով, թե չպետք է թույլ տալ, որ անցյալը սպանի նաև ապագան, բայց կյանքը մի անգամ ևս դավաճանում է նրան` ուղարկելով Սիբիր:
Այս ամենին զուգահեռ` գյուղն ապրում է գուցեև ոչ սովորական, բայց բնականոն կյանքով: Այնուամենայնիվ, դա սովորական կյանք չէ, այլ փակ բնատնտեսության վրա հիմնված, աշխարհից, քիչ է ասել` կտրված, այլ թաքնված մի կենսակերպ, իսկ նրանց աշխարհին կապողը Հարութն է, որն իր եզներով «աշխարհ» է իջնում` ապրանքափոխանակություն կատարելու կամ իր որսած ձուկն ու գյուղացիների ապրանքը վաճառելու համար: Այստեղ էլ մեր կարծիքով, երևան է գալիս գրողի որոշակի բացթողումը: Եթե մի պահ ընդունենք, որ Հարութին իրոք հաջողվել էր ստեղծել նահապետական մի բնատնտեսություն, որտեղ բոլորը անխտիր ենթարկվում էին իրեն, այնուամենայնիվ, գյուղը չէր կարող առանց նկատելի պակասի ապրել (համենայնդեպս, ուտելիք մատնանշող պատկերները հակառակն են ասում), գերմանացի գերիներին էլ գիրանալու աստիճան կերակրել: Այդ գյուղում, որտեղ Աստծո ոտքերը լիզող ժայռերի ծերպերում գարունը ուշ էր գալիս, ամառը կարճ էր տևում, աշնանը քամին էր սուլում, ձմեռն էլ շատ երկար էր, անհասկանալի է, թե ինչպես էր ծառերի վրա խունկ աճում: «Հարութը եզները լծեց էդ օրերին, գնաց Երևան, ծառերի վրայից հավաքած խնկի, աղ դրած ձկան, ոչխարի չորացած երեք փոստի… հետ շաքար ու չթե կտորով փոխանակելու» (էջ 196),- գրում է Հարությունյանը: Գուցե մահից փրկվածների համար դա դրախտավայր էր, իրականում կյանքն այնտեղ պետք է, որ շատ դժվար լիներ: Այն, որ գյուղն ապրում էր ոչ միայն ժամանակից, այլև «աշխարհից» դուրս, ինչ-որ չափով հասկանալի է, բայց ժամանակը վեպում թեև արտաքուստ կանգնած է, սակայն պարզվում է` շատ արագ է թռչում, այն աստիճան արագ, որ 1915 թ. աղետյալները միանգամից, առանց իրենց վիճակված նոր կյանքի անխուսափելի դժվարությունները հաղթահարելու, հայտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակում, մնում է անհասկանալի: Իհարկե, թերևս կարիք չկար առօրյա կյանքի մանրամասներով վեպը ծանրաբեռնելու և ժամանակի ընթացքը դանդաղեցնելու, բայց ստացվում է, որ նոր պատերազմը բարեբախտաբար շրջանցում է գաղթականներին, և նրանք ապրում են իսկապես ժամանակից դուրս և երկար են ապրում: «Գերմանացի գերիները… գյուղում հայտնվեցին քառասունվեց թվին… Գերիների հայտնվելով գաղթականները հիշեցին, որ թուրքերն իրենց կոտորում էին գերմանական զենքով: …Առհասարակ գյուղը չսիրեց գերիներին. շատ էին տարբեր» (էջ 302): Չսիրեց, բայց կերակրեց… Թուրք-գերմանական միասնական մեղքի գաղափարը Հարությունյանն արտահայտել է խորհրդանշական մի պատկերով` ցույց տալով գյուղից հեռացող կենդանի մնացած միակ գերմանացի գերուն` թուրքից սերված Աստղիկի հետ հեռանալիս, սկզբում միասին, հետո` իրարից հեռու: Սակայն աղետյալները դատապարտված են ճակատագրով: Աշխարհի աչքից հեռու ապրող մահից փրկվածներին պատահաբար հայտնաբերում են խորհրդային իշխանությունները և արդեն ոչ պատահաբար ձերբակալում նրանց` Նախշունին մեղադրելով թուրքական լրտես լինելու մեջ (սա ևս ճակատագրի հեգնանքն էր), Հարութին` ամբողջ գյուղը գերի պահելու համար: Նրանց թաքուն գոյությունը նախատինք էր խորհրդային պետության համար, որը հասցրել էր «համարակալել անգամ քարերն ու թփերը, մարդկանց զրույցները, մտքերն ու երազները…» (284): Ճակատագրի հողմը արաբական անապատներից փրկված գաղթականներին նետում է Սիբիրի սառնամանիքների մեջ: Գեղարվեստական ժամանակը ևս վեպում շատ սեղմ է, որի մեջ կարելի է որսալ հետպատերազմյան աքսորների արձագանքը:
«Ագռավները Նոյից առաջ» վեպով Ս. Հարությունյանը մի նոր տեսանկյունից է անդրադառնում Ցեղասպանությունից փրկվածների հետագա ողբերգությանը: Գիրքն ամբողջության մեջ ունի լեզվական և ոճական միասնություն, որը ևս հաստատում է հեղինակի գրողական ձեռագրի ինքնատիպությունը:

———————-
1. Սուսաննա Հարությունյան, Ագռավները Նոյից առաջ, Եր., «Ծիծեռնակ», 2015:

One thought on “ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ / Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։