Զուսպ, անշահախնդիր ու անզիջում՝ գաղափարական համոզմունքներում, սկզբունքային՝ քաղաքացիական դիրքորոշումներում, որոնք ուղղված էին հայության ու հայ պետականության բարելավման ու զորացման նպատակին: Իր ուրույն ասելիքն ու ոճը ունեցող գրող և մտավորական: Ինքնամփոփ, համեստ ու բարի՝ իբրև մարդ և ընկեր:
Այսպիսին կմնա Կամարի Տոնոյանը իր ընկերների ու մտերիմների, բոլոր նրան ճանաչողների հիշողության, վերջին տասնամյակների հայ գրականության տարեգրության մեջ:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԻՐ ՀԱՎԱՏԱՄՔԻՆ
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԳՐՈՂԸ
Նա առանձնահատուկ էր թե՛ իր անհատականությամբ և թե՛ գրականությամբ: Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանի ու հայ ժողովրդի ինքնահաստատման, քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային զարգացման հիմնավոր, հիմնավորված տեսակետներն ուներ, որոնք ձգտում էր ընթերցողական լայն շրջանակներին հասցնել: Մանավանդ որ պաշտոնավարում էր «Գրական թերթումե, որի մի քանի տասնյակ հազարի հասնող տպաքանակը ուրբաթ օրերին սպառվում էր ժամերի ընթացքում: Եվ եթե այդ ուրբաթ անհամեմատ արագ էր սպառվել, միանշանակ կարելի էր հետևցնել՝ Կամարի Տոնոյանը հոդված է տպագրել: Թերևս նա և դա եղավ պատճառը, որ մեր գրչընկերը, լինելով Հրանտ Մաթևոսյան-ՎարդգեսՊետրոսյան-Պերճ Զեյթունցյան սերնդի առանձնացող՝ շատ ընթերցված, շատ սիրված արձակագիրներից մեկը, հեռացավ գրականությունից, տարվեց հրապարակագրությամբ: Կամարի Տոնոյանի նման հրապարակագիր լինելու որևէ այլ զբաղում ունենալ անհնար էր: Հերթական հոդվածը հղանալիս նա ահռելի գրականություն էր հայթայթում, թեման ուսումնասիրում, թեմայի մեջ խորանում, բայց կատարում էր իր ուրույն եզրահանգումներն ու հետևությունները: Ընդ որում, քմահաճ նախասիրություններ չուներ, եթե, ըստ իրեն, հիմնահարցը հրատապ էր, գրում էր քաղաքական, բարոյակրթական, անգամ գյուղատնտեսական հոդվածներ, նյութի նույն՝ մասնագիտական իմացությամբ ու ինքնատիպ մատուցմամբ:
Մերձավորների սերը նման անսակարկ, անհավակնոտ գրողի նկատմամբ խորացավ հատկապես անկախության վերահաստատումից հետո, որովհետև նա այն բացառիկ մտավորականներից մեկը մնաց, որոնք չհրապուրվեցին պաթետիկ ու ուռուցիկ հռետորաբանությամբ, իրենց սկզբունքներին, հավատամքին հավատարիմ մնացին: Եվ երբ զգաց, որ մտայնությունների գաղջ, գորշ ալեբախությունում կարող է անհասկանալի դառնալ, քաշվեց իր այն միակ մտերմիկ անկյունը, որտեղ գրասեղանն էր, անհամար գրքերն էին:
Մենք՝ նրան հանգստարան ուղեկցող հատուկենտ գրչընկերներս, եթե անգամ իրար չէինք խոստովանում, անշուշտ ունեինք մեղքի զգացում: Ցավոք՝ մենք մեր մտերիմներին համապատասխան ուշադրությունը զլանում, մահվան բոթը լսելիս ենք ուշացումով հոգատար դառնում: Շիրմատանը մեր միակ մխիթարությունը այն փսփսուքն էր, որ Կամարին գրասեղանին անտիպ ձեռագրերի տրցակներ է թողել, մինչև ուժերի սպառվելը վերջին ճիգով գրել է: Կկարողանա՞նք նրա գրական ժառանգությունը համակարգել ու հրատարակել՝ այդ կերպ, թեկուզ հապաղումով հայրենանվեր գործունեությունը արժևորել, հիշատակը հավերժացնել:
Ժամանակը ցույց կտա:
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ