Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1971 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91 թթ. աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1985-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-97 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը: 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը: Հեղինակել է բազմաթիվ մենագրություններ, գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության` մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: Հեղինակ է բանաստեղծական տասնյակ գրքերի: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «XX դարասկզբի ռուսական պոեզիա» ժողովածուն: Գրական-թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների: 1984 թ. արժանացել է «Ավանգարդ» թերթի մրցանակի, 1985 թ.` «Գարուն» ամսագրի մրցանակին, 1991 թ.` ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակին` «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար, 2003 թ.` տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու մրցանակին` «Զվարթ գիտություն» գրքի համար և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մրցանակին, 2005 թ.` ՀԳՄ Լևոն Մկրտչյանի անվան մրցանակին, 2007 թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի, 2010 թ.` Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին` «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար: ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է: 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը: Խորին ցավակցություն եմ հայտնում հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ
Հայաստանի գրողների միության վարչությունը խորապես սգում է բանաստեղծ, թարգմանիչ, բանասեր Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահը, ցավակցում է նրա հարազատներին, մտերիմներին, ընկերներին:
ԼՈՒՐԹ ԱՉՔԵՐՈՎ ՀԱՅԵՐԵՆԻ ՔՈՒՐՄԸ
Մեր տղերքը, մեր գրչեղբայրները հեռանում են կյանքից հերթով, իրար հերթ չտալով, ինչ-որ սատանի քամի է պտտվում մեր մեջ, չես հավատում, որ Հրաչյա Թամրազյանն էլ, Հրաչը, լուրթ աչքերով, պայծառ հայացքով Հրաչը, պիտի տրվի հեռացման քմայքներին, ախր, ինքը շտապող չէր, ծանր էր ֆիզիկապես, ավանդապահության ուժով, դասականության հանդեպ խորունկ հարգանքով ու ամուր տոհմիկ արմատներով, որոնք մե՛րթ միջնադարի խորքերն էին պեղում, մե՛րթ ռուսական պոեզիայի ոչ վաղ շրջանի տարբեր, հաճախ իրարամերժ շերտերը տնտղում՝ Մայակովսկի, Եսենին, Պաստեռնակ, և թարգմանաբար հաղորդում հայ ընթերցողին: Հայերենի նվիրյալ քուրմ, բարձր ոճի հավատավոր, իր փորձը հաճախ բազմիմաստ նշաններով շղարշող: Նոր ձևեր փնտրելու ջանք չէր գործադրում, իսկ ինչ գտել էր՝ խոր էր և յուրահատուկ:
Մարդ էր մշտապես կարեկից, դժվար ժամանակի հրատարակիչ և պաշտոնյա ու գիտնական, մի մարդու մեջ խտացած բազում շնորհներ:
Ժամերով լողում էր Սևանում, մի օր ընկել էր որսագողերի ձկնորսական ցանցի մեջ ու ձայն չէր հանում, օգնություն չէր կանչում: Որոշ ժամանակ անց զգացվեց, որ դժվար կացության մեջ է, նավակով հասան ու դուրս բերեցին: Հաճախ նա լռում էր, և այդ լռության մեջ շատ բառ-ձկներ էին թպրտում: Նա շատ բան տարավ չասված, իսկ ինչ ասաց՝ բանաստեղծությամբ հղկված նուրբ ականջի ու մաքուր սրտի համար է:
Բառերով խմում եմ քո կենացը, ընկեր:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՆՐԱ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԴԵՊ…
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա…
Եղիշե Չարենց
Մեր ժամանակներում քիչ են այն մտավորականները, ովքեր մինչև վերջ՝ անկախ հանգամանքներից, հավատարիմ են մնացել իրենց կոչմանը: Հրաչյա Թամրազյանը, ում հետ աշխատանքային գործունեության երկար ճանապարհ եմ անցել, վստահորեն այդ մտավորականներից էր: Եվ ես, անկեղծորեն, բարեբախտություն եմ համարում, որ հենց նա՛ ստանձնեց Մատենադարանի տնօրինությունը 2007 թ. սկսած:
Եվ իսկապես, Թամրազյանը դավանանքի և հավատամքի մարդ էր: Որպես բանաստեղծ՝ անխափան հետևեց մեր պոեզիայի դասական ավանդներին՝ դրանք անընդհատ թարմացնելով միջնադարյան մեր մատենագիրների կենսունակ ավիշով: Արդեն նոր ժամանակներում նա մեր բանաստեղծություն բերեց դարերով բյուրեղացած հայի քրիստոնեությունը թե՛ իր առաքելական արմատներով, թե՛ իր անզիջում ավանդապահությամբ և թե՛ ազգի ինքնությունը հաստատող ու վերահաստատող հարասություններով: Սա մի համադրություն էր, որ հույս էր ներշնչում, քանի որ Թամրազյանի գաղափարաբանության հիմքում մարդու ազնիվ կերպարն է՝ ի հակադրություն իրականության մեջ ծաղկող ստորության, սերն է՝ ի հեճուկս ծավալվող ատելության, և հավատը՝ ի հակադրություն հոգևոր աղանդավորության: Թամրազյանն իր ողջ գրականությամբ, ինչպես Գրիգոր Նարեկացին, աղոթում էր մեզ համար, հորդորում էր մեզ հղկել ու կատարելագործել ներքին մարդուն, պատգամներ էր հղում մաքրագործելու և մաքրագործվելու, պատվիրում էր տեսնել բարին և մերժել չարը, և անգամ չարամիտներին դարձի բերելու մեծ հավատ ուներ: Ընկերական մեր զրույցները միայն մեկ ատաղձ ունեին՝ մարդու բարոյական նկարագիրը, որտեղ բանաստեղծը, թարգմանիչը, գիտնականը, պետական գործիչը ներդաշնակվում էին զարմանալիորեն, միասնական էին դառնում և անբեկանելի՝ ամեն տեսակի արդարացումների հանդեպ:
Գրական ասպարեզ իջնելով 20-րդ դարի 80-ական թվականներին՝ Թամրազյանը բանաստեղծական խոսքի նորարարական իմաստաբանության հիմնադիրներից մեկը եղավ: Թամրազյանի բանաստեղծական աշխարհը հայոց լեզվի և գրականության բազմաթիվ նոր երակների բացահայտման և զարգացման կենսունակ ուղեցույց դարձավ: Ըստ էության, Թամրազյանն ընտրեց բանաստեղծելու ամենադժվար եղանակը, քանի որ ավանդական ձևերի մեջ նորարար լինելը բովանդակային հզոր լիցքերի վկայությունն է:
20-րդ դարում ձևավորված բանաստեղծական խոսքի գերիրապաշտական բազմաթիվ հոսանքներ են ներառված Թամրազյանի պոեզիայում, սակայն ոչ թե որպես պարզ հետևողություն կամ ոճավորում, այլ որպես մեկնակետ և հայացք, որպես արձագանք ժամանակակից կյանքի իրողություններին: Այս առումով Թամրազյանի բանաստեղծությունը նոր հանգրվանների և տարածքների նվաճման վառ օրինակ է: Ասվածի վկայությունն է նաև այն փաստը, որ Հր. Թամրազյանը թարգմանել և հրատարակել է 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծության ականավոր ներկայացուցիչների՝ Բ. Պաստեռնակի, Ս. Եսենինի և այլոց երկերը, ինչպես նաև կազմել և հրատարակել է «XX դարասկզբի ռուսական պոեզիա» ժողովածուն, որը ծրագրային հայտ էր գրականությունը վերակենդանացնելու՝ Թամրազյանի դավանած նոր սկզբունքների:
Անկասկած, Թամրազյանը գաղափարի նվիրյալ էր, և, որպես գիտնական ու բանասեր, իր գիտական գործունեության ողջ ընթացքում մեղվաջան աշխատում էր՝ շրջանառության մեջ դնելով նորանոր մոտեցումներ և հիմնարար մեկնակետեր՝ մասնավորապես նարեկացիագիության և 10-րդ դարի հայ մատենագրության ուսումնասիրման բնագավառում: Վկա՝ վերջին տարներին լույս տեսած 10-րդ դարի մատենագրությունն ամփոփող «Մատենագիրք Հայոց» մատենաշարի երկու ստվարածավալ հատորները, որոնց կազմողն ու խմբագիրն է Հր. Թամրազյանը: Այս հատորներում, ի թիվս բանասիրությանն հայտնի երկերի, բազում նորահայտ բնագրեր են հրատարակվել, որոնք արմատապես փոխում են մեր պատկերացումները այդ շրջանի հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին:
Հր. Թամրազյանը նոր հանգրվանների ջատագով էր: Մատենադարանում վերջին տարիներին կատարված արմատական փոփոխությունները հիմնականում պայմանավորված են այնպիսի հիմնարար ծրագրերի իրականացումով, ինչպիսիք են՝ գիտատեխնիկական նոր բաժինների ստեղծումը, սերնդափոխության խնդիրը լուծելու նպատակով երիտասարդների մեծ ներհոսքի ապահովումը, ֆոնդային և վերականգնողական աշխատանքների արդիականացումը, արտերկրի գիտական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ձեռագիր հավաքածուների թվայնացման աշխատանքների կազմակերպումը, թանգարանային համալիրի ընդլայնումն ու արդիականացումը, և այլ բազում ծրագրերի ոգեշնչման ու կազմակերպման անխոնջ, ամենօրյա սատարողն էր Թամրազյանը: Հատկապես ձեռագրային ֆոնդի հարստացման գործում այդ տարիներին աննախադեպ արդյունք գրանցվեց: Մատենադարանի ձեռագրային հավաքածուն Հր. Թամրազյանի տնօրինության տարիներին ավելացավ շուրջ 2000 միավորով, իսկ ձեռք բերված արխիվային վավերագրերի թիվն անցնում է 30000 միավորից: Սա վկայությունն է Թամրազյանի անկասելի վարչարարական շնորհի: Վարչարարություն, որ տվյալ դեպքում հիմնված է աշխատանքային առողջ մթնոլորտի ստեղծման գերակայության վրա:
Հրաչյա Թամրազյանն այս անհոգի ժամանակներում մշակույթի պաշտպանի վառ օրինակ եղավ մեզ համար. դա է նրա հաղթանակը մահվան հանդեպ…
Գուրգեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
«ՍԱԿԱՅՆ ՍԱ ՕՐՎԱ ՎԱԽՃԱՆԸ ԴԵՌ ՉԻ»…
Օրեր առաջ էր, Բեյրութի «Կամար» հանդեսի 25-րդ համարի լույսընծայման կապակցությամբ, մեկ անգամ ևս թերթում էի հանդեսի հավաքածոյի էջերը: 2015-ի նյութերի մեջ ուշադրությունս գրավեց Հրաչյա Թամրազյանի՝ 2014 թվականին գրված բանաստեղծությունը: Հատկապես վերջին քառատողը՝
Ամեն ինչ պիտի սկսել նորից,
Թե չէ քայլ առ քայլ հասնում ես վերջին,
Սարդոստայնի պես քանդվում է օրն իմ,
Սակայն սա օրվա վախճանը դեռ չի…
Մի տեսակ, կանխագուշակության էր նման, ներքնատեսության, որում վերջի, քանդվող օրվա տրտմաթախիծ զգացողությունը ցողվում էր վախճանի դեռևս հեռու լինելու հավատով: Հրաչյա Թամրազյանը հենց այդպես էլ ապրեց իր կյանքը՝ երկրային անցավորի ու հավերժական անանցի սահմանագծին, սկզբի ու վերջի հարաբերականության ըմբռնումով, ինչի արտացոլումն է իր եթերային ու խորունկ պոեզիան: Ահա թե ինչու այդքան հոգեհարազատ էր նրան նարեկացիական աշխարհը, որի քննությանն ու սեփական մեկնաբանությանը նվիրեց գիտական բազում էջեր, ընդհանրապես հայ միջնադարյան գիտական ու բանաստեղծական հունձքը, ձեռագրային մասունքները, որոնց պահպանումն ու հետազոտությունը իր կյանքի գործն էր համարում: Բուռն ու լի էր նրա կյանքը, վաստակը՝ մեծ: Ուրեմն, այսօր ևս վստահորեն կարող ենք ասել՝ «Սակայն սա օրվա վախճանը դեռ չի»՝ քանի նա կենդանի է մեր սրտերում, քանի կմնան իր Գործը ու Գիրը՝ հիշատակող…
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ԽՈՐՔՈՎ ԷՐ ԶԳՈՒՄ
Հրաչյա Թամրազյանի մահվան լուրը խորապես ցնցեց ինձ: Հիշում եմ նրան ու մտածում՝ շատ գեղեցիկ էր ճախրում մեր սերունդը, երբ բոլորս միասին էինք:
Հրաչյայի այս անսպասելի, այս դաժան վախճանը կարծես թե իրենով ուրվագծեց մեր երևելի տղաների հեռացման տառապանքը՝ Հովհաննես Գրիգորյան, Լևոն Խեչոյան, Արմեն Մարտիրոսյան, Հրաչյա Սարուխան, Դավիթ Հովհաննես և ուրիշներ:
Մենք մտերիմներ ենք եղել դեռևս պատանեկան տարիներից: Շատ անմոռանալի օրեր ենք անցկացրել Արցախում՝ անզուգական Հրաչյա Բեգլարյանի ընկերակցությամբ, որին նա մտերմաբար ֆեոդալ էր անվանում:
Վերջին անգամ երբ խոսեցինք հեռախոսով, ասաց, որ անակնկալ ունի Ղարաբաղի համար, և այդ խոսակցությունից մեկ տարի հետո, երբ եկավ Արցախ, Գանձասարում հանդիպեցինք՝ Մատենադարանի մասնաճյուղի բացման արարողության ժամանակ: Այստեղ ես, Մատենադարանի համար, Հրաչյային հանձնեցի Արցախի վառված վանքերից մեկում փրկված մի ձեռագիր ժողովածու՝ կաշվեկազմ, առանձին թերթեր արյունոտ ու ջնջված, ուշ միջնադարի մեր ծաղկողների կողմից զարդանախշված: Ուրախացավ: Խոսեցինք կյանքի ու մահվան մասին, ասաց. «Պիտի հավատանք ապրվող օրվան, այլապես ամեն ինչ իր իմաստը կկորցնի»:
Գանձասարում մենք բավականին զրուցեցինք, հիշեցինք մեր հանդիպումները, մեր գրական առնչությունները: Իմ «Սոսե» գիրքն ինքն է խմբագրել «Սովետական գրող»-ում:
Հրաչյա Թամրազյանը շատ պայծառ մարդ էր, շատ խորը մտավորական, և ամեն ինչ խորքով էր զգում, դրսևորում, ապրում՝ առանց դրանք ցուցադրելու:
Երբեք մտքովս չանցավ, որ Գանձասարի հանդիպումը մեր վերջին հանդիպումն էր լինելու:
Հիմա մեր միակ մխիթարությունն այն է մնում, որ Հրաչյա Թամրազյանը թողել է բավականին լուրջ գրականություն՝ իր սերնդի մեջ յուրովի առանձնանալով բարի նվիրումի հիշատակներով, կատարածի վեհությամբ: Նա իր ժողովրդի համար, իր շրջապատի համար արել է անհնարինը:
Հրաչյան իր գեղեցիկ, խաղաղ ու կապույտ աչքերով երկինքն ասես հայացնում էր: Այդ կապույտի մեջ այնպիսի հմայք կար, այնպիսի լույս, որ չես էլ հավատա, թե այդ անընկճելի կապույտը կարող է մարել:
Նրա գրչի կրակը անմարելի է:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
***
Թեև «ի՞նչ է մահը» հարցը արտաքին պատասխան չունի, մենք, համենայն դեպս, դրա մի լուծումը ի զորու ենք փնտրել «ի՞նչ է մարդը» հարցով. Հրաչյա Թամրազյանի պարագայում վերջինիս պատասխանները կարող են այնքա՜ն բազմազան լինել. բանաստեղծ, թարգմանիչ, գիտնական, հրատարակիչ, կազմակերպիչ, ի վերջո, ընտանիքի հայր, եղբայր, ընկեր և այլն… Բայց այս ամենը ոչինչ է, եթե թվարկածս բոլորը հենց «մարդու» արտազեղումներն ու ածանցյալները չեն, և այդ ամենը իմաստ ու կշիռ է ստանում միայն այն դեպքում, երբ մարդու ճառագայթումն է:
Ես վստահ եմ, որ գրականագիտությունը և գիտությունը դեռ կանդրադառնան այն հսկայական բանաստեղծական և գիտական ժառանգությանը, որը թողել է Հրաչյա Թամրազյանը: Այսօր, հրաժեշտ տալով նրան, ես ուզում եմ ասել, որ ժամանակակից հայ բանաստեղծությունը հրաժեշտ է տալիս մի բանաստեղծի, ով այդ բանաստեղծության համար հայտնագործեց յուրօրինակ մի լեզու և գտավ դրա մարմնավորման խիստ ինքնատիպ հնարավորություններ: Իր թեմաներով, ռիթմերով, պատկերային համակարգով, իր անդրադարձներով ու լուծումներով մեր բազմադարյան բանաստեղծության համայնապատկերում դա արդեն անուրանալի փաստ է, նրա գեղեցիկ իրադարձություններից մեկը:- Ժամանակակից և գալիք նարեկացիագիտությունը այլևս չի կարող լինել առանց Հրաչյա Թամրազյանի հիմնարար ուսումնասիրությունների:- Մատենադարանի` նրա նախորդ երախտավորներով ապահովված տասնամյակների գործունեության մեջ նրա ջանքերով այլևս ապահովված է մի ներուժ, որը նաև բազմաթիվ երիտասարդ գիտնականների ուրախալի առկայությամբ նորանոր հնարավորություններ է բացում իր տեսակով և գործառույթներով մեր ժողովրդի և հայագիտության համար եզակի այս հաստատության հետագայի համար:- Իսկ մենք, նրա ընկերները, որ եղբայրական կապերով էինք կապված նրա հետ, այսուհետև ապրելու ենք կյանքում և պարզ ու սովորական կենցաղում այն էներգիայի լիությամբ, որը կոչվում էր Հրաչ: Փառք Աստծու, որ մարդուն տրված է հիշողությունը. այնտեղ անսահման է մեր եղբոր նվաճած տարածությունը, որտեղ մենք ամեն անգամ և ամեն առիթով հանդիպելու ենք նույն ազնիվ, սկզբունքային, կենսասեր, իր գործին ու կոչումին նվիրված և իր գործն ու կոչումը պանծացրած մի մարդու և վայելելու ենք նրա հիշողական ներկայությունը. մեր հետագա կյանքն ու գոյությունը առանց Հրաչյա Թամրազյանի պատկերացնելը պարզապես անհնարին ու անիմաստ է:
«Ապրելու համար դու դեռ չես մեռել» գնոստիկական խոսքը իր մեջ շատ մեծ իմաստ ունի. հենց այդ իմաստով է, որ որոշվում է մարդու անմեռությունը: Մարդու բուն կյանքը` անանցողիկը, սկսվում է մահվանից հետո, և քչերն են, որ իրենց մահից հետո չեն մեռնում: Հայտնության գիրքը ասում է` երկրորդ մահ: Մենք բոլորս մահկանացուներ ենք և մի օր բռնելու ենք այն ճանապարհը, որը մեր եղբայրը վաղաժամ բռնեց այսօր: Սա մեր ընդհանուր բնախոսական և կենսաբանական վախճանն է: Բայց երջանիկ են նրանք, ում բուն կյանքը սկսվում է իր մահվանից հետո: Ով Հայտնության ասած «երկրորդ մահը» չի մեռնում: Ով արժանանում է ապրելու հարատևին: Ով արժանանում է իր հետմահուին: Հրաչյա Թամրազյանի պարագայում սա դիպուկ ընկալում է. մեր ընկերոջ ողջ կյանքն ու գործունեությունը դրա մեջ մտնելու մի անձնագիր է: Նա մեզ իրավունք է տվել ահա այս ակնկալմամբ այսօր հրաժեշտ տալ իրեն և ասել. քո դեպքում, սիրելի եղբայր, մահը շատ պայմանական մի բան է. «թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» պատգամի կողքին քեզնով ու քո նմաններով մի ուրիշ պատգամ է բացվում. «Թող ապրողները իրենց սրտերում հավերժ կյանք շնորհեն իրենց ապրողներին»: Այս ակնկալմամբ քեզ հրաժեշտ տալով` մենք քեզ ողջունում ենք մեր սրտերում և քո երկրորդ ու անանցողիկ կյանքում այսուհետև քո անմեռ գոյության համար:
Հակոբ ՄՈՎՍԵՍ
***
Մահվան գույժը լսելով՝ միանգամից պատկերացրի, որ հիմա ֆեյսբուքյան ու ամեն տեսակ լրահոսում անընդհատ կերևա Հրաչյա Թամրազյանի լուսանկարը, ու ինքս իմ հերթին համացանցում լուսանկար որոնելիս, հասկացա, որ չկա որևէ լուսանկար, որ Հրաչի ամբողջ էությունը, մարդկային կերպարն ու, ամենակարևորը՝ հոգու լույսն արտացոլի: Ոչ մի լուսանկար չկար, որում նրա աչքերը երևային նույնքան զարմանալիորեն կապույտ ու զուլալ, ինչպես իրականում էր, ոչ մի լուսանկար չէր փոխանցում այն հոգեպարար թեթևությունը, որ զգում էիր Հրաչի կողքին թեկուզև լուռ նստելիս…
Ու հասկացա, որ լուսանկարներով, անգամ տեսաձայնագրություններով մարդուն հիշողության մեջ պահելը ապարդյուն ջանք է, քանզի ոչ մի տեխնոլոգիական առաջընթացի արգասիք չի կարող պահպանել ու փոխանցել այն, ինչ զգում, ապրում ու վայելում ես անմիջական շփումների պահին, չի կարող վերարտադրել այն, ինչը, սովորաբար, կոչում ենք էներգետիկ դաշտ, մանավանդ՝ երբ Հրաչյա Թամրազյանի պես անհատականության մասին է խոսքը…
Ու հիմա մտածում եմ՝ այդ ի՞նչ լուսանկար կամ տեսաձայնագրությունը պետք է լինի, որ կարողանա հարազատորեն փոխանցել հատկապես Հրաչի յուրահատուկ լռությունը, նրա խորունկ հայացքը՝ չգիտես ինչ հեռուներ ընդգրկող ու չգիտես ինչ «վերին այեր» տեսած…
Ու հիմա ականջներումս նրա մեղմ ու կարծես միջնադարի հարասություններ բարբառող ձայնն է, որի յուրաքանչյուր հնչերանգ կարծես գուժում է, թե հեռացավ ևս մեկ ազնվական, ում տեսակը այնքան պակասում է մեզ, և ում ներկայությունը սպառնում է հավերժական բացակայություն դառնալ…
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ